Արվեստն ու քաղաքականությունը՝ այլընտրանքային ներկայացմամբ
…Մթնել էր
թարմանալու համար
տնից դուրս պիտի գայի.
մայրս ասաց զգույշ
շուն են խփում…
Բանաստեղծ Գևորգ Թումանյանի ստեղծագործություններից է, որ նրա հետ կազմակերպված հանդիպման ընթացքում կարդացին հեղինակն ու ևս չորս հոգի:
Մայիսի 17-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանում կայացավ հանդիպում գյումրեցի բանաստեղծ Գևորգ Թումանյանի հետ: Բանաստեղծը հայտնի է իր «Անընդհատ անառակ որդի» /2002/, «Ճախրող Սարդ» /2008/ և «Աստվածային ժամանցներից զատ» /2012/ ժողովածուներով:
![]() |
![]() |
Գ. Թումանյանի ստեղծագործություններից շատերում Գյումրին է, քաղաքի իրականությունը: Ծանր ու դժվար օրեր, հիշողություններ, որ հանգիստ չեն տալիս ապրողին - դառնալով պոեզիա: Հեղինակի ստեղծագործություններին հատուկ է հեգնանքը, ներքին հզոր դինամիկան, անսպասելիությունն ու նուրբ հումորը:
Գևորգի պոեզիայի կրակոցներից չի վրիպել անգամ «հավերժական» քաղաքապետի հավերժական կերպարը.
…Քաղաքապետը
վեց տեղակալ ունի
օրական
ծեծում է մեկ տեղակալի
յոթերորդ օրը
հանգստանում է…. /հատված «Հարցազրույց քաղաքապետի հետ» շարքից/
- Չե՞ն եղել արդյոք հնարավոր հետևանքներ՝ հաշվի առնելով, որ քաղաքապետը ճիշտ այնպիսին է, ինչպիսին նկարագրվում է բանաստեղծությունում, - հարցրին դահլիճից:
- Հրապարակումից 10 օր հետո նա այլևս քաղաքապետ չէր… Ընկերներս հումորով ասում են, որ եթե նոր քաղաքապետի մասին էլ գրեմ, նա նույնպես հրաժարական կտա,- ասաց Գ. Թումանյանը:
Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանն արտահայտվեց Գևորգի «Ձոն խնձորին, որ ուտում եմ» բանաստեղծության մասին՝ մեջբերելով նաև հատված Գևորգ Թումանյանի գրքի մասին գրած իր հոդվածից՝ բնորոշելով հեղինակի գրական ընթացքը: Իսկ գրաքննադատ Հասմիկ Հակոբյանը նշեց, որ ցավոք սրտի խոսքն այսօր այլևս արժեք չունի, այն վնասազերված է:
Այդուհանդերձ, ներկաներից շատերի խոսքերով, արվեստագետն, այո, չի կարող անտարբեր ու անմասն մնալ քաղաքականությունից, քանի որ այն այսպես թե այնպես մեծ ազդեցություն ունի կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:
![]() |
![]() |
Պոետի և նրա գործերի շուրջ ծավալվեց բաց քննարկում: Ընթերցումների ձևաչափը նույնպես բաց ու անկաշկանդ էր. բանաստեղծությունները կարդացողները հանդիսատեսի հետ նույն հարթության վրա նստեցին` «ոչ թե բեմում կանգնած, այլ հանդիսատեսի հետ նույն հարթության վրա` բեմին նստած», - իր խոսքում նշեց նախաձեռնության հեղինակներից բանաստեղծ Վահե Արսենը, - «պոեզիան պետք է հնարավորինս մոտ լինի ընթերցողին»:
Նա նաև ասաց, որ գրական ակումբի հիմնական նպատակը գրական կյանքի ակտիվացումն է, ընթերցողի և գրողի միջև գոյացած անջրպետի հաղթահարումը: Եթե մերօրյա գրողներին շատերը չեն ճանաչում, դա բնավ չի նշանակում, որ այսօր պոեզիա չի ստեղծվում. - «մինչև չկարդաս, չես իմանա»,- ասաց նա:
Ավելացնենք, որ հանդիպումները կազմակերպում է «ԱյլԱրտ» նախաձեռնությունը: Դրանք պարբերական են լինելու. նախատեսվում է հաջորդ ամիս ևս կազմակերպել հանդիպում-ընթերցում ժամանակակից մեկ այլ բանաստեղծի հետ, մուտքն ազատ է:
«Այլընտրանք» մշակութային կազմակերպություն
Տեսանյութեր
Լուսանկարներ



Մեկնաբանել