«Ժառանգություն», ԲՀԿ և ՀԱԿ խմբակցությունները չեն մասնակցի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ընտրությանը
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նիստում նախ հայտարարեց, որ Հայաստանը լքողների մեջ շատ են այն մարդիկ, ովքեր իրենց տներն ու անշարժ այլ գույքերը գրավ են դրել, որովհետև չեն կարողացել մարել բանկերի՝ բարձր տոկոսադրույքներով տրամադրված վարկերը: Նա նշեց, որ այսօր առավոտյան, երբ Ա. Ջավադյանը հանդիպել է իրենց խմբակցության հետ, իրենք այս հարցը բարձրացրել են, ու ԿԲ նախագահը փորձել է հիմնավորել, թե ինչու են այդ վարկերն այդքան բարձր:
«Այսօր ունենք 98 տոկոս վերադարձելիություն վարկեր: Այդ դեպքում որո՞նք են պատճառները: Թվարկեցիք տարբեր ռիսկեր, որ պատճառ են, որ այդ վարկերը հասնում են անտրամաբանական բարձր տոկոսներով: Մեզ մոտ խոսվում է, որ բանկային համակարգը կայուն է, սակայն այն իր պորտալարով պիտի կապված լինի ՀՀ տնտեսության հետ: Ինչպե՞ս կարող ենք նման համակարգի դեպքում ունենալ օրեցօր փլուզվող տնտեսություն: Հայաստանում բանկային համակարգն աշխատում է լոմբարդի՝ վաշխառուական տրամաբանությամբ»,- հայտարարեց նա՝ ավելացնելով, որ ԲՀԿ-ն Ա. Ջավադյանի անձի դեմ ոչինչ չունի, բայց չի մասնակցելու ԿԲ նախագահի քվեարկությանը:
«Ժառանգություն» խմբակցության անունից խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, թե իրենք չեն մասնակցելու ԿԲ նախագահի ընտրությանը: Նա նշեց, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին ուղղորդել է բանկը, ապա ասաց. «Դուք կարողացաք ուղղորդել տնտեսության զարգացումը, որը լավ բանի չբերեց»: Հակոբյանի խոսքով՝ Կենտրոնական բանկը դարձել է քաղաքական մարմին: ԴԻմելով Ա. Ջավադյանին` նա հարցրեց. «Դուք քաղաքական մարմնի եք վերածվել. դա ձե՞ր ցանկությունն է, թե՞ ձեզ պարտադրեցին: Ես չգիտեմ իհարկե՝ որն է, բայց ձեր ցանկացած քայլից քաղաքականության հոտ չպիտի գա»,- նշեց Հակոբյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն էլ խմբակցության անունից հայտարարեց, որ իրենք դեմ են Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վարած քաղաքականությանը, և մինչև ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովում չվերականգնվի կուսակցությունների անդամների հավասարակշռությունն, իրենք ոչ մի փակ քվեարկության չեն մասնակցի:
Դիմելով ԿԲ նախագահին՝ ՀԱԿ խմբակցության պատգամավորն ասաց, թե արդյոք ԿԲ կողմից վարվող վարկային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսական աճի ապահովման քաղաքականությանը: Նա նշեց, թե աշխարհի բոլոր երկրներն առևտրային պատերազմ են տանում՝ իրենց ապրանքի մրցունակությունը միջազգային ասպարեզում ապահովելու համար, բայց Հայաստանը, նրա համոզմամբ, այս հարցում տարօրինակ վարք է դրսևորում:
«Ոչ ոք չի հասկանում՝ ո՞նց կարող է երկիրն առանց պարտադրանքի գնալ իր դրամի արժևորմանը: 2008 թվականից դրամի կուրսի փոփոխություններին հետևել եմ և կարող եմ ասել, որ ոչ թե սահուն արժեզրկվել է դրամը, այլ պետությունն արհեստականորեն պահել է այն, մինչև տեղի է ունեցել դրամի փլուզում»,- եզրափակեց նա:
Լուս.՝ aravot.am-ի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել