HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կյանք` անսովոր սովորական»

«4+» դոկումենտալ լուսանկարչության կենտրոնը և Երևանում Բրիտանական դեսպանատունը համատեղ նախաձեռնել են Նազիկ Արմենակյանի և Անուշ Բաբաջանյանի «Կյանք` անսովոր սովորական» լուսանկարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը ներկայացնում է լուսանկարիչներ Նազիկ Արմենակյանի և Անուշ Բաբաջանյանի վերջին վավերագրական շարքերը` «Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամի ղեկավար Վիգեն Գալստյանի համադրությամբ.

«Դիտարկելով Հայաստանում ապրող խոցելի խմբերի պատմություններ՝ ցուցահանդեսը արտացոլում է նրանց ամենօրյա պայքարը՝ ըմբռնման, ուրախության և արժանապատվության համար: Անկախ սեռից, ֆիզիկական խնդիրներից, ազգությունից կամ տարիքից, նրանք մարդիկ են, որոնց առաջադիմության և հաջողության հասնելու վճռականությունը բացահայտում է առօրյա կյանքը դրամատիկ ու նոր լույսի ներքո:

Վերջին տասնամյակի ընթացքում Արմենակյանն ու Բաբաջանյանը անընդմեջ անդրադարձել են սոցիալական, քաղաքական և մշակութային տարատեսակ խնդիրների՝ արդյունքում ստեղծելով հայաստանյան ժամանակակից վավերագրական լուսանկարչության սրաթափանց օրինակներից շատերը: Նրանց նոր աշխատանքները մեծ նրբանկատությամբ շոշափում են չափազանց զգայուն թեմա: Շրջանցելով  մելոդրաման և սենտիմենտալությունը` դրանք մեզ դեմ են հառնում սադրիչ քչախոսությամբ և հուզական տարանջատմամբ:

Նազիկ Արմենակյանի մեծամասշտաբ դիմանկարներում կենսագրական մանրամասները մնում են շրջանակից դուրս, որպեսզի դիտողը կենտրոնանա մարգինալության ու հիվանդության կարծրատիպների հետևում առկա անձնավորությունների վրա: Ընտրելով մեկ այլ ճանապարհ` Անուշ Բաբաջանյանը ֆիքսել է նմանատիպ մարդկանց առօրյա գործողությունները իր հերթապատկերներում, որոնք հիշեցնում են ընտանեկան ալբոմի կամ Instagram-ի հպանցիկ նկարներ: Իրոք` այստեղ ոչինչ արտառոց չի թվում: Բացի նրանից, որ երգիչները կույր են, պարի ուսուցիչը` խուլ, բռնցքամարտի չեմպիոնը` 17-ամյա աղջնակ, տաքսու վարորդը` կին, երիտասարդ երաժիշտ ուսանողը ունի ֆիզիկական, իսկ այգեգործը` մտավոր խնդիրներ և այլն:

Հայաստանում կամ այլուր, նույնիսկ ամենասովորական երազանքներին և նպատակներին հասնելու համար այս մարդկանցից երբեմն հերոսական ջանքեր և խիզախություն են պահանջվում:

Արմենակյանի և Բաբաջանյանի հակադիր մոտեցումները ցույց են տալիս, թե ինչպես են պատկերները ներազդում ճնշված ու հաճախ մերժված  մարդկանց մասին մեր ընկալումների վրա: Թեև որպես իրականության փոքրիկ բեկորներներ` այս լուսանկարները հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու մեզ շրջապատող ամենօրյա աշխարհի բազմազանության մասին և հուշում են «սովորական» լինելու իրական գինը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter