ՀՀ բնապահպանության նախարարությունը պետության շահերը չի պաշտպանում
2008 թվականի մայիսի 29-ին Թեղուտի խնդրով հանդիպեցինք ՀՀ վարչապետի հետ: Հանդիպման նախաձեռնողը, հենց ինքը` վարչապետն էր: Մոտ մեկ ժամ տեւած քննարկումը հուսադրող էր: Վարչապետը ուշադրությամբ լսում էր հրավիրվածներին` նշումներ կատարում, հարցերով ճշտում-հստակեցնում ներկայացվող խնդիրը: Ավարտին վարչապետը խոստացավ մի քանի օր հետո քննարկումը շարունակել, իսկ այդօրվա քննարկման ընթացքում ձեւավորված հարցերը ներկայացնել համապատասխան գերատեսչություններ` մասնագիտական կարծիք ունենալու համար:
Մենք վարչապետին ասացինք, որ մեր բողոքը ուղղված է ՀՀ բնապահպանության նախարարության դեմ եւ առայսօր այդ նախարարությունը Թեղուտին վերաբերող հարցերին միշտ տվել է շրջանցող, մոլորեցնող, կողմնակալ պատասխաններ եւ անընդունելի է, որ միայն այդ նախարարությունը պատասխանի մեր հարցադրումներին:
Վերջերս ստացանք ՀՀ վարչապետին ներկայացրած մեր հարցերի պատասխանները (հետայսու` Պատասխան): Պատասխան փաստաթղթի կազմող-կատարողն է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանը: Այդ փաստաթուղթն իր ստորագրությամբ շրջանառության մեջ է դրել ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:
Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ վարչապետին ներկայացրած մեր հարցադրումները եւ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից դրանց տրված պատասխանները.
Հարցադրում 1.1 -Նախագծում հանքաքարի, մակաբացման ապարների, արտադրական ու կենցաղային թափոնների, ծախսվելիք ջրի, վառելիքի, կորզվելիք մետաղների ծավալները հաշվարկված են 25 տարվա համար, մինչդեռ հողերին, ջրային համակարգերին, բուսական ու կենդանական աշխարհին հասցվելիք վնասները ներկայացված են միայն հանքարդյունահանման առաջին փուլի` 8 տարվա համար.
Պատասխան -«Քանի որ հանքավայրի շահագործումը նախատեսված է իրականացնել մի քանի փուլերով, իսկ հողերի խախտմանը, բուսականությանը, կենդանական աշխարհին, ջրային ռեսուրսներին համայնքային հողերին հասցվելիք վնասները ընդամենը կանխատեսվող մեծություններ են, ապա հնարավոր մեծ սխալներից խուսափելու համար՝ Թեղուտի հանքավայրի շահագործման նախագիծը ներկայացվել է միայն առաջին փուլի համար, այսինքն՝ 8 տարվա կտրվածքով: Փորձաքննության ենթարկվել է միայն հանքավայրի շահագործման 1-ին փուլի նախագիծը: Հանքավայրի շահագործման 2-րդ փուլի համար կկատարվի նոր նախագիծ եւ կներկայացվի փորձաքննության»:
Ինչպես երեւում է Պատասխանից, ՀՀ բնապահպանության նախարարությունը հարցին գիտականորեն հիմնավորված պատասխան տալու փոխարեն, փորձում է կոծկել ACP («Արմենիան Քափըր Փրոգրամ») ընկերության կողմից թույլ տրված կոպիտ խախտումը եւ, չվախենալով պատասխանատվությունից, հարցին տալիս է անհեթեթ ու ծիծաղելի պատասխան:
ՀՀ բնապահպանության նախարարությունը գրած` «փորձաքննության ենթարկվել է միայն հանքավայրի շահագործման 1-ին փուլի նախագիծը», պետք է ձեւակերպված լիներ հետեւյալ կերպ` «փորձաքննության ենթարկվել է միայն հանքավայրի շահագործման 1-ին փուլի ՇՄԱԳ-ը եւ նախագիծը»:
Զարմանալի է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն այս հարցում ոչ միայն արհամարհում է անկախ փորձագետների եւ հասարակական կազմակերպությունների տեսակետներն, այլեւ անտեսել է նաեւ ՀՀ վարչապետի` այսինքն այն կառույցի գլխավորի, որի կազմում եւ ինքն է ընդգրկված, կարծիքը: Այսպես, ՀՀ վարչապետի հետ երկրորդ հանդիպման ժամանակ (29.05.2008թ.), երբ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ընթերցեց սույն հարցադրման պատասխանը, վարչապետը վրդովմունքով ասաց, որ ծրագիրը պետք է ամբողջությամբ ներկայացվի եւ այս հարցում ճիշտ է հասարակական կազմակերպությունների տեսակետը, իսկ բնապահպանության նախարարության տեսակետը` սխալ: Հետեւաբար, պետք է կազմվի ամբողջ ծրագրի` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը եւ ներկայացվի փորձաքննության: Հայտնի է, որ ծրագրի միասնական-ամբողջական վերլուծությունից հետո է միայն հնարավոր գնահատել ծրագրի իրականացման կամ կասեցման նպատակահարմարությունը:
Հարցադրում 1.2 -Հասցվելիք վնասի գնահատումը կատարվել է խիստ նվազեցված հաշվարկներով: Օրինակ` բացհանքի անտառային տարածքի ավերման հետեւանքով վնասը յուրաքանչյուր հեկտարի հաշվով գնահատվել է` ընդամենը 28 000 դրամ (1 քառ.մ-ը` 2.8 դրամ), այն դեպքում, երբ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքով այդ նույն անտառային հողերում արդյունաբերական թափոններ տեղադրելու համար տուգանքը մեկ հեկտարի համար սահմանված է 100 մլն դրամ, իսկ ապօրինի խոտհունձի համար` 300 հազար դրամ: Նախագծում` կառուցվելիք արհեստական լճակի համար հատկացված տարածքի 1 հեկտարը գնահատվել է 8 հազար դրամ (1 քառ.մ-ը` 0.8 դրամ):
Պատասխան -«Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքով սահմանված վնասի հատուցման սակագների կիրառումը բնությանը պատճառված վնասի գնահատման համար ճիշտ չէ, քանի որ դրանք, ինչպես բխում է նշված օրենքի վերնագրից եւ համապատասխան հոդվածներից, նախատեսված են բնապահպանական օրենսդրության իրավախախտումների համար /կիրառված են որպես պատժամիջոց, այսինքն, ավելի բարձր են գնահատված, քան պատճառված իրական վնասը/, իսկ Թեղուտի հանքավայրի շահագործման օրինակում «ACP» փակ բաժնետիրական ընկերությունը հանդես է գալիս որպես օրինական բնօգտագործող եւ այդ նկատառումներով ապօրինի բնօգտագործման համար, գործնականում որպես պատժամիջոցի չափ հաշվարկելու համար կիրառվող սակագները, իրավական տեսանկյունից սխալ է օգտագործել բնությանը պատճառված վնասի հաշվարկման համար:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` վնասի հատուցման չափը կարող է որոշվել միայն ելնելով պատճառված իրական (փաստացի) վնասի եւ չստացված եկամուտի գնահատման արդյունքում որոշված արժեքից (գումարից), այլ ոչ թե հատուցման կոնկրետ սակագներից, ինչպես սահմանված է «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ գործող օրենքով:
Տեղեկանքում բերված հիմնավորումները սխալ են եւ չեն բխում նախագծում ներկայացված հաշվարկներից: Օրինակ, բացահանքի տարածքում անտառի հատումից հասցված վնասը (աշխատանքային նախագիծ, հատոր 7, էջ 76, աղյուսակ 6.4.4) կազմել է 828 մլն. 248 հազ. դրամ: 1 հա-ի հաշվով վնասը կազմում է 12 մլն. 742 հազ. դրամ, 1 քմ-ի հաշվով վնասը կազմում է 1274.2 դրամ: Այսինքն տեղեկանքում բերված թիվը 455.1 անգամ նվազեցված է: Նախագիծը հանքավայրի տարածքում չի ենթադրում ապօրինի հատումներ, խոտհունձ, թափոնների տեղադրում կամ որեւէ այլ ապօրինի գործունեություն: Լճակի համար հատկացված 5 հա տարածքի ծառերի հատումից հասցված վնասը (աշխատանքային նախագիծ, հատոր 7, էջ 75, աղյուսակ 6.4.3) կազմում է 201 մլն. 333 հազ. դրամ, 1 հա-ի համար՝ 40 մլն 266 հազ. դրամ, իսկ1 քմ-ի համար՝ 4026.7 դրամ:
Շրջակա միջավայրին հասցվող գումարային վնասը` ըստ նախագծի հաշվարկների, կազմում է մոտ 2.1 մլրդ դրամ, իսկ շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցառումների գումարը՝ մոտավորապես 8 մլրդ դրամ»:
ա. Պատասխանից հասկացվում է, որ Բնապահպանության նախարարության աշխատակիցները` փաստաթուղթը կազմող Արամ Գաբրիելյանը եւ այդ փաստաթուղթը ստորագրող Սիմոն Պապյանը ուշադրությամբ չեն կարդացել ACP Արմենիան Քափըր Փրոգրամ ընկերության կազմած Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում»-ը (ՇՄԱԳ) եւ «Աշխատանքային նախագիծ»-ը: Եթե նրանք լրջորեն կարդային այդ փաստաթղթերը, ապա կտեսնեին, որ օրինակ, «անտառային հանդակների օտարացումից հասցված վնասը» հաշվարկված է հենց նույն` «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքով (տես` ՇՄԱԳ, էջ 140-143, Աշխատանքային նախագիծ, հատոր 7, էջ 73-75): Այսինքն` ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներն տվյալ խնդրում նաեւ անտեղյակի տպավորություն են թողնում: Նրանք պետք է իմանան, որ նշված օրենքի սակագները վերաբերում են միայն բնությանը հասցրած վնասի հատուցմանը, երբ հայտնի է, որ իրավախախտում կատարողից, տվյալ դեպքում, նաեւ առգրավվում է փայտանյութը- հասցված նյութական վնասի արժեքը, դրա հետ մեկտեղ` ենթարկվում է պատասխանատվության (վարչական, քրեական): Հետեւաբար, Պատասխանում բերված` ավելի բարձր են գնահատված, քան պատճառված իրական վնասն է, արտահայտությունը անհիմն է եւ իրականությունից հեռու:
Կարելի է համաձայնել ՀՀ բնապահպանության նախարարության միայն այն տեսակետի հետ, որ ապօրինի բնօգտագործման համար, գործնականում որպես պատժամիջոցի չափ հաշվարկելու համար կիրառվող սակագները, իրավական տեսանկյունից սխալ է օգտագործել բնությանը պատճառված վնասի հաշվարկման համար: Սակայն մի վերապահումով. մեր կարծիքով, օրինական բնօգտագործման այն դեպքերում, երբ բնությանը հասցվում է անդառնալի կորուստներ, ինչպես օրինակ` բացհանքի կամ մակաբացման ապարների եւ պոչամբարի համար նախատեսված տարածքների կամ այդ նույն նպատակով` անտառահատումների պարագայում նշված գործողություններն իրականացնելիս հասցվելիք վնասի չափերը կարող են բազմակի գերազանցել ապօրինի բնօգտագործման դեպքում սահմանված սակագներին:
բ. Բացհանքի համար նախատեսված անտառային հողերի մեկ հեկտարին հասցվելիք վնասի չափը` 28 հազար դրամը (մեկ քառակուսի մետրը` 2,8 դրամ) կամ արհեստական լճակի դեպքում` մեկ հեկտարինը 8 հազար դրամը (մեկ քառակուսի մետրը` 0,8 դրամ) մենք վերցրել ենք Աշխատանքային նախագծի «Հողերի խախտումից հասցված վնասի հաշվարկ» 6.4.2 աղյուսակից (հատոր 7, էջ 72): Եվ թվում էր, որ ՀՀ կառավարությունը պետք է անընդունելի համարի անտառային հողերին հասցվելիք վնասի այդպիսի չնչին գնահատումը: Սակայն, ՀՀ բնապահպանության նախարարությունը, մեզ համար բացարձակորեն անսպասելի, գրում է, որ «Տեղեկանքում բերված հիմնավորումները սխալ են եւ չեն բխում նախագծում ներկայացված հաշվարկներից: Օրինակ, բացահանքի տարածքում անտառի հատումից հասցված վնասը (աշխատանքային նախագիծ, հատոր 7, էջ 76, աղյուսակ 6.4.4) կազմել է 828 մլն. 248 հազ. դրամ: 1 հա-ի հաշվով վնասը կազմում է 12 մլն. 742 հազ. դրամ, 1 քմ-ի հաշվով վնասը կազմում է 1274.2 դրամ: Այսինքն տեղեկանքում բերված թիվը 455.1 անգամ նվազեցված է»:
Այսպիսի պատասխանը շատերի մեջ թերեւս կարծիք ստեղծի, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը հիմնովին ջախջախել է հարցադրումը, սակայն խնդրին որոշ չափով տեղյակները հեշտությամբ կհամոզվեն, որ այդպիսի պատասխանով Նախարարությունը ջախջախել է հենց ինքն իրեն, միաժամանակ վարկաբեկվել, այն առումով, որ չհիմնավորված ծրագիրը իրականացնելու` Արմենիան Քափըր Փրոգրամ ընկերության շահերը պաշտպանելու համար, դիմել է բացահայտ կեղծիքի.
Այսպես, ՀՀ բնապահպանության նախարարությունը ծառահատումներից հասցվելիք վնասը վերագրում է հողերի խախտումից սպասվելիք վնասին եւ հարյուրավոր անգամ սխալ է «գտնում»: Նաեւ` 6.4.4 աղյուսակը ոչ թե բացահանքի տարածքում անտառի հատումից հասցված վնասին է վերաբերում, ինչպես բնապահպանության նախարարությունն է ներկայացնում, այլ դա «պոչամբարի տակ հատկացված տարածքի ծառահատումների հաշվեգնահատման ամփոփագիր» աղյուսակն է (Այդ աղյուսակում վնասի չափը ոչ թե 828 մլն. 248 հազ. դրամ է, այլ ընդամենը 376 մլն 240 հազար դրամ): Ինչպես նաեւ` առաջին հերթի բացհանքի տակ հատկացված տարածքի ծառահատումների հաշվեգնահատման ամփոփագիրը ներկայացված է Աշխատանքային նախագծի 6.4.5 աղյուսակում, որի տողերի գումարումից ստացվում է ոչ թե 828 մլն. 248 հազ. դրամ, այլ` 816 մլն 544 հազար դրամ: ՀՀ բնապահպանության նախարարությունը նույնը կատարել է նաեւ արհեստական լճակի համար հատկացված տարածքի առումով: Մեր այն հարցադրմանը, որ այդտեղ 1 մ2 անտառային հողին հասցվելիք վնասը գնահատվել է ընդամենը 0,8 դրամ, ՀՀ բնապահպանության նախարարությունը, իրեն բնորոշ մոլորեցնող վարժանքներով, այդ տարածքում նախատեսվող ծառահատումներից առաջացող գումարը (տես` «Արհեստական լճակի տակ հատկացված տարածքի ծառահատումների հաշվեգնահատման ամփոփագիր», աղյուսակ 6.4.3) վերագրել է հողերի խախտումին եւ ստացել` 1 քառակուսի մետր հողի հաշվով` 4026.7 դրամ:
ՀՀ բնապահպանության նախարարությունը, զարմանալի հետեւողականությամբ, չի ցանկանում տեսնել Աշխատանքային նախագծի «Հողերի խախտումից հասցված վնասի հաշվարկ» աղյուսակը (6.4.2), փոխարենը մոլորեցնող հորինվածքներ է ստեղծում (աճպարարություն` պետական-գերատեսչական մակարդակով):
Ինչպես տեսնում ենք, ՀՀ բնապահպանության նախարարության այն տեսակետը, թե «Տեղեկանքում բերված հիմնավորումները սխալ են եւ չեն բխում նախագծում ներկայացված հաշվարկներից», իրականությունից հեռու է: Այստեղ «սխալ են»-ը ճիշտ եւ ճիշտ վերաբերում է ՀՀ բնապահպանության նախարարության անունից Պատասխան կազմողներին ու շրջանառության մեջ դնողներին:
Մենք պնդում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը, ճիշտ է` ինքը չի ստորագրել Պատասխան փաստաթուղթը, բայց որպես բնապահպանական գերատեսչության ղեկավար, նախ, պետք է ներողություն խնդրի հասարակությունից նշված «սխալ են»-ի համար, քանզի դրանով նաեւ ոտնահարվել է Հարցադրումներ կազմողների արժանապատվությունը:
Միայն քննարկվող այս մի հարցի առումով, հստակորեն կարելի է ասել, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները, որոնք պետական գանձարանից աշխատավարձ են ստանում, որպեսզի իրավական-գիտական հիմքեր ունեցող փաստաթղթեր կազմեն եւ պաշտպանեն պետական շահերը, իրականում փաստերը նենգափոխելով ու կեղծելով լծված են Արմենիան Քափըր Փրոգրամ ընկերության շահերի պաշտպանության գործին:
Նաեւ` ՀՀ բնապահպանության նախարարին ցանկանում ենք հիշեցնել, որ ՀՀ վարչապետին ներկայացրած մեր հարցադրումներում որեւէ խոսք չկա այն մասին, որ իբր Նախագիծը հանքավայրի տարածքում ենթադրում է ապօրինի հատումներ, խոտհունձ կամ որեւէ այլ ապօրինի գործունեություն: Ուրիշ հարց է, որ Նախագիծը ապօրինություն ու կեղծիք է պարունակում, որի մասին բազում հրապարակումներ են եղել:
Նշենք նաեւ, որ Տեղեկանքում բերված` Շրջակա միջավայրին հասցվող գումարային վնասը` ըստ նախագծի հաշվարկների, կազմում է մոտ 2.1 մլրդ դրամ հավաստումը պետք է վերանայվի, քանզի նշված թիվը միայն տարեկան հասցվելիք վնասն է:
Հարցադրում 1.3 -Թերի է կատարված ձկնաշխարհին հասցվող վնասի գնահատումը: Ըստ նախագծի, Շնող գետում եւ դրա վտակներում տարեկան արդյունագործական որսի համար առկա ձկնապաշարը կազմում է 130 կգ, որի ոչնչացման համար հատուցվելիք վնասը ներկայացված է ընդամենը 175000 դրամ: Այս հաշվարկը կատարվել է ձկնատեսակների շուկայական գների հիման վրա (կիլոգրամով), ինչը հակասում է «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պահանջին` ըստ որի կենդանատեսակների ոչնչացման դեպքում վնասները հաշվարկվում են կենդանու յուրաքանչյուր միավորի համար` անկախ դրանց տարիքից:
Պատասխան - «Շնող գետում չի իրականացվում արդյունագործական ձկնորսություն: Ձկան պաշարների քանակությունը հաշվարկված է հաշվի առնելով 1 տարի շարունակ կատարված հիդրո-կենսաբանական եւ ձկնակերային (բենթոս) բազայի ուսումնասիրությունները (աշխատանքային նախագիծ, հատոր 7, էջ 20, աղյ. 2.1.17): Ձկնապաշարները հստակ հաշվելու համար տարածված մեթոդներից է՝ տոկահարումը եւ այդ հատվածում ձկների քանակական հաշվարկ: Հաշվի առնելով, որ Շնող գետը փոքր է, ապա նման մեթոդիկայի կիրառումը կարող էր կործանարար ազդեցություն ունենալ այնտեղ գտնվող ողջ ձկնապաշարի համար: Նման եղանակի կիրառումը նաեւ իրավական տեսանկյունից հիմնավոր չէր կարող լինել, քանի որ կենդանու յուրաքանչյուր միավորի համար վնասների հաշվարկ պահանջող՝ հարցադրման մեջ հիշատակված իրավական ակտը վերաբերում է բնապահպանական իրավախախտումներին: Այս նկատառումներից ելնելով, հաշվարկը կատարվել է կերային բազայի հիման վրա. Շնող գետի կերային բազան կարող է այնտեղ ապահովել 130 կգ ձկնապաշարի քանակություն»:
Սույն Պատասխանը կազմողն ու շրջանառության մեջ դնողը, հավանաբար տեղյակ չեն, որ իրենց իսկ գերատեսչության կողմից տրված` «Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագծային փաստաթղթերի վերաբերյալ` Եզրակացությունում» (ԲՓ 31, 03.04.2006թ.) գրված է. «ՇՄԱԳ-ի շրջանակներում իրականացվել է նաեւ Շնող գետի եւ նրա երեք` Դուքանաձոր, Խառատաձոր եւ Կռունկ վտակների վերին, միջին, ներքին հոսանքների համար ջրակենսաբանական ուսումնասիրություններ: Իրականացված հետազոտության արդյունքները վկայում են, որ հետազոտված գետակները ունեն հետեւյալ էկոլոգիական եւ տնտեսական արժեքները` ... տեղական նշանակության ձկնային արդյունագործական պաշարներ»: Ինչը վերցված է ՇՄԱԳ-ից, տես` էջ 84: Նույնը արտացոլված է Աշխատանքային նախագծում. «Ձկնատնտեսական հանդակների օտարացումից հասցված վնասը» բաժնից. «Ներկա պարագայում Թեղուտի կոմբինատի շինարարության հետեւանքով հասցվելիք նյութական վնասի հաշվարկը եզրափակվում է միայն ձկան արդյունագործական պաշարների տնտեսական արժեքով եւ միայն Շնող գետով եւ նրա վտակներով... Ձկան կենսազանգվածի 60%-ը կազմում է կապույտը, 20%-ը` Քռի բեղլուն, 10%-ը` կարմրախայտը, 10%-ը Քռի լերկաձուկը եւ հայկական տառեխը: Յուրաքանչյուր մեկ կիլոգրամ կողակը արժի 500 դրամ, կապույտը 1000, կարմրախայտը 8000 դրամ, այլ տեսակի ձկները` 500 դրամ: Հաշվարկները ցույց են տալիս, որ հատակային կենդանիների միջին կենսազանգվածը հավասար է մոտ 7,5 գ/քմ, ինչը հնարավորություն է տալիս ստանալ Շնող գետի եւ նրա վտակների տարածքում մոտ 130 կգ ձուկ, 175000 դրամ ընդհանուր արժողությամբ» (հատոր 7, էջ 75-76):
Տեղեկանքում` ձկնաշխարհին հասցվելիք վնասի գնահատման մեր մոտեցումը հիմնավորվում է նրանով, որ ՇՄԱԳ-ում եւ Աշխատանքային նախագծում, օրինակ, ծառահատումներից հասցվելիք վնասը հաշվարկված է «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: Անհրաժեշտ է նշել, որ այս օրենքի սակագները վերաբերում են միայն բնությանը հասցված վնասին, եւ չեն պարունակում հասցված նյութական-ապրանքային վնասի հատուցումը:
Պատասխանում բացակայում է գլխավորը` թե ի՞նչ հիմնավորմամբ` հանքարդյունաբերության հետեւանքով կենդանական աշխարհին հասցվելիք վնասը կազմում է ընդամենը 175 հազար դրամ:
Հարցադրում 1.4 -Թեղուտի հանքավայրի խախտվելիք եւ հարակից տարածքներում առկա մնացած կենդանիներին հասցվելիք վնասը լիովին անտեսված է եւ, փաստորեն, վերը նշված 175000 դրամը համարվում է ողջ կենդանական աշխարհին հասցվելիք վնասը:
Պատասխան -«Տեղեկանքի սույն ենթակետում բերված գնահատականը ենթադրական բնույթ ունի, այն նկատառումներով, որ նշված չէ կամ բացակայում է իրական վնասի գնահատականը` գոնե բնեղեն կամ քանակական տեսքով»:
Ինչպես տեսնում ենք, ՀՀ բնապահպանության նախարարությունը այս հարցին նույնպես պատասխան չի տալիս եւ նույնիսկ զարմացած է, որ հարցադրման հեղինակները չեն ներկայացրել իրական վնասի գնահատականը, այն էլ` գոնե բնեղեն կամ քանակական տեսքով:
Այսպիսի խոտան Պատասխանը նաեւ արդյունք է այն բանի, որ նախարարությունը դրամաշնորհային բազում ծրագրեր է իրականացնում, հետեւաբար, պետական խնդիրներին վերաբերող հարցերին քիչ ժամանակ է տրամադրում, որի հետեւանքով նաեւ նախարարության աշխատակիցները աստիճանաբար կորցնում են իրենց մասնագիտական կարողությունները:
Հարցադրում 2 -Ըստ նախագծի, հանքարդյունաբերական թափոնները (մակաբացման ապարներ եւ պոչանք)` լցվելու են Շնող գետի` Կռունկ, Դուքանաձոր եւ Խառատաձոր վտակների հուները-կիրճերը: Դա կհանգեցնի այդ գետակների եւ դրանց էկոհամակարգերի ոչնչացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանի օդի, հողերի ու ջրերի աղտոտմանը ծանր մետաղներով, ինչը ժամանակին զուգահեռ կաճի` գլխավորապես պոչամբարի առկայության պատճառով: Հանքի շահագործման արդյունքում կխաթարվեն ջրագոյացման համակարգերը, կնվազի ջրի քանակը, ինչպես նաեւ կվատթարանա դրա որակը: Հնարավոր է ծանր մետաղների ներթափանցում ստորերկրյա ջրերի մեջ: Հայտնի է, որ ծանր մետաղների բարձր խտությունները հանգեցնում են սաղմնաթունավոր, մուտագեն, իմունային համակարգը վնասող, ժառանգական խաթարումների եւ այլաբնույթ հիվանդությունների:
Պատասխան -«Շնող գետի Կռունկ վտակի կիրճում որեւէ թափոնների տեղադրում եւ արդյունաբերական գործունեության ծավալում չի նախատեսվում: Մակաբացման ապարները լցվում են Դուքանաձոր գետի կիրճը, այդ հատվածում` 2 կմ երկարությամբ, գետը մտցվում է երկաթբետոնե ամրության մեջ, այս դեպքում գետի նախկին հուն վերադառնալը բացառվում է:
Խառատաձորում տեղադրված պոչամբարի տակից գետի հոսքը բացառելու համար կառուցվում է ջրհեռ ջրանցք, որով գետը տեղափոխվում է դեպի ձախ, կառուցվում է երկաթբետոնե հզոր պատվար, որի ամրության եւ հզորության հիմնավորումները բացառում են ջրի վերադարձի որեւէ հնարավորություն:
Այն, որ պոչամբարներ կառուցելու ժամանակ հուները ծածկվում են բետոնե շերտով (որը ծառայում է որպես թունել) եւ վրան լցվում են թափոնակույտեր, պոչամբարների կառուցման ժամանակ կիրառվող մեթոդներից մեկն է, որը Հայաստանի տարածքում կիրառվել է Հին Գեղանուշ պոչամբարի համար: Այս եղանակը երկարաժամկետ շահագործումից հետո դառնում է վտանգավոր եւ կարող է պատճառ դառնալ վթարների, այդ իսկ պատճառով նոր պոչամբարների կառուցման դեպքում դրանից հրաժարվում են: Գետի փոխված հունը իրենից ներկայացնում է երկաթբետոնե ջրանցք, ինչը բացառում է գետի վերադարձը հին հունին: Բացի այդ, գետի հունի փոխման եղանակը ընտրվել է բաց ջրանցքի տարբերակով, որպեսզի ժամանակի ընթացքում այնտեղ վերականգնվի բենթոսը, եւ գետը պահպանի իր ասիմիլյացիոն հատկությունները: Անհրաժեշտ է շեշտել, որ պոչամբարի նախագծային լուծումները բացառում են ստորերկրյա ջրեր որեւէ վնասակար նյութի (այդ թվում՝ ծանր մետաղների) ներթափանցումը, ուստի եւ տեղին չեն այդպիսի ազդեցությամբ պայմանավորված մտահոգությունները»:
ա. Հնարավոր է, որ Կռունկ վտակի կիրճում թափոնների տեղադրում չի նախատեսվում (ըստ Նախագծի այդտեղ արհեստական լճակ է կառուցվելու): Նախագծում գրված է, որ լինելու է երեք թափոնակույտ. «Ժայռային ապարները նախնական նախատեսվում է տեղավորել Դուքանաձոր գետի կիրճում, բացահանքից դեպի հյուսիս-արեւմուտք: Օքսիդացած հանքաքարը 0,2% պղնձի պարունակությամբ, որը ապագայում կարող է ենթարկվել մշակման, կուտակվելու է բացահանքի ուրվագծից 800մ հեռավորության վրա: Այդ հանքաքարի ընդհանուր քանակը բացահանքի 1-ին հերթի վերջնական ուրվագծում կկազմի 2,4 մլն խմ: Մակաբացման փխրուն ապարները տեղաբաշխվելու են հյուսիս-արեւմտյան, ինչպես նաեւ արեւմտյան թափոնակույտերում: Թափոնակույտերի ծավալներն են. հյուսիս-արեւմտյան` 24 մլն խմ, արեւմտյան` 23 մլն խմ, արեւելյան (օքսիդացված հանքաքար)` 3 մլն խմ» (Աշխատանքային նախագիծ, հատոր 7, էջ 24-25):
Նույն Նախագծի 35 էջում կարդում ենք. «Դուքանաձոր գետի ջրերը, որի հունում տեղադրվելու են դատարկ ապարները, նախատեսվում է հեռացնել ջրահեռացման կառույցի օգնությամբ: Ջրահեռացման կազմակերպման համար թափոնների տնտեսությունից վերեւ նախատեսվում է ջրընդունիչ գլխամաս պաշտպանիչ ցանցով, իսկ թափոնակույտերի սահմանում գետի ձախ լանջով տեղադրվելու է 2 մետր տրամագծով եւ 1290մ երկարությամբ երկաթբետոնե խողովակ»:
Անհասկանալի է մնում Դուքանաձոր գետի` իր նախկին հուն վերադառնալու բացառումը: Միայն Նահատակի պոչամբարի օրինակով կարելի է ասել, որ արհեստական ջրատարները երկար չեն ծառայելու. հեղեղումները շարքից հանելու են այդ կառույցները, գլխավորապես` հանքավայրի շահագործման ավարտից հետո: Օրինակ, Նահատակ կիրճում, Մեծ Այրում եւ Ճոճկան գյուղերի հարեւանությամբ գտնվող պոչամբարը կառուցելիս, նախ, կիրճի ջրհավաքի ձեւավորման սկզբնամասում տեղադրվել է պատվար, բետոնյա ջրատար է կառուցվել, որպեսզի գոյացող ջրերը տեղափոխվեն պոչամբարից ներքեւ: Նշված ջրատարը պարբերաբար մաքրվել ու գործել է, երբ հանքահարստացման գործի պատասխանատուն Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատն էր: Մոտ 30 տարի առաջ այն հանձնվեց Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկային, եւ այդ ժամանակներից առ այսօր նշված ջրատարը չի մաքրվել եւ չի գործել: Հեղեղումների հետեւանքով ջրատարն ամբողջությամբ լցված է հողով եւ խճով, որտեղ այժմ աճում են ծառեր ու թփեր (մոտ 800 մետր երկարություն եւ 4 մետր լայնություն ունեցող այդ ջրատարը հեշտությամբ կարելի է մաքրել): Տասնամյակներ շարունակ կիրճի ձեւավորման սկզբնամասում գոյացող ջրերը հոսում, լվանում, ակոսում են Նահատակ կիրճում տեղադրված նշված պոչամբարը, իսկ ներքեւում այգիներ են, Քարակոփ բնակավայրն է եւ ապա` Դեբեդ գետը: Այժմ, բացի նշված արտահոսքերից, ոչնչով չծածկված այդ պոչամբարից արտանետվող փոշին նույնպես աղետալի վիճակ է ստեղծել, գլխավորապես հարեւանությամբ գտնվող բնակավայրերի համար: Նշենք, որ Նահատակ կիրճում կառուցված պոչամբարի նախագծում նախատեսված է պոչանքի լիովին մեկուսացում` պոչամբարի ռեկուլտիվացիա, այսինքն` հողի շերտով ծածկելը եւ այդտեղ համապատասխան բուսականություն աճեցնելը...
Նաեւ` եթե Պատասխանում Հին Գեղանուշի պոչամբարի առումով ասվում է, որ գետակի ջրերը պոչամբարի տակով` խողովակով հեռացնելը երկարաժամկետ շահագործումից հետո դառնում է վտանգավոր եւ կարող է պատճառ դառնալ վթարների, ապա ինչո՞ւ է Դուքանաձոր գետակի ջրերը այդ եղանակով հեռացվելու, երբ նշված տարածքը հայտնի է իր հաճախակի եւ վարար հեղեղումներով: Ամենահավանականն այն է, որ ակտիվ հեղեղումները այդ տարածքում նշված 2 մետր տրամագծով խողովակը կխցանեն եւ, եթե շահագործան ընթացքում ընկերությունը, գուցե եւ, վերացնի խցանումները, սակայն հանքավայրի շահագործումից հետո այդ խնդիրը մնում է անորոշ: Այնպես որ, բացարձակորեն համոզիչ չէ Դուքանաձոր գետը իր նախկին հուն վերադառնալու բացառումը:
բ. Խառատաձոր գետի հունում տեղադրվելիք պոչամբարի առումով ՀՀ բնապահպանության նախարարությունը նույնպես բացառում է գետի ջուրը իր նախկին հունը վերադառնալու որեւէ հնարավորություն: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները, հավանաբար պատկերացում չունեն Հայաստանի Հանրապետությունում առկա պոչամբարների աղետալի վիճակի, ինչպես նաեւ ոլորտի գիտական գրականության մասին: Նրանք պետք է իմանան, որ թե ՇՄԱԳ-ում եւ թե Աշխատանքային նախագծում բացակայում է պոչամբարի անվտանգության ապահովման երկարաժամկետ որեւէ ծրագիր, սակայն բնապահպանության նախարարության գործիչները պոչամբարի անվտանգության ապահովման 100%-անոց երաշխիքներ են տալիս:
ՀՀ բնապահպանության նախարարության այն պնդումը, «որ պոչամբարի նախագծային լուծումները բացառում են ստորերկրյա ջրեր որեւէ վնասակար նյութի (այդ թվում՝ ծանր մետաղների) ներթափանցումը, ուստի եւ տեղին չեն այդպիսի ազդեցությամբ պայմանավորված մտահոգությունները» չհիմնավորված հայտարարություն է: ՇՄԱԳ-ում եւ Աշխատանքային նախագծում նշված «նախագծային լուծումները» բացակայում են: Դեռեւս կատարված չեն նախատեսվող պոչամբարի հատակի մանրազնին ուսումնասիրությունները, սակայն Բնապահպանական գերատեսչությունը նախօրոք բացառում է ստորերկրյա ջրեր` որեւէ վնասակար նյութի ներթափանցումը:
Հարցադրում 3 - ՀՀ բնապահպանության նախարարությունն առանց փորձագիտական ուսումնասիրություն կատարելու Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի նախագծին տվել է դրական եզրակացություն:
Նախարարությունը չի կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված իր պարտականությունները, ներառյալ` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պահանջները (մասնավորապես` վերլուծել նախատեսվող գործունեության եւ դրա այլընտրանքային սահմանափակումները, գնահատել շրջակա միջավայրի վրա ազդեցությունն ու վտանգավորության աստիճանը, ստուգել հետեւանքների վերլուծման ամբողջականությունը եւ ստույգությունը, հետեւանքների կանխարգելման, վերացման կամ նվազեցման համար նախատեսված միջոցառումների բավարարությունն ինչպես շահագործման եւ իրականացման գործընթացում, այնպես էլ արտակարգ իրավիճակների ժամանակ): ՀՀ բնապահպանության նախարարությունն իր 03.04.2006թ. թիվ ԲՓ-31 եւ 07.11.2006թ. թիվ ԲՓ-135 փորձաքննական եզրակացության փաստաթղթերում պարզապես համառոտագրել (կոնսպեկտավորել) է նախագիծը: Նման գործելակերպի արդյունքում խախտվել են նշված օրենքի 2-րդ հոդվածով ամրագրված սկզբունքները, մասնավորապես` փորձաքննական եզրակացության գիտական հիմնավորվածությունն ու օրինականությունը: Այս եզրակացությունն էլ հիմք է հանդիսացել Թեղուտի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումների ընդունմանը:
Պատասխան -«Մինչեւ առաջին փուլի աշխատանքների իրականացումը «ACP» ՓԲԸ-ն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով 08.01.2006թ-ին փորձաքննության է ներկայացրել Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի եւ լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի շահագործման ամբողջ ծրագրի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը» եւ ստացել համապատասխան եզրակացություն (03.04.06թ. ԲՓ-31): Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման միջոցով վերլուծվել է նախատեսվող գոծունեությունը եւ դրա այլընտրանքային տարբերակները, գնահատվել է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, հետեւանքների կանխարգելման, վերացման կամ նվազեցման համար նախատեսվող միջոցառումները, հատկապես արտակարգ իրավիճակների ժամանակ եւ այլն:
«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից (29.09.2006թ. ԱՍ-33/260 գրություն) պահանջվել է «...նախատեսել շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանն ու փոխհատուցմանն ուղղված միջոցառումներ` շինարարության եւ շահագործման փուլերում, ինչպես նաեւ արտակարգ եւ վթարային իրավիճակներում, ներկայացնել դրանց հիմնավորումը, բավարարությունը, արդյունավետությունը»: Լրամշակման գրություններում ներկայացվել են բազմաթիվ այլ դիտողություններ եւ առաջարկություններ, որոնցով նախագիծը մի քանի անգամ լրամշակվել եւ փորձաքննվել է: Բոլոր լրացուցիչ նյութերը պահպանվում են, եւ դրանց վերաբերյալ վերլուծությունները ծավալային առումով հնարավոր չէր ներառել եզրակացությունում, մինչդեռ ՇՄԱԳ-ի բոլոր լրամշակումներով ներկայացված ուղղումները, այդ թվում նախատեսված բնապահպանական միջոցառումները ներառված են:
Մասնավորապես, ջրային ռեսուրսների վրա հնարավոր ազդեցության մանրամասն գնահատումը, համապատասխան միջոցառումները, աղտոտվածության մակարդակները ներկայացված են նախագծում (ՇՄԱԳ էջ 122-128, նախագծի շրջակա միջավայրի պահպանություն, էջ 31-38): Ըստ նախագծի տարածաշրջանի խմելու ջրի հիմնական պաշարները` Շնող գետի ջրերը, հանքարդյունահանումից որեւէ ազդեցություն չեն կրի, քանի որ նախագծով նախատեսված են բոլոր բնապահպանական միջոցառումները` ջրերը ազդեցությունից զերծ պահելու նպատակով: Ջրային ավազանի աղտոտումը բացառելու համար, թե բացահանքի ջրերի, եւ թե ֆաբրիկայի արտադրական ջրերի համար նախագծում նախատեսված են փակ շրջանառու համակարգեր, ինչպես նաեւ անհրաժեշտ հզորության մաքրման կայաններ: Համաձայն նախագծի պոչամբարի համար նախատեսված է երկու պատնեշ, որոնց միջեւ ընկած տարածքում կհավաքվեն ներծծվող ջրերը: Ծավալը ամբողջությամբ մեկուսացված է լինելու կավի շերտով, ինչը կբացառի պոչամբարից ներծծվող ջրերի արտահոսքը շրջակա միջավայր, իսկ կուտակված ջրերը կվերադառնան շրջանառու համակարգ: Ըստ նախագծում ներկայացված հաշվարկների եւ նախատեսված միջոցառումների, տարածաշրջանի ջրային հավասարակշռության խախտում, ստորգետնյա ջրերի աղտոտում, գետերի աղտոտում չի ենթադրվում:
Հարստացուցիչ ֆաբրիկայի պոչերի տեղադրման տարածքի ընտրությունը կատարված է մի քանի տարբերակների համեմատության արդյունքում: Պոչամբարը ընտրվել է այն տարածքում, որ պոչերի տեղափոխումը իրականացվի ինքնահոս, ինչը ճնշումային տարբերակի համեմատությամբ կնվազեցնի վթարների հավանականությունը:
Պահպանիչ հողային պատնեշը կառուցվելու է պոչամբարից ներքեւ, որը ստեղծելու է վթարային ծավալի տեղավորման ավազան: Պատնեշը եւ ստեղծված մակերեսը լրիվ մեկուսացվում է կավի շերտով, թույլ չտալով որ պոչամբարից ներծծված ջրերը աղտոտեն իրենից ներքեւ գտնվող ջրերը եւ հողատարածքը: Ստեղծված ծավալը ելնում է այն պայմանից, որ պոչամբարի չնախատեսված վթարի դեպքում տեղավորի նրանից արտահոսող պոչերի քանակը: Միաժամանակ վթարային ավազանը կդառնա պոչամբարից դուրս եկող ջրերի երկրորդային պարզարան եւ երկրորդային ջրընդունիչ, որը որպես հետադարձ ջրամատակարարման համակարգ` պարզեցված ջրերը կուղղի հարստացման ֆաբրիկա: Այսինքն բոլոր ջրերը պարզեցումից հետո կուղղվեն ֆաբրիկա, բացառելով որեւէ արտահոսք շրջակա միջավայր:
Ըստ նախագծային հաշվարկների, հիմնավորումների եւ նախատեսված միջոցառումների պոչամբարից ստորգետնյա ջրերի եւ գետերի ջրերի որեւէ աղտոտում չի ենթադրվում:
Միաժամանակ փորձաքննական եզրակացությունում պարտադիր պահանջ է դրվել պոչամբարի ռեկուլտիվացիայի եւ կոնսերվացման նախագծային փաստաթղթերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:
Նախագծում ներկայացվել են պոչամբարի ու ֆաբրիկայի կառուցման ու շահագործման այլընտրանքային տարբերակները, ինչպես նաեւ ընտրված տարբերակների հիմնավորումը: Լրացուցիչ ներկայացվել է նաեւ հանքավայրի բաց եղանակով եւ ստորգետնյա եղանակով շահագործման տարբերակների համեմատական բնութագիրը, ընտրված տարբերակի հիմնավորումը:
Էրոզիոն եւ սողանքային երեւույթների կանխմանն ուղղված միջոցառումները եւս ներկայացված են նախագծում (ՇՄԱԳ էջ 104-107, նախագծի շրջակա միջավայրի պահպանություն, էջ 39):
Վթարային եւ արտակարգ իրավիճակների կանխարգելման համար նախագծում նախատեսված են համապատասխան միջոցառումներ (ՇՄԱԳ էջ 133-134, նախագծի շրջակա միջավայրի պահպանություն, էջ 67-69 էջ):
Հաշվեկշռային պաշարների առկա տարրերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է նախագծում (ՇՄԱԳ էջ 94, նախագծի շրջակա միջավայրի պահպանություն, էջ 24):
Հաշվի առնելով քննարկումների տարբեր փուլերում բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից հնչեցված մտահոգությունները, աշխատանքային նախագիծը խորությամբ ուսումնասիրվել է նաեւ ՀՀ առողջապահության, ՀՀ գյուղատնտեսության եւ ՀՀ մշակույթի նախարարությունների կողմից: Կատարված համալիր վերլուծությունների արդյունքում հաստատվել է շրջակա միջավայրի (այդ թվում՝ մարդկանց առողջության) վրա նախատեսվող գործունեության ազդեցության սահմանափակումը գործող թույլատրելի չափերով: Ինչպես այդ քննարկումների շրջանակներում, այնպես էլ օրենքով նախատեսված տարբեր փորձաքննությունների (այդ թվում՝ բնապահպանական) իրականացման նպատակով դիտարկվել են հանքավայրի շահագործման այլընտրանքային տարբերակների (հանքավայրի բաց եւ փակ շահագործում, բաց եղանակով շահագործման փուլայնություն, արտադրական հրապարակի, պոչամբարի տեղանքի ընտրություն եւ այլն) հնարավորություններն ու նպատակահարմարությունը»:
Նախ, «Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի եւ լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի շահագործման ամբողջ ծրագրի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» վերնագրով փաստաթուղթ շրջանառության մեջ չի դրվել, այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի:
2005 թվականին կազմվել է «Թեղուտի լեռնահարստացման կոմբինատ, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» (ՇՄԱԳ) փաստաթուղթը, որը եւ բազում քննարկումների առարկա է դարձել:
ՀՀ Բնապահպանության նախարարությունը հետեւողականորեն փորձում է համոզել, որ իբր Թեղուուտի հանքավայրի ՇՄԱԳ-ը կազմված է ծրագրի ամբողջ ժամանակաշրջանի հաշվով, սակայն միայն մեկ փաստով կարելի է ցույց տալ, որ եւ ՇՄԱԳ-ը եւ Աշխատանքային նախագիծը կազմված են միայի առաջին փուլի` 8 տարվա հաշվով: Այսպես, ՇՄԱԳ-ում հողերի խախտումից հասցվելիք վնասը հաշվարկված է 257 հեկտարի, իսկ Աշխատանքային նախագծում` 284,4 հեկտարի հաշվով (Նախագծում նշվում է, որ ամբողջ ծրագրի ընթացքում խախտվելիք հողատարածքը կազմելու է 669,4 հեկտար):
Նաեւ` Պատասխանում նշվում է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը` Թեղուտի հանքավայրի ՇՄԱԳ-ին եւ Աշխատանքային նախագծին տրված փորձքննական եզրակացություններում (03.04.2006թ. թիվ ԲՓ-31 եւ 07.11.2006թ. թիվ ԲՓ-135) իբր վերլուծվել է նախատեսվող գործունեությունը, գնահատվել է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը եւ այլն, սակայն, իրականում համառոտագրել (կոնսպեկտավորել) է ՇՄԱԳ-ը եւ Աշխատանքային նախագիծը:
Նշված փորձաքննություններն իրականացնելիս, ոչ միայն չի ուսումնասիրվել ու վերհանվել նախագծի իրականացման դեպքում տնտեսությանը հասցվելիք իրական վնասի գնահատում եւ շրջակա միջավայրին սպառնացող իրական վտանգներն, այլեւ չեն նկատվել անգամ պարզ երեւացող սխալները, սակայն, միշտ` հօգուտ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության:
Այսպես`
ա. ՇՄԱԳ-ի «Հաշվեկշռային պաշարների բնութագիրը» աղյուսակում բերված են տարբեր մակարդակներով ուսումնասիրված հանքաքարերի երեք զանգվածներ (էջ 23): Առաջին զանգվածի 5,448 մլն տոննա հանքաքարում պղնձի պարունակությունը 0,376%, մոլիբդենը` 0,0215% է, իսկ ոսկու պարունակությունը յուրաքանչյուր մեկ տոննայում` 0,6 գրամ, քանակը` 4776,2 կգ, արծաթինը` 31,7 գրամ, քանակը` 303,8 կգ, ռենիումինը` 5,6 գրամ, քանակը` 44,8 կգ, այն դեպքում, երբ հենց նույն աղյուսակում բերված տվյալների հիման վրա մեր հաշվարկներով այդտեղ առկա է 3268,8 կգ ոսկի, 172701 կգ արծաթ, 30509 կգ ռենիում, այսինքն` արծաթի եւ ռենիումի քանակները հարյուրավոր անգամ փոքր են ներկայացրել: Նշված աղյուսակը, բացարձակորեն նույն սխալներով առկա է ՇՄԱԳ-ից մեկ տարի հետո կազմած Աշխատանքային նախագծում:
բ. ՇՄԱԳ-ի եւ «Աշխատանքային նախագծի» մեջ բերված 260 տեսակի միջատները վերաբերում են ոչ թե Լոռվա մարզի Թեղուտի հանքավայրի, այլ` Տավուշի մարզի Թեղուտ գյուղի (Դիլիջան քաղաքի հարեւանությամբ) մոտակայքում գտնվող անտառներին: Փաստորեն, Դիլիջանի անտառների տվյալները մտցրել են Թումանյանի շրջանի Թեղուտ հանքահանման նախագծի մեջ, իբրեւ այդ տարածքի անտառներում միջատների ուսումնասիրության արդյունք:
գ. ՇՄԱԳ-ում, «Վնասակար նյութերի արտանետման քանակը ճանապարհներից եւ բեռնատարներից հանքաքարը եւ դատարկ ապարը մեքենաներով տեղափոխելու ընթացքում» հաշվարկի բանաձեւում մթնոլորտ մուտք գործող փոշու բաժնեմասը արտահայտող գործակիցը բացատրականում 0,1 է, բանաձեւում` 0,001, այսինքն 100 անգամ փոքր: Նույնը արտացոլված է Աշխատանքային նախագծում:
դ. Աշխատանքային նախագծում ծրագրի իրականացման առաջին փուլում հողերի խախտումից հասցվելիք ընդհանուր վնասը ներկայացված է 12,13 մլն դրամ), այնինչ «Հողերի խախտումից հասցված վնասի հաշվարկ» աղյուսակի տողերը (բաղադրիչները) գումարելիս ստացվում է 19,13 մլն դրամ, այսինքն` 7 միլիոնով պակաս է ցույց տրված:
ե. Ըստ ՇՄԱԳ-ի տեքստի, հատվելու է 127 հազար ծառ (60400խմ բնափայտ), այն դեպքում, երբ այդ նույն փաստաթղթի տվյալների (աղյուսակներ` 8.4.2, 8.4.3, 8.4.4, 8.4.5, 8.4.6 եւ 8.4.7) հաշվարկները ցույց են տալիս, որ այդտեղ առկա է 170883 ծառ (60859 խմ բնափայտ):
զ. ՇՄԱԳ-ում եւ Նախագծում բերված համապատասխան աղյուսակներում բացակայում է 53333 խնձորենու (որից 43333-ը 26 սմ կոճղի տրամագծով) հատումից գոյանալիք բնափայտը: Նշված 43333 խնձորենու հատումից առաջանալիք տնտեսական վնասը ներկայացված է 584,995 մլն դրամ, այն դեպքում, երբ վնասը կազմում է 866,66 մլն դրամ, այսինքն` 281,665 միլիոն դրամով պակաս է ներկայացվել:
է. Վերը նշված ԲՓ-31 (03.04.2006թ) փորձաքննական եզ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել