HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի համախառն ներքին աճը՝ 9.3 տոկոս, բյուջեի դեֆիցիտը՝ 2.5 մլրդ դրամ

Այսօր Արցախի Հանրապետության կառավարությունը, վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ, ազգային ժողովում ներկայացրել է 2013թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը:

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը ներկայացրել է մի քանի կարևոր ցուցանիշներ: Մասնավորապես, 2013 թվականին համախառն ներքին արդյունքի աճը հանրապետությունում կազմել է 9.3%՝ արդյունաբերությունում 10%, գյուղատնտեսությունում 9.2% և շինարարությունում 18.5% աճով: Ըստ Ս. Թևոսյանի տեղեկատվության` ամբողջովին տրամադրվել է միջպետական վարկը` մոտ 39 մլրդ դրամ: Սեփական եկամուտները կազմել են մոտ 27մլրդ 919 մլն դրամ` նախատեսվածի 88,6 տոկոսը, իսկ ծախսերը` 69 մլրդ 600մլն դրամ, դեֆիցիտը կազմել է մոտ 2մլրդ 500մլն դրամ:

Ի լրումն Ս. Թևոսյանի հաշվետվության՝ վարչապետ Արա Հարությունյանը մի շարք հարցերի վերաբերյալ հանդես է եկել պարզաբանումներով: Մասնավորապես, անդրադառնալով հաշվետու տարում ներմուծման ծավալների նվազման պատճառներին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ առաջնային պատճառը տեղական արտադրանքի ծավալների ավելացումն է, ինչի արդյունքում նախկինում ներմուծվող որոշ ապրանքների պահանջարկը բավարարվել է արցախյան ձեռնարկությունների կողմից: Ինչ վերաբերում է արտահանման ծավալների նվազման պատճառներին, վարչապետի խոսքով` դա պայմանավորված է եղել հանքարդյունաբերության ոլորտում նախատեսված մի քանի խոշոր ծրագրերի մեկնարկի Ժամկետների հետաձգմամբ և Դրմբոնի ոսկու հանքի արտադրության կտրուկ նվազմամբ: Ա. Հարությունյանը ընդգծել է, որ այդ անկանխատեսելի հետաձգումը որոշ խնդիրներ է ստեղծել նաև բյուջեի` նախատեսված եկամուտների հավաքագրման գործում, որը, սակայն, գլխավորապես լուծվել է գյուղատնտեսության, էներգետիկայի և շինարարության ոլորտներում գրանցված նշանակալի աճի շնորհիվ:

Կառավարության ղեկավարը, ի պատասխան քաղծառայողներին տրամադրվելիք սոցփաթեթի վերաբերյալ հարցին, ներկայացրել է գործադիրի դիրքորոշումը, այն է՝ հասցեական մոտեցում ցուցաբերել և նախատեսված գումարներով քաղծառայողներին լրացուցիչ աջակցություն տրամադրել նրանց վարկերի սուբսիդավորման, ուսանողական վճարների տրամադրման և այլ միջոցներով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի մասնակցությամբ լրացուցիչ քննարկումներ կազմակերպել սոցփաթեթի գումարների բաշխման մեթոդների վերաբերյալ:

Պատգամավորները հետաքրքրվել են նաև ՀՀ-ից ամեն տարի ստացվող միջպետական վարկի հետ կապված հարցերով: Վարչապետը շեշտադրել է, որ ստացվող գումարի գերակշիռ մասը ԼՂՀ ներկրվող ապրանքների՝ ՀՀ մաքսակետերում գանձվող մաքսատուրքերի գումարն է, որը միջպետական վարկի տեսքով վերադարձվում է ԼՂՀ պետական բյուջե:

Հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter