HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ և ՀՀԿ-ական պատգամավորները Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների մասին

Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասը տեղյակ չէ Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցներից, որի արդյունքում հրաձգության մեջ կասկածվող Գոռ Առաքելյանը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան, ձերբակալվել է: Պարզվում է, որ կան նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, ովքեր հայտարարում են, թե տեղյակ չեն կրակոցներից, ուստի Կարո Կարապետյանի հետ էլ չեն զրուցել:

ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, թե ծանոթ չէ մանրամասներին:

«Որ չեմ տիրապետում, հիմա ինձ համար շատ դժվար է մեկնաբանել, մանրասներին ես չեմ ծանոթացել»,- հավաստիացրեց նա: Մեր հարցին, թե արդյոք չե՞ք զրուցել Կարո Կարապետյանի հետ, չէ՞ որ նրա բարեկամն է կրակել Մարգայանը զարմացավ. «Դու քո բարեկամների համար պատասխան տվե՞լ ես... Չէ, չեմ խոսել նրա հետ»:

Լյովա Խաչատրյանն էլ նշեց, որ չգիտի՝ ինչ է կատարվել Վերնիսաժում, ապա զարմացավ, թե ինչու ենք իրեն նման հարց տալիս, երբ ԱԺ-ում շուտով քննարկման է դրվելու նոր կառավարության ծրագիրը:

ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Մարգարյանն էլ ասաց, թե կարծում է, որ տեղի ունեցածը շատ վատ դեպք է: «Փառք Աստծո, որ զոհեր չեն եղել: Այդ մարդկանց փոխարեն կարող էի լինել ես կամ իմ երեխան կամ դուք: Վստահ եմ որ անպայման պատշաճ մարմիններն այդ հարցը մինչև վերջ կտանեն»,- նշեց նա: ԲՀԿ պատգամավորի խոսքով՝ ինքը միջադեպից տեղյակ է այնքանով, որքանով ներկայացրել են լրատվամիջոցները, ապա նշեց, թե Կարո Կարապետյանի հետ դեռ չի հանդիպել:

Միջադեպից տեղյակ չէր նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Պատասխանելով մեր հարցին, Մ. Սեդրակյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ կրակոցներից, որովհետև ծայրամասում է ապրում: «Ես ծայրամասում եմ ապրում՝ իմ ի՞նչին է պետք»,- ասաց նա: Երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք չե՞ք կարդացել, որ կրակոցներ են հնչել մարդաշատ վայրում, մարդիկ են վիրավորվել, ապա Մ. Սեդրակյանը կրկնեց. «Ես ծայրամաս եմ ապրում, ոչ մի բանի մասին չեմ էլ կարդում»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն էլ նշեց, թե ինքը տեղյակ չէ՝ ինչ է կատարվել Վերնիսաժում, ովքեր են մեղավոր, ովքեր՝ պատասխանատու: Երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչի հետևանք է նման միջադեպը, երբ օրը ցերեկով մարդկանց վրա կրակում են, Բադեյանը պատասխանեց. «Պատճառները տարբեր կարող են լինել, իսկ ընդհանրապես, դա մարդկային անդաստիարակության արդյունք է, երբ որ մարդիկ օրը ցերեկով կրակում են: Դա նշանակում է, որ պակաս դաստիարակություն է ստացել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter