Թեղուտի հանքավայրի շահագործումը հանրության դեմ ուղղված գործողություն է
Հակոբ Սանասարյան
2. ՀՀ բնապահպանության նախարարության գործելակերպը
ՀՀ բնապահպանության նախարարությունն օրենքով սահմանված կարգով պետք է ուսումնասիրեր եւ վեր հաներ Նախագծում տեղ գտած թերությունները, սակայն անտեսելով օրենսդրական պահանջները, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կազմած Թեղուտի հանքավայրի նախագիծն ընդունել է եւ առանց փորձագիտական ուսումնասիրություն կատարելու դրան տվել է դրական եզրակացություն:
Բազմիցս հրապարակումներում ցույց է տրվել, որ այդ եզրակացությունը իրավական ու գիտական հիմքեր չունի, հետեւաբար եւ չի կարող պաշտոնական փաստաթուղթ համարվել:
Բնապահպանության նախարարությունն անտեսել կամ արհամարհել է նաեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի, օրինակ, հետեւյալ սահմանումները.
«1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պետության կողմից անցկացվող պարտադիր գործունեություն է, որի հիմնական նպատակն է կանխորոշել, կանխարգելել եւ կամ նվազագույնին հասցնել հայեցակարգի եւ նախատեսվող գործունեության վնասակար ազդեցությունը մարդու առողջության, շրջակա միջավայրի, տնտեսական եւ սոցիալական բնականոն զարգացման վրա:
2. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը ելնում է` առողջության, բնականոն ապրելու եւ ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքից. բնական պաշարների արդյունավետ, համալիր եւ բանական օգտագործման պահանջներից. էկոլոգիական համակարգերի հավասարակշռության եւ բնության մեջ գոյություն ունեցող բույսերի եւ կենդանիների բոլոր տեսակների պահպանման անհրաժեշտությունից, նկատի ունենալով ներկա եւ ապագա սերունդների շահերը:
3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը հիմնվում է` գիտական հիմնավորվածության, օրինականության, որոշումների ընդունման հրապարակայնության սկզբունքների վրա» (Հոդված 2):
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Թեղուտի հանքավայրի նախագծին տված եզրակացությունն ուսումնասիրողները հեշտությամբ կհամոզվեն, որ նախարարությունը այստեղ բերված երեք կետերում էլ չի կատարել օրենքի պահանջները`
1) չի կանխորոշել նախատեսվող գործունեության վնասակար ազդեցությունը եւ դրա կանխարգելման ուղղությամբ պահանջվող անելիքնեըը,
2) անտեսել է բնական պաշարների արդյունավետ, համալիր եւ բանական օգտագործման, ինչպես նաեւ նշված կետում բերված մյուս պահանջները,
3) նրա կողմից կատարված փորձաքննությունում բացակայում են գիտական հիմնավորվածության, օրինականության, ինչպես նաեւ որոշումների ընդունման հրապարակայնության սկզբունքները:
Այդ նույն օրենքը նաեւ սահմանում է. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության խնդիրներն են`
- վերլուծել նախատեսվող գործունեության, հայեցակարգի եւ դրանց այլընտրանքային բոլոր սահմանափակումները.
- գնահատել նախատեսվող գործունեության, հայեցակարգի եւ դրանց այլընտրանքների հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա եւ վտանգավորության աստիճանը.
- ստուգել շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության, հայեցակարգի եւ դրանց այլընտրանքների հնարավոր էկոլոգիական ազդեցության աստիճանը, հետեւանքների վերլուծման ամբողջականությունը եւ ստույգությունը, այդ հետեւանքների կանխարգելման, վերացման կամ նվազեցման համար նախատեսված միջոցառումների բավարարությունը ինչպես շահագործման եւ իրականացման գործընթացում, այնպես էլ արտակարգ իրավիճակների ժամանակ.
- ապահովել բնական պաշարների արդյունավետ, բանական օգտագործումը.
- արգելել շրջակա միջավայրի վրա անդառնալի վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած նախատեսվող գործունեություն, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված. ապահովել հասարակության ներգրավումը եւ մասնակցությունը փորձաքննության բոլոր փուլերում» (Հոդված 3):
Նախորդ հրապարակումներում արդեն ասվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը Թեղուտի հանքավայրի նախագծի փորձաքննությունն իրականացնելիս լիովին անտեսել է նաեւ այս հոդվածի պահանջները: Օրինակ, չի վերլուծել նախատեսվող գործունեության այլընտրանքային սահմանափակումները, չի գնահատել նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցությունները, չի ապահովել բնական պաշարների արդյունավետ ու բանական օգտագործումը եւ այլն:
Ոտնահարված է նաեւ նշված օրենքի 5-րդ հոդվածի այն պահանջը, որ փորձաքննությունն առնվազն պետք է ընդգրկի այլընտրանքային լուծումներ, այդ թվում` զրոյական գործողության այլընտրանքը (նախատեսվող գործողության բացառումը), դրանց համեմատական վերլուծությունը եւ առավել ընդունելի տարբերակի ընտրությունը:
- Դեռեւս պարզված չէ, թե բնապահպանության նախարարությունն ինչ հիմնավորմամբ է անտառածածկ տարածքում հանքահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու արտոնագիր տվել: Բացակայում են նաեւ վերը նշված լեռնային գետակների հուները թունավոր թափոնների պահեստարաններ դարձնելու գիտական հիմնավորումը հաստատող փաստաթղթերը:
- Բնապահպանության նախարարությունը չի կատարել Թեղուտի հանքավայրի նախագծի` օրենքով սահմանված հասարակակական լսումներ կազմակերպելու իր պարտավորությունը: Քննարկվող նախագծին վերաբերող լսումները, հիմնականում, կազմակերպել է շահագրգիռ կողմը: Առանց բացառության, բոլոր լսումները (նաեւ` Ազգային ժողովում կազմակերպվածը) կրել են միակողմանի քարոզչության բնույթ` հոգուտ հանքավայրի շահագործման:
- Բնապահպանության նախարարությունը միաժամանակ իրականացնում է թեգ գործադիր, թեգ վերահսկիչ գործառույթներ` հանքավայրերի ուսումնասիրությունների արտոնագրեր է տալիս, ընդունում է այդ ուսումնասիրությունների արդյունքները, դրանք հաստատում է, իրականացնում է դրանց բնապահպանական փորձագիտական ուսումնասիրությունը եւ վերջնական եզրակացություն տալիս: Վերջինս ըստ էության հանդիսանում է հանքավայրի շահագործման թույլտվության գլխավոր փաստաթուղթը:
Բնապահպանության նախարարությունն իր բոլոր պաշտոնական հայտարարություններում եւ տարբեր մակարդակների քննարկումներում` Թեղուտի հանքավայրի շահագործման հարցում հստակ եւ անթաքույց շահագրգռվածություն է ցուցաբերում: Նույնիսկ դժվար է գնահատել, այդ խնդրում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությո՞ւնն է ավելի շահագրգիռ, թե՞ ՀՀ բնապահպանության նախարարությունը: Եվ ընդհանրապես, բնապահպանության նախարարության գործունեության մեջ բնապահպանական քաղաքականությունը համարյա բացակայում է, այդ նախարարությունն ավելի շուտ հիշեցնում է բնության դեմ կոշտ, նույնիսկ` թշնամական դիրք ընդունած բնօգտագործման-չարաշահման գերատեսչություն:
3. ՀՀ կառավարության որոշումների հիմնավորվածությունը
ՀՀ կառավարությունը Թեղուտի հանքավայրի շահագործման որոշումը կայացնելիս հաշվի չի առել կամ նրա տեսադաշտից դուրս է մնացել այն, որ Թեղուտի հանքավայրի նախագիծը թերի է, պարունակում է օրենսդրական եւ այլ կարգի կեղծիքներ ու խախտումներ: Իսկ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Նախագծին տրված փորձագիտական եզրակացությունն իրավական փաստաթուղթ չի կարելի համարել:
Այսպիսով, նշված հակաիրավական փաստաթղթերը հիմք են դարձել ՀՀ կառավարության N1278-Ն եւ N1279-Ն որոշումների կայացման համար:
N1278-Ն որոշմամբ` 1490,801 հեկտար հողեր (որից 1207,55-ը` անտառային) փոխադրվել են արդյունաբերական, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակություն ունեցող հողերի կատեգորիա: Որոշման մեջ ասվում է. «13. ...Թույլատրել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծերին համապատասխան` շուրջ 357 հեկտար անտառային ծածկույթի հատումը:
14. Սույն որոշման մեջ նշված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն առանց մրցույթի` 50 տարի ժամկետով, հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վճարով տրամադրել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ` հանքավայրի շահագործման նպատակով (բացահանքի, հարստացուցիչ ֆաբրիկայի, օժանդակ այլ կառույցների կառուցումը եւ այլն) օգտագործելու համար, այդ թվում`
1) կառուցվելիք բացահանքի տակ ընկնող 200,9 հեկտարը` վարձակալության իրավունքով,
2) հարստացուցիչ ֆաբրիկայի եւ օժանդակ այլ կառույցների տակ ընկնող 274,526 հեկտարը` կառուցապատման իրավունքով:
16. 2) Անտառի հատումներից մթերված բնափայտի իրացումից գոյացած միջոցներն ուղղել անտառկառավարման պլանով նախատեսված համալիր միջոցառումների իրականացմանը:
24. 3) Թեղուտի հանքավայրի նկատմամբ ունեցած հանքային իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այլ անձի փոխանցելու դեպքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ իրավունք ունի առանց սեփականատիրոջ համաձայնության նույն անձին փոխանցելու նաեւ ... վարձակալության իրավունքով իր օգտագործմանը տրամադրված հողերի նկատմամբ օգտագործման իրավունքը»:
Ինչպես տեսնում ենք, Թեղուտի հանքավայրի նախագիծը համարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված, այն դեպքում, երբ բացահայտված է Նախագիծը օրենսդրական կոպիտ խախտումներով հաստատման փաստը, ինչը բուռն քննարկումների առարկա է դարձել:
Պարզաբանման կարիք ունի, թե ի՞նչ է նշանակում` կառուցվելիք բացհանքի տակ ընկնող 200,9 հեկտարը վարձակալության իրավունքով 50 տարի ժամկետով ընկերությանը հանձնելը:
Նախ, բացհանքը չի կառուցվում, այն գոյանում է ավերման հետեւանքով, եւ ապա, վարձակալության տալ ասելով հասկացվում է, որ համապատասխան ժամկետն ավարտվելուց հետո տվյալ տարածքը վերադարձվում է, սակայն այս դեպքում վերադարձնելու ոչինչ չի մնում, քանզի այդ տարածքը բնաջնջվելու է, ընդհանրապես: Այդ տարածքի փոխարեն առաջանալու է շուրջ 600 մետր խորությամբ խոռոչ, մեր ընկալմամբ` մահաշունչ, որոշ բարձրաստիճան պաշտոնյաների ընկալմամբ` «զբոսաշրջության համար գրավիչ»:
Ըստ Նախագծի, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության գործունեությունը տեւելու է 29 տարի (4 տարի` շինարարական աշխատանքներ, 25 տարի` շահագործում), սակայն Կառավարության հետ կնքած գործարքը 50 տարով է: Անհասկանալի է, թե ինչու գործունեության ավարտով չի սահմանափակվում նաեւ ընկերության հետ կնքած պայմանագիրը:
Որոշման մեջ հողերը դասվում են «պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերի» եւ «ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառին» ամրացված անտառային հողերի»: Արդյո՞ք «Հայանտառին» ամրացված հողերը պետական սեփականություն չեն համարվում:
Որոշման այն դրույթը, որ «թույլատրել շուրջ 357 հեկտար անտառային ծածկույթի հատումը», մեր կարծիքով, իր մեջ միտումնավորություն է պարունակում: Պարզ երեւում է, որ փորձ է արվում անտառին հասցվելիք վնասը հնարավորինս փոքր ներկայացնել: Անհասկանալի է, թե ի՞նչ տրամաբանությամբ, Որոշման մեջ ավերվելիք եւ ոչնչացվելիք անտառային տարածքից հանվել են թփուտները, բացատները, անտառային նշանակության այլ հողերը: Եթե միայն ծառահատումներն են ներկայացվում, ապա ինչո՞ւ է դա ձեւակերպվում` անտառային ծածկույթի հատում: Նախագիծ կազմողները երբեմն իրենց շահերից բխող` կողմնակալ մոտեցում են դրսեւորում, որը օրենքով սահմանված կարգով պետք է որ կանխվի պետականորեն հատուկ լիազորված մարմինների կողմից: Սակայն խնդիրը անհամեմատ բարդ լուծում է պահանջում, երբ նշված կողմնակալ մոտեցումն արտացոլված է կառավարության որոշման մեջ: Արդյոք կա՞ մի մասնագետ, ով ըստ բուսատեսակների` անտառային տարածքների տարանջատումը եւ անտառային համակարգում դրանցից յուրաքանչյուրի` կարեւոր եւ ոչ կարեւոր լինելու դասակարգումը կարող է հիմնավորված համարել, ինչպես դա արված է ՀՀ կառավարության քննարկվող որոշման մեջ: Օրինակ, Խառատանոց գետի կիրճը, որտեղ ըստ Նախագծի լցվելու է միլիոնավոր տոննաներ պոչանք, հիմնականում ծածկված է բազմապիսի թփուտներով: Արդյո՞ք այդ թփուտները իրենց հողապաշտպան, ջրագոյացման ու ջրապաշտպան եւ այլ նշանակությամբ, ինչպես նաեւ անտառային կենդանիների համար պակաս կարեւոր նշանակություն ունեն , քան ծառածածկ տարածքներն են:
Մենք տեղյակ ենք, որ Թեղուտի հանքավայրի նախագիծը կազնելիս` հաշվի չեն առել «Հայանտառի» կարծիքը, երբ «Հայանտառը» հանդիսանում է անտառների բնագավառում պետականորեն լիազորված մարմին: Մամուլի հրապարակումներից հայտնի դարձավ, որ կառավարության նշված որոշումը կայաcնելիս նույնպես անտեսվել է «Հայանտառի» կարծիքը:
Տարակուսանք է առաջացնում նաեւ այն, որ Որոշման մեջ նշվում է, թե անտառի հատումներից մթերված բնափայտի իրացումից գոյացած միջոցները պետք է ուղղել անտառկառավարման պլանով նախատեսված համալիր միջոցառումների իրականացմանը: Եթե ՀՀ կառավարությունը պետք է իրականացնի պլանով նախատեսված նշված միջոցառումները, ապա ի՞նչու է կապվում ծառահատումների հետեւանքով գոյանալիք միջոցների հետ: Հավանաբար դա արվում է այն ենթատեքստով, որ իբր նշված միջոցառումները չեն իրականանա, եթե Թեղուտի հանքավայրը չշահագործվի:
Գործընթացը ցույց է տալիս, որ կարծես խաչ է դրվում Հայաստանի Հանրապետության անտառների վրա: Այսպես` անտառածածկ տարածքներում առկա են ընդերքի բնական պաշարներ, հանքարդյունաբերության թափոնների համար վճարներ սահմանված չեն, հանքարդյունաբերությամբ զբաղվողները եւ առհասարակ բոլոր ներդրողները մեր Երկրում ցանկալի են եւ գործում է «ներդրողներին խանգարողները կպատժվեն» կարգախոսը: Անտառների նկատմամբ ոտնձգությունը միայն դրանով չի սահմանափակվում` ՀՀ կառավարությունը անտառային ֆոնդի նաեւ ոչ անտառածածկ հողերի կարգավիճակը փոխելով, օտարում է անտառային համակարգից, այսինքն` անտառածածկ տարածքների նվազման հետ մեկտեղ, նաեւ սահմանափակում է անտառների հետագա ընդլայնման հնարավորությունը:
Պակաս ուշագրավ չէ Թեղուտի հանքավայրի խնդրին վերաբերող N1279-Ն որոշումը. «Հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագիծը ... ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության 81,483 հեկտար հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետեւյալ հիմնավորումներով`
1. սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`
ա. ծրագիրն ընդերքօգտագործման բնագավառում ունի համապետական կարեւոր նշանակություն,
բ. ծրագրի իրականացումը կապահովի ՀՀ արդյունաբերական արտադրանքի եւ արտահանման ծավալների էական աճ,
գ. ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը,
դ. ծրագրի իրականացումը լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար, քանի որ ծրագրի իրականացման շրջանակներում էապես բարելավվելու է տարածաշրջանի` ենթակառուցվածքներով ապահովվածությունը (ծրագրի շրջանակներում կառուցվելու են նոր ճանապարհներ, անցկացվելու են գազամատակարարման, կենտրոնացված ջրամատակարարման եւ էներգամատակարարման համակարգեր), որի հիման վրա հնարավոր կլինի իրականացնել համայնքային, միջհամայնքային եւ տարածաշրջանային զարգացման նոր ծրագրեր»:
Փաստորեն, հողատարածքները սեփականատերերից օտարելու եւ այդտեղ բացառիկ, հանրային գերակա շահ ճանաչելու համար հիմք է հանդիսացել այն նախագիծը, որը ինչպես արդեն ասվել է, օրենսդրական կոպիտ խախտումներով է կազմված, պարունակում է լուրջ թերություններ, իսկ դրան տրված փորձագիտական եզրակացությունն էլ հիմնազուրկ է:
ա) Դժվար է հաշտվել Որոշման այն դրույթի հետ, թե իբր Թեղուտի ծրագիրն ընդերքօգտագործման բնագավառում ունի համապետական կարեւոր նշանակություն:
Այժմ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրում տարեկան վերամշակվում է 9,5 մլն տոննա հանքաքար, շահագործվում են նաեւ Լիճքավազ Թեյի, Տերտերասարի, Ագարակի, Կապանի, Շահումյանի, Ալավերդու, Շամլուղի, Ախթալայի, Սոթքի, Մեղրաձորի եւ այլ հանքավայրերը: Բնական համակարգերի բանական օգտագործումից ելնելով, կարելի է ասել, որ մեր ընդհանուր շահերը պահանջում են, որ թվարկած հանքավայրերում հանքահանումը պետք է սահմանափակվի, սակայն նոր հանքավայրեր են շահագործվում, դրանց թվում` Թեղուտի հանքավայրը:
Մեր կարծիքով, համապետական նշանակություն ունի Թեղուտի անտառների, վարելահողերի, այգիների, արոտավայրերի եւ ընդհանրապես բնական համակարգերի պահպանությունն ու այսօրվա վիճակում դրանց բանական օգտագործումը, այլ ոչ թե դրանց չհիմնավորված շահագործումը, փաստորեն ավերումը, աղտոտումը եւ ոչնչացումը:
բ) Համոզիչ չէ Որոշման այն դրույթը, թե իբր ծրագրի իրականացումը կապահովի ՀՀ արդյունաբերական արտադրանքի եւ արտահանման ծավալների էական աճ:
Իրոք, հանքավայրի շահագործման դեպքում, 25 տարների ընթացքում պղինձ, մոլիբդեն, թանկարժեք ու հազվագյուտ մետաղներ պարունակող խտանյութերի (կոնցենտրատների) արտահանման ծավալները կմեծանան, սակայն արդյո՞ք դա տնտեսապես հիմնավորված է եւ շահեկան մեր Երկրի համար: Մետաղների խտանյութերի արտահանումը չպետք է նույնացվի արդյունաբերական ապրանքների արտադրության ու արտահանման հետ: Մետաղների խտանյութերի դեպքում` ճիշտ կլինի ասել` բնական պաշարների-հանքահումքի արտահանում: Համեմատության համար ասենք, որ խտանյութերի արտահանումը շատ ավելի վտանգավոր հետեւանքներ է ծնում, քան հանքանյութը բնական վիճակում արտահանելն է, քանի որ հանքանյութի արտահանման դեպքում երկրում չեն գոյանա հանքարդյունաբերական մահաբեր թափոնները:
Որոշման մեջ նշված արդյունաբերական արտադրանքի եւ արտահանման ծավալների աճը, պարզ է, որ կատարվելու է ապրելու համար անհրաժեշտ տարածքների նվազեցման եւ բնական չվերականգնվող պաշարների չարաշահման հաշվին: Օրինակ, Թեղուտի հանքավայրի շահագործման հետեւանքով հողատարածքների եւ ջրային համակարգերի կորստի եւ ավերման հետ մեկտեղ, հանքարդյունաբերական թափոնների տարածմամբ աստիճանաբար օգտագործումից դուրս են գալու նաեւ հարակից հողային եւ ջրային համակարգերը...
Ակնհայտ է, որ այս կետում նույնպես բացառիկ, գերակա հանրային շահ չի նկատվում:
գ) Անդրադառնանք Որոշման այն դրույթին, թե իբր ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը:
Նախագծում (հատոր 9, էջ 14) ասվում է, որ տարեկան մաքուր շահույթը կազմելու է 32,86 մլն դոլար: Պարզ է, այդ շահույթը պատկանելու է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը, իսկ շահույթի 20 տոկոսը` Հայաստանի Հանրապետությանը (hասկանալի է, որ դա կարող է լիարժեք իրականացվել, եթե հարկման վրա հսկողությունն ուժեղացվի եւ չարաշահումներ չլինեն): Սակայն, արդյո՞ք այդ 20 տոկոսը պետք է ամրապնդի մեր Երկրի տնտեսական անվտանգությունը:
Ավելի քան 3000 գյուղատնտեսական կայուն աշխատատեղերին կորուստ պատճառելով, բնակության կենարար միջավայրն ավերելով, աղտոտելով, ոչնչացնելով, բարեբեր տարածքներն ապրելու համար ոչ պիտանի դարձնելով` ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելով, տարեկան խոստացված 6-7 մլն դոլարին համարժեք դրամ բյուջեն ավելացնելով, Երկրի բնական պաշարներն արագընթաց սպառման տանելով ոչ միայն հնարավոր չէ երկրի տնտեսական անվտանգությունն ամրապնդել, այլեւ վստահորեն կարելի է ասել, որ այդպիսի գործելակերպը ժամանակավոր տնտեսական կեղծ դրական տեղաշարժ ունենալով հանդերձ, ակնհայտորեն բերելու է տնտեսության թուլացման եւ քայքայման:
Եթե խնդիրը մեր Երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանն է վերաբերում, ապա ոչ թե համաժողովրդական-պետական հարստությունը պետք է հանձնվի օտարերկրյա ընկերություններին եւ նրանցից սպասվի շահույթի 20 տոկոսը (որը տարբեր պատրվակներով միշտ չէ, որ մուծվում է), այլ ՀՀ կառավարությունը պետք է տեր կանգնի իր սեփական ունեցվածքին, հանքավայրերն ինքը շահագործի եւ պետական բյուջեն հարստացնի ոչ թե նշված տոկոսներով, այլ հանքավայրերի շահագործումից առաջացած ամբողջ շահույթով: Դրա հետ մեկտեղ, հանքարդյունաբերություն ասելով, գլխավորապես փոքր տարածք ունեցող Հայաստանի Հանրապետության համար, պետք է հասկացվի ոչ թե միաժամանակ բազմաթիվ հանքավայրերի հապճեպորեն շահագործում, մետաղների խտանյութերի արտահանում, այլ` հանքանյութի տարեկան օգտագործման չափավորում, հիմնական եւ ուղեկցող մետաղների եւ այլ օգտակար նյութերի հնարավորինս լիարժեք կորզում, ժամանակակից չափանիշներին համապատասխանող մաքուր մետաղների ստացման արտադրությունների հիմնում:
Եթե խնդիրը մեր Երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանն է վերաբերում, ապա մեր Երկրում հանքահանությամբ զբաղվողներին անհապաղ պետք է զրկել հանքարդյունաբերական թափոնները համապատասխան վայրերում թափելու դիմաց բնապահպանական վճար չմուծելու հիմնազուրկ արտոնությունից: Միայն այդ քայլով հնարավոր կլինի կանխել Հայաստանի Հանրապետության տարածքը խոշորածավալ ավերումից ու աղտոտումից: Այդպիսի քաղաքականության պայմաններում օգտակար հանածոների ցածր պարունակության հանքավայրերը չեն շահագործվի եւ կվերանա մեր Երկրում ծավալվող «հանածոների տենդը»: Իսկ եթե հանքարդյունաբերական թափոնները դասվեն իրենց վտանգավորության աստիճանին համապատասխան եւ անհեռանկարորեն չլցվեն գետերի հուները, կիրճերը, ապա օգտակար հանածոների օգտագործումն իրոք կբերվի իրավական դաշտ եւ կհամապատասխանեցվի մեր Երկրի շահերին:
դ) Հիմնավորված չէ նաեւ Որոշման այն դրույթը, թե իբր ծրագրի իրականացումը լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Շնող, Թեղուտ եւ մոտակա բնակավայրերի բնակիչները վաղ գարնանից մինչեւ ուշ աշուն օգտվում են շրջակա բնության բարիքներից (ուտելի բույսեր եւ դեղաբույսեր, սնկեր, հատապտուղներ, մրգեր եւ այլն), ինչից կզրկվեն Թեղուտի հանքավայրը շահագործելու դեպքում ոչ միայն տարածքների ավերման-ոչնչացման, այլեւ հիմնականում տարածքների աղտոտման պատճառով: Կցանկանայինք իմանալ. այդ ո՞ր բնակավայրերն են, որոնց սոցիալական վիճակը բարելավվել է իրենց տարածքներում կամ հարեւանությամբ գտնվող հանքավայրերի շահագործման հետեւանքով: Օրինակ, այդ տարածաշրջանի Շամլուղ եւ Ախթալա ավաններն անցյալ դարի 60-ականներին համարվել են տեղի ամենաբարեկեցիկ բնակավայրերը: Այդտեղ հանքահանում, հանքավերամշակում սկսելիս խոստանում էին, որ նշված բարեկեցությունը կկրկնապատկվի ու կեռապատկվի: Սակայն այսօր այդ բնակավայրերն արդեն քայքայվում են: Նույնը կարելի է ասել մյուս հանքավայրերի եւ դրանց թափոնների, գլխավորապես պոչամբարների հարեւանությամբ գտնվող բնակավայրերի մասին:
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը չնչին գումարներով (մեկ քառակուսի մետրը 30-40 դրամ) գնում է այդ երկու գյուղերի բնակիչների վարելահողերն ու այգիները: Փաստորեն, գյուղացին կորցնում է իր ապրուստի հիմնական միջոցը եւ ավանդական աշխատանքը, ինչը պայմաններ է ստեղծում տարածքը լքելու համար:
Նոր աշխատատեղեր ստեղծելով` սոցիալական վիճակը բարելավելու խոստումները նույնպես հիմնավորված չեն: Ըստ Նախագծի, ստեղծվելու է 1432 ժամանակավոր աշխատատեղ (տարեկան միջին աշխատավարձը 2400 դոլար, «Աշխատանքային նախագիծ, հ. 9, էջ 14), սակայն տարածքների աղտոտման պատճառով աստիճանաբար կվերանան այժմ գոյություն ունեցող վերը նշված ավելի քան 3000 մշտական աշխատատեղերը:
Նաեւ` հանքարդյունաբերական աշխատանքներում 1432 մարդ ներգրավելու համար «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը 257 մլն դոլար վարկ է վերցրել, այսինքն` յուրաքանչյուր աշխատատեղի հաշվով ավելի քան 172 հազար դոլար է ծախսվելու: Հետաքրքիր է իմանալ, թե ՀՀ կառավարությունն իր բյուջեից ինչ միջոցներ է հատկացնում Շնող եւ Թեղուտ բնակավայրերում առկա ավելի քան 3000 աշխատատեղերը պահպանելու եւ դրանց արդյունավետությունը մեծացնելու համար:
Հայտարարելուց զատ, պետք է նաեւ հիմնավորվի, թե այդ որ խնդրո՞ւմ է, որ նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից: Վստահորեն կարելի է ասել, որ այդպիսի շահ գոյություն չունի:
Արդյո՞ք «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը հուսալի գործընկեր է
ՀՀ կառավարության նշված որոշումների կայացումը զարմանք է հարուցում նաեւ այն առումով, որ «Վալլեքս գրուպ»-ի մեջ ընդգրկված «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը տապալել է Կառավարության հետ ավելի քան 10 տարի առաջ կնքած իր պայմանագիրը. չի կատարել Ալավերդու պղնձաձուլարանը ժամանակակից չափանիշներով գործարկելու, քաղաքի մթնոլորտ արտանետվող նյութերից ծծմբական թթու կամ գիպս ստանալու, անօրգանական փոշին (հիմնականում ծանր մետաղների աէրոզոլեր), մկնդեղը, կապարը, ցինկը, պղինձը եւ այլն որսալու, օգտահանելու, նշված եւ այլ նյութերի արտանետումները գործիքային եղանակով չափելու, մաքուր պղինձ եւ ուղեկցող թանկարժեք ու հազվագյուտ մետաղները տեղում ստանալու ստանձնած պարտավորությունները:
Նշված պարտավորությունների կատարումը խթանելու համար ՀՀ կառավարությունը Ընկերությանը տարիներ շարունակ արտոնել է բնապահպանական վճարները միայն մասնակիորեն վճարել:
Այդուհանդերձ, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության գործունեությունն Ալավերդի քաղաքում աղետալի իրավիճակ է ստեղծել: Այստեղ անհրաժեշտ ենք համարում մեջբերում կատարել «ԱրմենիաՆաու» ինտերնետային շաբաթաթերթից (www.armenianaw.com , 2006թ., N17, ապրիլ). «Առողջա֊պա֊հու֊թյան նախարարու- թյան տրամադրած վիճակագրությունը պարզ արտացոլում է, թե ինչպիսի խնդիրներ են սկսում 2000թ. հետո: Եթե 1992թ., երբ գործարանը չէր աշխատում, չի արձանագրվել ոչ մի արատավոր ծնունդի դեպք, ապա 2001թ. Ալավերդիում գրանցվել է բնածին շեղումով 28 դեպք, իսկ 2004թ. այդ թիվն աճել է մոտավորապես 5 անգամ` հասնելով 107-ի: «Վերջին մեկ տարվա ընթացքում հայտնաբերել ենք հիդրոցեֆալիա (երբ ուղեղի փոխարեն պտղի մոտ ջուր է` ուղեղի գերջրություն), անենցեֆալիա` գլխի դիմային մասը կա, իսկ ուղեղը չկա, ողնաշարի ճողվածք, «երկու գլխանի» պտուղ (գլխանման պարկ լցված ջրով) եւ այլ արատներ: Դրանք հիմնականում կյանքին անհամատեղելի արատներ են եւ մինչեւ ծննդաբերությունը արհեստական վիժում է կատարվում»,- ասում է Ալավերդու ծննդատան գլխավոր բժիշկ Ամալյա Ազատյանը: Ըստ վիճակագրության, բացի պերինատալ շրջանում առաջացած արատներից ու հիվանդություններից, վերջին մի քանի տարում ավելացել է նաեւ չարորակ գոյացություններ ունեցող մարդկանց թիվը: Ալավերդու պոլիկլինիկայի տվյալների համաձայն` եթե 2002թ. գրանցվել է 360 դեպք, ապա 2003թ. արդեն 392 եւ 2004-ին` 411: Գրեթե նույն պատկերն է շնչառական հիվանդությունների պարագայում: Եթե 2001-ին գրանցվել է շնչառական հիվանդություններով մինչեւ 14 տարեկան 697 երեխա, ապա 2003-ին այդ թիվը կրկնապատկվել է` հասնելով 1389-ի: Ըստ Ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի արդյունաբերական թունաբանության լաբորատորիայի ղեկավար Էմիլ Բաբայանի, Ինստիտուտի կատարած հետազոտությունները պարզել են, որ Ալավերդու մանկապար֊տեզներում երեխաները մտավոր ունակություններով 7-10 բալով նորմայից ետ են մնում: Հակառակն է պնդում կոմբինատի ներկայացուցիչ Անդրանիկ Ղամբարյանը. «Դրանք սուտ տեղեկություններ են: Ոչ մեկը չի կարող բացառել, որ արտանետումները կան, բայց դա վնաս չի տալիս: Մարդիկ նախանձից են նման լուրեր տարածում»: Պղնձաձուլական կոմբինատի ղեկավարությունը հավաստիացնում է, որ մոտ ապագայում տեղադրվելու են ֆիլտրեր, որոնք կանխելու են օդային ավազանի աղտոտումը: «2008-ի վերջերին երկու փուլով կգործարկվեն ֆիլտրերը, որոնք կլուծեն էկոլոգիայի խնդիրը: Տեխնիկան բերում են Սլովակիայից: Մի մասը նոր է, մի մասը` օգտագործված»,- ասում է «ԷյՍիՓի» ընկերության լրատվական բաժնի ղեկավար Թագուհի Կարապետյանը: Մինչդեռ Ալավերդու քաղաքային իշխանության որոշ օղակներ (ովքեր չցանկացան հրապարակել իրենց անունները) փաստում են, որ ներկրվող սարքավորումներն արտադրությունից դեմոնտաժված են եւ, ըստ էության, խոտան»:
Հավելենք. ըստ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի տվյալների, 2006 թվականին յուրաքանչյուր ալավերդցուն բաժին է հասել 1659 կգ թունավոր նյութեր, հիմնականում ծծմբային անհիդրիդ, նաեւ մկնդեղ, ցինկ, կապար, պղինձ, մոլիբդեն եւ այլն: Այդքանը միայն անշարժ աղբյուրներից: Համեմատության համար նշենք, որ այդ թվականին, ոչ մաքուր մթնոլորտ ունեցող Երեւան քաղաքի յուրաքանչյուր բնակչին բաժին է հասել 2,3 կգ վնասակար նյութեր: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը 1997-2006 թվականներին Ալավերդու պղնձաձուլարանում արտադրել է համապատասխանաբար` 286, 2789, 535, 6840, 4955, 4670, 6259, 9470, 9882, 8792 տոննա պղինձ: Բերենք նաեւ որոշ տվյալներ Ալավերդի քաղաքի ծննդի եւ մահվան վերաբերյալ: 1994թ. ծնվածներ` 273, մահացածներ` 241, 1995թ. ծնվածներ` 239, մահացածներ` 212, 1996թ. ծնվածներ` 253, մահացածներ` 234, 1997թ. ծնվածներ` 234, մահացածներ` 177, 1998թ. ծնվածներ` 216, մահացածներ` 197, 1999թ. ծնվածներ` 185, մահացածներ` 186, 2000թ. ծնվածներ` 208, մահացածներ` 206, 2001թ. ծնվածներ` 196, մահացածներ` 185, 2002թ. ծնվածներ` 205, մահացածներ` 185, 2003թ. ծնվածներ` 219, մահացածներ` 219, 2004թ. ծնվածներ` 204, մահացածներ` 190, 2005թ. ծնվածներ` 201, մահացածներ` 180, 2006թ. ծնվածներ` 179, մահացածներ` 195:
«Վալլեքս գրուպ»-ը, իմա` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը բնապահպանական խնդիրների նկատմամբ պատշաճ վերաբերմունք չի դրսեւորում նաեւ Արցախում: Օրինակ, Դրմբոնի հանքավայրը շահագործելիս պոչամբարները տեղադրել է Սարսանգի ջրամբարի անմիջական հարեւանությամբ, առանց հատակի մեկուսացման...
Անհասկանալի է, թե ՀՀ կառավարությունն ի՞նչ հիմնավորմամբ է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության հետ նոր գործարքներ կնքում...
Նաեւ` եթե մինչ Թեղուտի հանքավայրին տիրանալը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը խնդրին վերաբերող քննարկումներում եւ մամուլի հրապարակումներում հայտարարում էր, որ Ալավերդու պղնձաձուլարանում թվարկած միջոցառումների իրականացումը հնարավոր կլինի միայն Թեղուտի հանքավայրի շահագործումից հետո, ապա ՀՀ կառավարության N1278-Ն եւ N1279-Ն որոշումները կայանալուց հետո ընկերությունն արդեն հայտարարում է, որ փակելու է պղնձաձուլարանը, իսկ պղնձի խտանյութն արտահանելու է, քանզի սպասվում է բնական գազի գնի բարձրացում, ինչը կմեծացնի պղնձի ինքնարժեքը: Ընկերությունն այս անգամ էլ արդեն շրջանառության մեջ է դրել փակվելիք պղնձաձուլարանի փոխարեն այլ ձուլարան կառուցելու վարկածը, իբրեւ աշխատատեղ ստեղծելու եւ մաշված սարքավորումներն ու մեքենաները ձուլելու նպատակով: Հարց է առաջանում` արդյո՞ք այդ դեպքում գազ չի ծախսվելու:
Եվս մեկ խնդիր: «Առավոտ» օրաթերթը (12.12.2007թ.) գրում է. «Օրերս «ՎՏԲ» բանկը «ACP» ընկերությանը մոտ 300 մլն դոլարի վարկ տրամադրեց` Թեղուտի հանքավայրի շահագործման համար: Մեր տեղեկություններով, մինչ այս գործարքը` «ACP»-ն վարկ ստանալու համար բանակցություններ էր վարում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ, սակայն անկախ միջազգային փորձագետի ուսումնասիրություններից հետո բանկը հրաժարվել է վարկը տալ: Ըստ մեր աղբյուրի, թեեւ անկախ փորձագետը Թեղուտի շահագործումը ֆինանսական առումով դրական է գնահատել, սակայն բնապահպանական խնդիրների եւ հասարակական կազմակեր- պությունների բարձրացրած աղմուկի պատճառով հրաժարվել է ֆինանսավորել: «ACP» ընկերության ղեկավար Գագիկ Արզումանյանը «Առավոտին» պարզաբանեց, որ եվրոպական բանկի հետ բանակցություններ են եղել ոչ թե Թեղուտի հանքի շահագործման, այլ Ալավերդու պղնձաձուլական գործարանի համար: Սակայն գործարքը տեղի չի ունեցել Ադրբեջանի կառավարության` բանկին բողոք ներկայացնելու պատճառով: ... Անկախ փորձագետի առնչությամբ էլ պարոն Արզումանյանն ասաց. «Թեղուտի համար Եվրոբանկը որեւէ անկախ փորձագետ չի ներգրավել»:
Մեր ձեռքի տակ է «Initial Environmental, Social, Health and Safety Review, Armenian Copper Programme, Armenia, July 2006, WSP» 47 էջանոց փաստաթուղթը, որի 4-րդ էջում կարդում ենք. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը WSP ընկերությանը պատվիրել է իրականացնել հյուսիսային Հայաստանում իր գործունեության բնապահպանական, անվտանգության, առողջապահական եւ սոցիալական բարձր մակարդակի գնահատում: Ծրագիրը նախորդել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից ընկերությունում նախատեսվող ներդրումներին եւ ուսումնասիրել է չորս հիմնական ոլորտ`
գործարանի որպես ամբողջություն, սահմանված պահանջներին համապատաս- խանության ներկա աստիճանը, ձուլարանի համար գազերի թաց մաքրման համակարգի նախատեսվող կառուցումը, Ալավերդու եւ Թեղուտի երկու հանքավայրերում նախատեսվող աշխատանքները»:
Այդ աշխատությունում առկա է Թեղուտի հանքավայրին վերաբերող բաժինը եւ նշված է աշխատանքներին մասնակիցների ցանկը (Ռ. Պապոյան, Գ. Բաբայան, Ա. Եգորյան, Ա. Առաքելյան, Ա. Նաջարյան, Ս. Երիցյան, Հ. Ավագյան), իսկ ՀՀ եկած անկախ փորձագետը David Symons-ն է:
Տպավորություն է ստեղծվում, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը` ի դեմս Ռուսաստանի քաղաքացի Վալերի Մեջլումյանի, Հայաստանի Հանրապետությունում բացառիկ արտոնություններ ունի: Չի կատարում ստանձնած պարտավորությունները, սակայն ՀՀ կառավարությունը նրա հետ տնտեսական գործունեության նոր պայմանագրեր է կնքում: Ավելին, ՀՀ նախագահի հրամանագրով (14.10.2003թ.) Վ. Մեջլումյանն ընդգրկվել է ՀՀ ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի կազմում, այն դեպքում, երբ նա ՀՀ քաղաքացի չէ եւ մեր Երկրի հանքարդյունաբերության ոլորտում տնտեսական գործունեություն է ծավալում, այսինքն` այդ հարցում շահագրգիռ անձ է:
Այստեղ նաեւ ցանկանում ենք մեր մտահոգությունն արտահայտել քննարկվող Նախագծին առնչվող մի կարեւոր խնդրի վերաբերյալ: Ըստ Նախագծի` Թեղուտի հանքավայրի բաժնետոմսերի 81 տոկոսը պատկանում է Լիխտենշտեյնում գրանցված Vallex F. M. Establishment ընկերությանը, իսկ 19-ը` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը` ի դեմս Ռուսաստանի քաղաքացի Վալերի Մեջլումյանի: Զարմանք է հարուցում, որ այդ ծրագրի բաժնետոմսերի մեծամասնության տերը մինչ այսօր տեսադաշտում չի երեւում, հայտնի չէ նրա մասին որեւէ փաստ, նրա ով լինելը: Նաեւ անհասկանալի է, թե ինչո՞ւ ծրագրի հետ կապված բոլոր հոգսերն իր վրա է վերցրել բաժնետոմսերի միայն հինգերորդ մասի տերը` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը, որը դիմել եւ ստացել է հանքավայրի երկրաբանական ուսումնասիրության արտոնագիրը, կազմել ու ներկայացրել է Նախագիծը եւ դրա հետ կապված պաշտոնական եւ ոչ պաշտոնական բոլոր գործողություններում հանդես է գալիս միայն ինքը:
Ամփոփում
ՀՀ կառավարության N1278-Ն որոշումը պատմական որոշում է, սակայն վատագույն իմաստով, քանզի այդ որոշմամբ փաստորեն փոխվում է անտառների նկատմամբ վարվող պետական քաղաքականությունը եւ հիմք է դրվում Հայաստանի անտառների ոչնչացման գործընթացին` այն առումով, որ ՀՀ անտառածածկ տարածքներում հիմնականում առկա են օգտակար հանածոներ:
ՀՀ կառավարության որոշման մեջ Թեղուտի հանքավայրի նախագիծը համարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված, այն դեպքում, երբ բացահայտված է Նախագիծը օրենսդրական կոպիտ խախտումներով հաստատման փաստը: Այդ նույն նախագիծը հիմք է հանդիսացել Թեղուտի հանքավայրի շահագործման եւ հողատարածքները սեփականատերերից օտարելու եւ այդտեղ բացառիկ` հանրային գերակա շահ ճանաչելու համար:
Նախագծում տնտեսական վնասի գնահատումը հիմնականում կատարել են հնացած մեթոդական ձեռնարկներով, ինչպես եւ այսօրվա գները համեմատության մեջ են դրել 1984թ. գների հետ` մեկ ռուբլուն մեկ դոլար հաշվարկով, երբ դրանց գնողունակությունները կտրուկ տարբեր են եւ համեմատելի չեն:
Թեղուտի հանքավայրի բաժնետոմսերի մեծամասնության տերը մինչ այսօր տեսադաշտում չի երեւում, հայտնի չէ նրա մասին որեւէ փաստ, նրա ով լինելը:
ՀՀ բնապահպանության նախարարությունն անտեսելով օրենսդրական պահանջները «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կազմած, լուրջ թերություններ ունեցող Թեղուտի հանքավայրի նախագիծն ընդունել է եւ առանց փորձագիտական ուսումնասիրություն կատարելու, դրան տվել է դրական եզրակացություն:
ՀՀ բնապահպանության նախարարությունը Թեղուտի հանքավայրի նախագծի կապակցությամբ չի կատարել օրենքով սահմանված պահանջները. չի կանխորոշել նախատեսվող գործունեության վնասակար ազդեցությունը եւ դրա կանխարգելման ուղղությամբ պահանջվող անելիքները, անտեսել է բնական պաշարների արդյունավետ, համալիր եւ բանական օգտագործման պահանջները: Կատարված փորձաքննությունում բացակայում են գիտական հիմնավորվածության եւ օրինականության, ինչպես նաեւ որոշումների ընդունման հրապարակայնության սկզբունքները:
Բնապահպանության նախարարությունը, առանց հիմնավորման, անտառածածկ տարածքում հանքահանման նպատակով ուսումնասիրություն կատարելու արտոնագիր է տվել: Բացակայում են նաեւ լեռնային գետակների հուները թափոնների պահեստարաններ դարձնելու հիմնավորումը հաստատող փաստաթղթերը:
Համապետական նշանակություն ունի Թեղուտի անտառների, վարելահողերի, այգիների, արոտավայրերի եւ ընդհանրապես բնական համակարգերի պահպանությունն ու այսօրվա վիճակում դրանց բանական օգտագործումը, այլ ոչ թե դրանց չհիմնավորված շահագործումը, փաստորեն` ավերումը, աղտոտումը եւ ոչնչացումը:
ՀՀ կառավարության նշված որոշումների կայացումը զարմանք է հարուցում նաեւ այն առումով, որ Վալլեքս գրուպի մեջ ընդգրկված «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը չի կատարել ՀՀ Կառավարության հետ կնքած պայմանագիրը` Ալավերդու պղնձաձուլարանը ժամանակակից չափանիշներով գործարկելու, քաղաքի մթնոլորտ արտանետվող նյութերից ծծմբական թթու կամ գիպս ստանալու, անօրգանական փոշին, մկնդեղը, կապարը, ցինկը, պղինձը եւ այլն որսալու, օգտահանելու, նշված եւ այլ նյութերի արտանետումները գործիքային եղանակով չափելու, մաքուր պղինձ եւ ուղեկցող թանկարժեք ու հազվագյուտ մետաղները տեղում ստանալու ստանձնած պարտավորությունները:
Համոզված ենք, որ Թեղուտի խնդիրը, որպես պետական անվտանգության նշանակություն ունեցող առանձնահատուկ խնդիր, բազմակողմանի ու մանրազնին կուսումնասիրվի եւ արդյունքում նշված որոշումները չեղյալ կհամարվեն, ինչպես նաեւ կվերանայվեն ՀՀ օրենքների մեջ տեղ գտած, օրինակ, հանքարդյունաբերությանը վերաբերող անընդունելի այն սահմանումները, որոնք բխում են միայն առանձին անհատների շահերից եւ վնասաբեր են մեր Երկրի համար:
25.12.2007թ.
հեռ. 281411, էլ. փոստ [email protected]
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել