HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարը հանդիպել է Վարդան Պետրոսյանին

Մայիսի 17-ին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը աշխատանքային շրջայց իրականացրեց մի շարք քրեակատարողական հիմնարկներ:  ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ իրականացրած այցի ընթացքում նախարարը հանդիպեց այնտեղ պահվող ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանին:

Հայտնի է, որ Առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործը հասարակական մեծ հնչեղություն ունի, իսկ Վարդան Պետրոսյանի  անձի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն մեր երկրում, այլև Սփյուռքում, և մասնավորապես ֆրանսաբնակ մեր հայրենակիցների մոտ: Այդ առումով նորանշանակ նախարարը բազմաթիվ դիմումներ և հարցադրումներ է ստացել, որոնք վերաբերվում են հայտնի դերասանի պահման պայմաններին, նրա առողջական վիճակին և քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների պահպանության հարցերին:

Նշված խնդիրներին անձամբ տեղեկանալու համար Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ այցելած նախարարը հետաքրքրվեց դերասանի առողջական վիճակով, ուսումնասիրեց վերջինիս պահման պայմանները: Վարդան Պետրոսյանը հատուկ շեշտեց, որ քրեակատարողական հիմնարկների ծառայողներից և ընդհանուր պահման պայմաններից  բացարձակ որևէ բողոք չունի: Նա ընդգծեց նաև, որ անչափ կարևորում է մարդկային ջերմ վերաբերմունքը, որ տածում են իր հանդեպ խցակիցները:

Ավելին, բացելով փակագծերը, հայտնեց, որ իր հաջորդ ներկայացման մեջ անպայման անդրադառնալու է դատապարտյալների կյանքին: «Պարոն նախարար, իմ աչքերից չի հեռանում այն տեսարանը, երբ ինձ կիսամեռ, սպիտակած տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց: Փարիզի ամենհայտնի հիվանդանոցը՝ Ամերիկյան կոչվող, չէր կարող ինձ վերադարձնել կյանք, ինչպես դա արեցին այն դատապարտյալները, որոնք մի վայրկյանում շրջապատեցին ինձ իրենց հոգատարությամբ»,- պատմում էր դերասանը՝ հավելելով, որ հենց նրանց մարդկային մոտեցման արդյունքում է  րոպեներ  անց ուշքի եկել:

Վարդան Պետրոսյանը շնորհակալությունը հայտնեց նաև քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հոգատար վերաբերմունքի համար: Հայտնի դերասանը որոշակի դժգոհություն հայտնեց դատավարության ընթացքից, ինչին ի պատասխան Հովհաննես Մանուկյանն ասաց, որ դատական քննության ընթացքին որևէ մեկը, այդ թվում արդարադատության նախարարը, միջամտելու իրավասություն չունի և համոզմունք հայտնեց, որ դատարանը կկայացնի օրինական և արդար որոշում:

Հանդիպման ավարտին արդարադատության նախարարը՝ նշեց, որ Վարդանի երկրպագուներից է, վերջինիս նվիրեց Սերգեյ Փարաջանովի կյանքի մասին պատմող գիրք:  Վարդան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց նախարարին այցի համար՝ նշելով, որ իր ցանկությունը միայն մեկն է՝ արդար դատավարություն:

Տեղեկացնում են Արդարադատության նախարարության լրատվության բաժնից:

Մեկնաբանություններ (2)

henri
ՄԵՐ ԱԼ ԱՄԷՆՈՒՍ ՄԻԱԿ ՑԱՆԿՈՒԹԻՒՆՆ Է ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆՆ Է ԶԵՐԾ ՎՐԷԺԻ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԷ։
ՀԱՅՈՒՀԻ
Սևան Այրապետ կոչվող զազրախոս, քո ենթադրությունները քեզ պահիր։ Քո ասածը ոչ մի հիմ չունի։ Աշխարհում հազարավոր մարդկանց վթարի ենթարկված և ուշագնաց վիճակում ստուգել են հարբածությունը, հազար ու մի ձև կա։ Եթե Վարդան Պետրոսյանը իսկապես հարբած լիներ, վաղուց դա մատի փաթաթան էին դարձրել մեր վայ արդարադատները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter