HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Մինասյան. Մենք ասում ենք` եղբա'յր, գաղափարը մի վերացրեք, այլ չափանիշները վերանայեք

Ազգային ժողովը շարունակում է քննարկել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի ֆինանսնական հաշվետվությունները հրապարակելուց առաջ խոշոր կազմակերպությունների պարտադիր աուդիտի ենթարկելու պահանջը առաջարկվում է հանել: Այս առնչությամբ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին, մանրամասնելով, որ պարտադիր աուդիտի պահանջը հանելով` իշխանությունները իբրեւ թե թեթեւացնում են գործարար աշխարհի վրա ընկած բեռը, ինչը սակայն ամենևին էլ այդպես չէ:

ՀՅԴ խմբակցության պատգամավորի կարծիքով՝ օրինագիծն ընդունելու պարագայում խրախուսվելու է ստվերը, հրաշալի դաշտ է ապահովվելու կոռուպցիայի զարգացման համար: Նա հիշեցրեց, որ իրենք հանդիպում են ունեցել աուդիտորական կազմակերպությունների հետ, որոնք ներկայացրել են փաստարկներ, մտահոգություններ ու առաջարկել են ոչ թե գաղափարը վերացնել, այլ փոխել  չափանիշները, ուժեղացնել աուդիտորի պատասխանատվությունը, բարձրացնել աուդիտորական կազմակերպության կողմից ապահովագրական համակարգի մասնակցությամբ ծառայություն մատուցելու մակարդակը, ինչն էլ ԱԺ հանձնաժողովի կողմից հավանության չեն արժանացել:

Մինասյանի խոսքով՝ կառավարության դիրքորոշումը պայմանավորված է այն մարդկանց ցանկությամբ, ովքեր կա′մ աուդիտորական եզրակացության ամբողջ իմաստը լիարժեքորեն չեն պատկերացնում, և թափանցիկությունը նրանց համար կարևոր չէ, կա′մ առաջնորդվում են նեղ անձնական շահերով և ունեն անձնական շահագրգռվածություն այդ համակարգը հանելու համար: «Որևէ այլ ողջամիտ բացատրություն ես չեմ տեսնում: Մենք ասում ենք` եղբա'յր, գաղափարը մի վերացրեք, այլ չափանիշները վերանայեք»,- դիմելով իշխող մեծամասնությանը նկատեց Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում շուրջ 19 տարի հաշվապահական հաշվառման քաղաքականություն է վարվում, իսկ օրինագիծն էլ հարվածում է այդ քաղաքականությանը: «Դժգոհությունը առ այն, որ աուդիտորական կազմակերպությունները մեծ գումարներ են վերցնում և պատասխանատվություն չեն կրում, դրանց էլ լուծումներ կան` աուդիտորական կազմակերպությունները պետք է կրեն քաղաքացիաիրավական բնույթի պատասխանատվություն` միանշանակ դատական կարգով:

Բոլոր այն պատգամավորները, ովքեր սեփականատերեր են և ենթարկվում են աուդիտի, նրանք իրավունք չունեն մասնակցելու այս օրենքի քվեարկությանը, ավելին` նրանք պարտավոր են հրապարակային հայտարարել շահերի բախման մասին և հրաժարվել քվեարկությունից: Եթե Դուք դա չանեք, հանրությունը կհրապարակի դա»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter