Թեղուտի հանքավայրի շահագործումը հանրության դեմ ուղղված գործողություն է
2007թ. նոյեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը «Թեղուտի հանքավայրի ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոխելու եւ հողամասեր տրամադրելու մասին», ինչպես նաեւ «Շնողի եւ Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» որոշումներ (N1278-Ն, N1279-Ն) է կայացրել:
Համաձայն N1278-Ն որոշման, 1490,801 հեկտար (1207,55-ը` անտառային) հողերը փոխադրվել են արդյունաբերական, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակություն ունեցող հողերի կատեգորիայի, իսկ N1279-Ն որոշումով` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության 81,483 հա հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ:
ՀՀ կառավարությունը փոխելով 1572,284 հեկտար հողերի կարգավիճակը, արտոնել է «Վալլեքս գրուպ»-ի մեջ ընդգրկված «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությանը` շահագործել Թեղուտի հանքավայրը:
Փորձենք պարզել, թե Կառավարության նշված որոշումները` գիտական, իրավական, տնտեսական ի՞նչ հիմքեր ունեն, եւ թե արդյո՞ք Թեղուտի հանքավայրի շահագործումն իրոք հանրային շահ է հետապնդում:
Այդ որոշումների համար հիմք են հանդիսացել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության կազմած` Թեղուտի հանքավայրի Նախագիծը («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» եւ «Աշխատանքային նախագիծ», հետայսու` ՇՄԱԳ եւ Նախագիծ, համապատասխանաբար), եւ գլխավորապես այդ նախագծին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված` Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական եզրակացությունը:
Մինչ այդ փաստաթղթերի քննարկումը, անհրաժեշտ ենք համարում, նախ անդրադառնալ հանքարդյունաբերական թափոնների ոլորտում վարվող պետական քաղաքականության այն խնդրին, որն իրոք հայ ժողովրդի ներկայի ու ապագայի համար կանխորոշիչ նշանակություն ունի:
Հանքարդյունաբերական թափոններ
«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի երրորդ հոդվածը սահմանում է. «Շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների յուրաքանչյուր տոննայի սահմանված կարգով տեղադրման (պահման) համար վճարի դրույքաչափերն են`
- առաջին դասի վտանգավորության թափոններ - 48000 դրամ,
- երկրորդ դասի վտանգավորության թափոններ - 24000 դրամ,
- երրորդ դասի վտանգավորության թափոններ - 4800 դրամ,
- չորրորդ դասի վտանգավորության թափոններ - 1500 դրամ,
- ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ լեռնաարդյունահանող իրավա-բանական անձանց կողմից տեղադրվող եւ հողածածկույթի քանդման ու շինա-րարության հետեւանքով առաջացած ոչ վտանգավոր թափոնների ) - 600 դրամ,
- լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոններ - 0 դրամ»:
Նախ նշենք, որ այս սահմանումը նաեւ ծածկագիր է, այն իմաստով, որ «լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոններ» ասելով` պետք է հասկացվի հանքարդյունաբերության հետեւանքով առաջացող` մակաբացման («դատարկ») ապարներ եւ պոչանք: Հայտնի է, որ պոչանքը եւ մակաբացման ապարները պարունակում են բուսակենդանական աշխարհի համար խիստ վտանգավոր նյութեր` ծանր մետաղներ, որոնք ունեն սաղմնաթունավոր, մուտագեն, իմունային համակարգը վնասող հատկություն, առաջացնում են ժառանգական խաթարումներ եւ այլաբնույթ հիվանդություններ: Այդ թափոնները` մակաբացման ապարները եւ պոչանքը, միմյանցից հիմնականում տարբերվում են նրանով, որ պոչանքը փոշիացված-ակտիվացված է, պարունակում է քիմիական լրացուցիչ միացություններ եւ հեշտությամբ է տարածվում:
Ի՞նչ հիմնավորմամբ է հանքավայրերը շահագործողներին արտոնվում իրենց արտադրած թափոնները (այն էլ խիստ վտանգավոր նյութեր պարունակող, այսինքն` թունավոր թափոնները) շրջակա միջավայրում տեղադրելու դիմաց չվճարել, երբ նշված արտոնությունն այն գլխավոր գործոնն է, որ հանքերին տեր դարձածների համար շահութաբեր է դարձնում անգամ մետաղների շատ ցածր պարունակությամբ հանքավայրերի շահագործումը:
«Թափոնների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանվում է. «Օրենքի գործողությունը չի տարածվում` հանքարդյունահանող կազմակերպությունների մակաբացման շերտի ապարների վրա: Սույն մասով նախատեսված` թափոնների գործածության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ այլ օրենքներով եւ իրավական ակտերով»:
Սակայն այս դրույթը սովորական խաբկանք է: Իրականում մակաբացման շերտի ապարների գործածության հետ կապված հարաբերությունները որեւէ օրենքով չեն կարգավորվում: Ավելին` նաեւ որեւէ օրենքով չեն կարգավորվում հանքարդյունաբերական ամենավտանգավոր թափոնները` «պոչանքները»: Այսինքն` ընկերությունների, իմա` առանձին անհատների շահերին ծառայող այդ սահմանումը, հավանաբար, արված է միայն նրա համար, որ մարդկանց ուշադրությունը խնդրից շեղվի: Այս եւ խնդրի հետ կապված մյուս անտրամաբանական մոտեցումներից կարելի է եզրակացնել, որ հանքարդյունաբերական թափոնները հարկման դաշտից հեռացնել-հանելը կատարվում է մեր Երկրի օրենսդիր եւ գործադիր մարմինների հետեւողական ու համերաշխ գործունեությամբ:
Ճիշտ է, խորհրդային իշխանության օրոք հանքարդյունաբերական թափոններ պահեստավորելու համար վճարներ սահմանված չէին, բայց դա հենց այդպես էլ պետք է լիներ, քանզի պետությանն էին պատկանում բնական պաշարներն ու դրանց շահագործման մենաշնորհը, եւ պետությունն էլ լուծում էր նշված թափոնները մեկուսացնելու, օգտահանելու եւ մյուս խնդիրները:
Փոխվել է հասարակարգը, փոխվել են սեփականության ձեւերը, նաեւ` իրերի դրությունը: ՀՀ պետությունը զրկվել է, կարելի է ասել` ինքնակամ հրաժարվել է իր իսկ բնական հարստությունները շահագործելու իրավունքից:
ՀՀ իշխանավորները դրամաշնորհային, վարկային, մարդասիրական օգնության եւ այլ կարգի փաստաթղթերի ստորագրման-վավերացման արդյունքում, օրինակ, հանքարդյունաբերության ոլորտում տիրոջ կարգավիճակը կորցրել են եւ կարելի է ասել` ձեռք են բերել համարյա դիտորդի կարգավիճակ: Սակայն Միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեդալներ են ստանում եւ արժանանում նրանց գովեստին:
Այժմ ՀՀ կառավարությունը ոչ միայն նոր հանքավայրեր չի շահագործում, այլեւ, հիմնականում, օտարերկրյա ընկերություններին է հանձնում շահագործվող հանքավայրերը: Օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենային, Սոթքի ոսկու եւ այլ հանքավայրերը:
Հանքարդյունաբերությունը դարձել է ընկերությունների եւ անհատների մենաշնորհ, սակայն թափոնների կառավարման խնդրում չի փոխվել նախկին կարգը: Թափոնների երկարաժամկետ կառավարման խնդիրն ինչպես կար, այնպես էլ մնացել է պետության վրա: Իսկ պետությունն ինչպե՞ս կկարողանա իրականացնել հսկայածավալ ֆինանսական, տեխնիկական միջոցներ եւ մարդուժ պահանջող այդ խնդիրը, երբ հանքարդյունաբերությունից առաջացած շահույթին հիմնականում տիրանում են շահագործողները: Նույն պատկերն է նաեւ տնտեսության մյուս ճյուղերում: Ասվածից կարելի է անել այն հետեւությունը, որ նշված օրենքի` հանքարդյունաբերական թափոններին վերաբերող սահմանումը հիմնավորված չէ, հակասում է Հայաստանի Հանրապետության շահերին, հետեւաբար, փոխվելու հրատապ անհրաժեշտություն ունի:
Բնական պաշարների նկատմամբ իր անհեռատեսությամբ ՀՀ օրենսդիրներից ետ չի մնում նաեւ մեր Երկրի կառավարությունը: ՀՀ կառավարությունը հանքարդյունաբերությամբ զբաղվողներից պահանջվող բնօգտագործման վճարները նվազեցրել է: Եթե 1993 թվականին այդ վճարը, օրինակ, պղնձամոլիբդենային հանքավայրերի համար կազմում էր իրացված գնի 6 տոկոսը, ապա այժմ` 1,3 տոկոսը, այսինքն` 4,6 անգամ պակաս: Դժբախտաբար, ՀՀ իշխանությունները չեն ցանկանում ընդօրինակել աշխարհով մեկ, իհարկե որոշ բացառություններով, ընդունված այն կարգը, երբ պետություններն առանձնակի հոգատարություն են ցուցաբերում սեփական բնական պաշարները խնայողաբար եւ արդյունավետ օգտագործելու եւ պահպանելու խնդիրներում: Օրինակ, Չիլիում հանքահանմամբ զբաղվողները պետությանը մոտ 2,5 անգամ ավելի շատ շահութահարկ են վճարում, քան տնտեսության այլ ճյուղերում:
Հիմնավորված չէ նաեւ մակաբացման ապարները ոչ վտանգավոր, իսկ պոչանքը միայն չորրորդ դասի վտանգավորության թափոն համարելը (Նախագծի 39-րդ էջում կարդում ենք. «Պոչերը հրդեհավտանգ չեն եւ պատկանում են վտանգավորության 4 դասին»: Առայժմ մեզ չի հաջողվել ճշտել, թե այդ ո՞ր օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով է սահմանված պոչանքների` վտանգավորության չորրորդ դասին պատկանելը): Նշենք, որ թափոնների ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը հանդիսանում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Այդ նախարարության իրավասությունն է` ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկի սահմանումը (Թափոնների մասին ՀՀ օրենք, հոդված 8):
Ակնառու է, որ հանքարդյունաբերական թափոններն իրենց վտանգավորության աստիճանին համապատասխան չդասելը եւ դրանք համապատասխան վայրերում լցնելու դիմաց բնապահպանական վճարներ չպահանջելը, փաստորեն, նշանակում է հափշտակել պետության-ազգային ունեցվածքը:
Օրենսդրորեն սահմանված այդ կարգը ճանապարհ է հարթում օգտակար հանածոների շատ ցածր պարունակությամբ հանքավայրերի շահագործման համար, ինչն ակնհայտորեն կբերի փոխկապակցված աղետալի ու կործանարար հետեւյալ երեւույթների`
- օգտակար հանածո պաշարների արագ սպառման,
- բնական համակարգերի լայնածավալ ավերման, դրանց կայուն աղտոտման եւ ոչնչացման,
- ջրագոյացման համակարգերի ավերման եւ վերացման, ինչպես եւ ջրերի աղտոտման եւ դրանց որակական հատկանիշների վատացման,
- վարելահողերի, անտառների, այգիների, արոտավայրերի կորստի, ինչպես նաեւ պահպանված տարածքների աղտոտման եւ անօգտագործելի դառնալուն,
- ավանդական երկրագործության գոյություն ունեցող մշտակայուն աշխատատեղերի նվազեցման եւ վերացման, գյուղատնտեսական մթերքի որակական հատկանիշների վատացման եւ արտադրական ծավալների նվազեցման,
- հողի բերրիության անկման,
- աղքատության խորացման եւ ծավալման,
- կենդանիների, այդ թվում` մարդկանց հիվանդացությունների աճի,
- բնակչության արտագաղթի,
- պետության հիմքերի թուլացման ...
Կարծում ենք, մեր Երկրի շահերից չի բխում նաեւ բնապահպանական վճարներից մասնահանումներ կատարելու կարգը: «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Արմենիան Քափըր Փրոգրամ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, Դինո գոլդ մայնինգ քամփնի, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ, Արարատցեմենտ, Միկա-ցեմենտ, Հրազդան ՋԷԿ, Երեւան ՋԷԿ, Գաջեգործ, Գաջ ՓԲ ընկերությունների, Արմենիան մոլիբդեն փրոդաքշն ՍՊԸ, Մաքուր երկաթ, Ասկե-գրուպ եւ Չարենցավանի Ձուլակենտրոն ԲԲ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարներից մասնահանումներ կատարվում եւ առանձին տողով արտացոլվում են այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն»:
Փաստորեն, ընկերություններին արտոնվում է ոչ միայն տրիլիոնավոր դրամի հարկեր չվճարել, այլեւ նրանց է հանձնվում ՀՀ քաղաքացիների վրա ազդեցության որոշ լծակներ: Հետաքրքիր է, ի՞նչ հիմնավորմամբ ու տրամաբանությամբ է կառավարության այս ֆունկցիան հանձնվում մեր Երկրում տնտեսական գործունեություն վարող ընկերություններին: Չէ՞ որ այդպիսի կարգը բերում է ընկերությունների ազդեցության ոլորտի ընդլայնմանը` բնակչության վրա ճնշում գործադրելուն, ինչպես նաեւ մարդկանց մտածելակերպում ստրուկի հոգեբանության ամրագրմանը: Դժբախտաբար, ձեւավորվել է «պետություն պետության մեջ»` քայքայիչ ու կործանարար համակարգը:
Բոլորին է հայտնի, որ հանքահանման-հանքավերամշակման գործունեությամբ զբաղվում են եւ կարող են զբաղվել միայն մեր Երկրի օրենսդրական եւ պետական կառավարման համակարգի լծակներին տիրապետողներից արտոնություն ստացած հարուստները, ինչպես նաեւ նշված ոլորտում վարվող քաղաքականությունը ձեւավորող ու թելադրող արտաքին ուժի նպատակների իրականացման մասնակիցները:
Հանքարդյունաբերության ոլորտում վարվող` գիտականորեն չհիմնավորված, մեր ազգային շահերին հակասող, հավանաբար եւ նպատակայնորեն հորինված այսպիսի քաղաքականությունը շահեկան է միայն առանձին արտոնյալ անհատների եւ հայ ժողովրդի ստրկացումը ցանկացողների համար:
Ըստ Թեղուտի հանքավայրի նախագծի տվյալների, 25 տարվա ընթացքում վերամշակվելու է 175 մլն տոննա հանքաքար, որի ծավալային կշիռը 2,65 գ/սմխ է, իսկ մակաբացման գործակիցը 0,664 խմ/տոննա է (այսինքն` ամեն մի տոննա հանքանյութ հանելիս, առաջանալու է 0,664 խմ մակաբացման ապար): Եթե մակաբացման ապարների միջին ծավալային կշիռն ընդունենք 2,4 (ըստ մասնագետների, կարելի է վերցնել 2,5-2,6), ապա այդ դեպքում մեկ տոննա հանքաքար հանելիս կառաջանա 1,59 տոննա մակաբացման ապար: Դա նշանակում է, որ նշված տարիներին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը շրջակա միջավայր է թափելու 278 մլն տոննա (116,2 մլն խմ) մակաբացման ապարներ, 172,8 մլն տոննա պոչանք (պոչանքը կազմում է հանքաքարի 98,75%-ը):
Կյանքի համար մեծ վտանգ ներկայացնող պոչանքի եւ մակաբացման ապարների դիմաց եթե անգամ վճարվի հիշյալ օրենքի սակագներով (մակաբացման ապարները հինգերորդ, այսինքն` ոչ վտանգավոր, իսկ պոչանքը` չորրորդ դասի թափոններ), ապա 278 մլն տոննա մակաբացման ապարների համար վճարվելիք գումարը կկազմի 166,8 մլրդ դրամ, իսկ 172,8 մլն տոննա պոչանքի համար` 259,2 մլրդ դրամ: Գումարային 426 մլրդ դրամ (1,42 մլրդ դոլար, դրամի փոխարժեքի 2007թ. դեկտեմբերի տվյալներով` մեկ դոլարը 300 դրամ): Իրենց վտանգավորությունից ելնելով` եթե պոչանքը համարվի առաջին, իսկ մակաբացման ապարները երկրորդ դասի վտանգավոր թափոններ, ապա այդ դեպքում` 14,96 տրիլիոն դրամ (49,86 մլրդ դոլար):
Հավանաբար կգտնվեն մարդիկ, ովքեր թափոնների դիմաց պահանջվող գումարները մեծ կհամարեն, սակայն մեր կարծիքով, դրանք չնչին են` Դուքանաձոր, Պակասաջուր (կամ Թեղուտ, Խառատաձոր), Կռունկ լեռնային գետակների հուների-կիրճերի ավերման, ոչնչացման, դրանց ջրերի աղտոտման, Փիջուտ, Շեւուտ եւ Գուլաբի լեռնային գետակների խաթարման, ինչպես նաեւ Շնող եւ Դեբեդ գետերի աղտոտման դիմաց փոխհատուցում համարվելու համար:
Նախագծում մակաբացման ապարները համարվում են ոչ վտանգավոր թափոններ, սակայն, ի հակադրություն դրան, նույն նախագծի 41 էջում գրված է. «Հետագայում այս հողը (բացհանքի եւ լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի տարածքներից տեղահանվելիք բերրի հողը) կօգտագործվի պոչամբարի եւ լցակույտի (մակաբացման ապարների) տարածքի մակերեսը մինչեւ 30-50 սմ հզորությամբ հողաշերտով ծածկելու համար: Սա կկանխարգելի ծանր մետաղներով հարուստ հանքանյութի հողմնահարումը եւ քամու միջոցով շրջակա տարածքներ տարածումը»:
Այժմ մեր Երկրում, առանց որեւէ հարկման` տարեկան տասնյակ միլիոնավոր տոննաներ մակաբացման ապարներ ու պոչանքներ են թափվում կենսոլորտ, հիմնականում, գետերի հուներ:
Այս ամենը ասվում է միայն նրա համար, որ ցույց տրվի, թե Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերությամբ զբաղվողներն օրենսդրորեն ստացած արտոնություններով իգնչ ծավալների գումարներ չեն մուծում պետական գանձարան, եւ եթե օրենսդրական փոփոխություններ չլինեն, հետագայում էլ նույնպես չեն մուծի:
Ըստ Նախագծի, Թեղուտի հանքավայրում հանքաքարի հաստատված պաշարները կազմում են 459 մլն տոննա, մակաբացման նույն գործակցի (0,664) դեպքում կառաջանա 731,5 մլն տոննա (304,7 մլն խմ) մակաբացման ապարներ, պոչանքը կկազմի 453 մլն տոննա: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության պատվերով Թեղուտի հանքավայրի ուսումնասիրություն կատարած կանադական «Strathkona Mineral Services Ltd» ընկերության տվյալներով, հանքաքարի պաշարները կարող են լինել նախկինում հաստատված պաշարներից 15 տոկոսով ավելի: Եթե իրոք դա ճիշտ է եւ հաշվարկային 527,8 մլն տոննա հանքաքարն ամբողջությամբ օգտագործվի, ապա մակաբացման նույն գործակցի դեպքում կառաջանա 841 մլն տոննա (350 մլն խմ) մակաբացման ապար եւ 521 մլն տոննա պոչանք:
Համեմատության համար նշենք, որ մեր Երկրում մինչեւ 2003 թվականը հանքարդյունաբերության հետեւանքով առաջացած պոչանքները կազմում էին ընդամենը 186 մլն խմ (Л. А. Манукян, Безопасная эксплуатация хвостохранилищ горных предприятий Армении, Ереван, 2003, էջ 48-49):
Ամփոփելով այս բաժինը` ցանկանում ենք հարցն ուղղել օրենսդրորեն լիազորված համապատասխան մարմիններին. արդյո՞ք հանքարդյունաբերական թափոնները շրջակա միջավայրում տեղավորելու համար արտոնյալ կարգ սահմանելն ուղղակիորեն չի նշանակում իրավական հիմքեր ստեղծել պետության-ազգային ունեցվածքը կողոպտելու-հափշտակելու համար:
Սակայն դա սովորական կողոպուտ չէ: Օրինակ, միայն Թեղուտի խնդրին խորամուխ լինողը հեշտությամբ կհամոզվի, որ այստեղ յուրաքանչյուր չնչին շահույթի համար Հայաստանի Հանրապետությանը պատճառվելու է միլիարդավոր, նույնիսկ տրիլիոնավոր դրամի նյութական վնաս: Այստեղ տեղին է հիշատակել` «դղյակը հրդեհելով մեկ բաժակ սուրճ եփելու» հայտնի խոսքը:
Վերադառնալով քննարկվող խնդրին, անհրաժեշտ է նշել, որ Թեղուտի հանքավայրի շահագործումն անթույլատրելի համարելու առնչությամբ բազում հոդվածներ են հրապարակվել, ուստի չկրկնվելու համար այստեղ կբերվեն Նախագծում առկա,հիմնականում այն թերությունները, որոնք հիշյալ հրապարակումներում չեն լուսաբանվել կամ մասնակիորեն են լուսաբանվել (Թեղուտի խնդիրը համեմատաբար մանրամասն ներկայացված է «Զոհասեղանին են դրված Լոռվա մարզի Թեղուտ եւ Շնող գյուղերն իրենց հարակից անտառներով» հոդվածում, «Գարուն», N 3-4, 2007թ., էջ 33-50):
Հակիրճ` ՀՀ կառավարության նշված որոշումների համար հիմք հանդիսացած` Թեղուտի հանքավայրի նախագծի, այդ նախագծին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված փորձագիտական եզրակացության, ինչպես նաեւ ՀՀ կառավարության քննարկվող որոշումների (N1278-Ն եւ N1279-Ն) մասին:
1. Որոշ նկատառումներ Թեղուտի հանքավայրի նախագծի վերաբերյալ
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կազմած Թեղուտի հանքավայրի նախագիծը չի ներառում ծրագրի գործողություններն ամբողջությամբ, օրինակ` 25 տարվա հաշվով բերվում են հանքաքարի, մակաբացման ապարների, արտադրական ու կենցաղային թափոնների, ծախսվելիք ջրի, վառելիքի, կորզվելիք պղնձի, մոլիբդենի եւ ուղեկից մետաղների ծավալները, սակայն հողի խախտման-ոչնչացմանը, բուսականությանը, կենդանական աշխարհին, ջրային պաշարներին եւ համայնքային հողերին հասցվելիք վնասները ներկայացվում են միայն 8 տարվա հաշվով: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը հավաստում է, որ առաջին փուլի աշխատանքներին զուգահեռ կկազմվի ու կներկայացվի մնացած 17 տարիների ընթացքում հողերին, կենսաբազմազանությանը եւ այլ բաղադրիչներին հասցվելիք վնասների վերջնական չափը:
Նշված բաղադրիչներին հասցվելիք վնասի իրական ծավալների կոծկումը եւ նախագիծը մաս-մաս ներկայացնելը նաեւ նրբորեն մշակված քայլ է այն առումով, որ եթե սկսվեն հանքավայրի շահագործման աշխատանքները, ապա գործընթացը կստանա անկասելի եւ ու նենա անշրջելի բնույթ:
Հողեր
Նախագծում լցակույտերի (մեծ խտություններով ծանր մետաղներ պարունակող մակաբացման ապարների) տակ մնալիք հողատարածքը 107,4 հեկտար է, որից վնասի հատուցումն առաջին փուլով նախատեսված 52,4 հեկտարի հաշվով ներկայացված է 3,877 մլն դրամ (մեկ հեկտարը` 74 հազար դրամ կամ 185 ռուբլի, մեկ քառ. մետրը` 7,4 դրամ):
Այստեղ անհրաժեշտ է նշել, որ ոչ միայն հողերին վերաբերող հաշվարկներում, այլ նաեւ Նախագծում տնտեսական վնասի գնահատումը հիմնականում կատարել են հնացած մեթոդական ձեռնարկներով, ինչպես եւ այսօրվա գները համեմատության մեջ են դրել 1984թ. գների հետ` մեկ ռուբլուն մեկ դոլար հաշվարկով, երբ դրանց գնողունակություններըը կտրուկ տարբեր են, համեմատելի չեն: Օրինակ` 1984 թվականին մեկ ռուբլով կարելի էր գնել 50 լրագիր կամ 20 անգամ երթեւեկել քաղաքային ավտոբուսով, այն դեպքում, երբ այժմ մեկ դոլարին համարժեք դրամով կարելի է գնել միայն 3 լրագիր կամ 3 անգամ երթեւեկել քաղաքային ավտոբուսով:
Համեմատության համար նշենք, որ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքով` նույն անտառային ֆոնդի հողերում արդյունաբերական թափոններ տեղադրելու դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվով վնասի հատուցումը սահմանված է 10 հազար դրամ, այսինքն` մեկ հեկտարինը` 100 մլն դրամ: Եթե նույնիսկ նշված սակագնով հաշվարկենք, ապա առաջին փուլում լցակույտերի տակ մնալիք 52,4 հեկտարի համար վնասի հատուցումը կկազմի 5,24 մլրդ, իսկ երկրորդ փուլը ներառյալ (107,4 հեկտար)` 10,74 մլրդ դրամ:
Լցակույտերի, այսինքն` մեծ խտություններով ծանր մետաղներ պարունակող մակաբացման ապարների տակ մնալիք անտառային հողատարածքներին հասցվելիք վնասն անհամեմատ ցածր է գնահատվել նույնիսկ այդպիսի հողերում ապօրինի խոտհնձի դեպքում սահմանված տնտեսական վնասից: Այսպես, վերը նշված օրենքով` անտառային ֆոնդի հողերում ապօրինի խոտհնձի հետեւանքով վնասված յուրաքանչյուր հեկտարի համար սահմանվում է 300 հազար դրամի վնասի հատուցում:
Նախագիծը կազմողները, փաստորեն, անտառային հողերը ծանր մետաղներ պարունակող թափոնների տակ մշտապես թաղելը 1351 անգամ ավելի պակաս են գնահատել, քան նույն անտառային հողերում արդյունաբերական թափոններ լցնելու համար պահանջվող վճարն է, եւ 4 անգամ պակաս, քան անտառային ֆոնդի հողերում կատարած ապօրինի խոտհնձի հետեւանքով պատճառած վնասը:
- Նախագծում պոչամբարի համար հատկացված տարածքը 214 հեկտար է, որից առաջին փուլով նախատեսված 54 հեկտարի հաշվով տնտեսական վնասը ներկայացված է 12,096 մլն դրամ (մեկ հեկտարը` 224 հազար դրամ կամ 650 ռուբլի, մեկ քառ. մետրը` 22,4 դրամ): 54 հեկտարի հաշվով նույնիսկ արդյունաբերական թափոններն անտառային ֆոնդի հողերում լցնելու վերը բերված սակագներով հաշվելիս` վնասը կկազմի 5,4 մլրդ դրամ, իսկ 214 հեկտարի հաշվով` 21,4 մլրդ դրամ: Ինչպես տեսնում ենք, ամենավտանգավոր նյութերից մեկի` պոչանքի համար հատկացվելիք անտառային հողերն ավելի քան 446 անգամ ավելի ցածր են գնահատված, քան արդյունաբերական թափոններն անտառային ֆոնդի հողերում լցնելու դեպքում եւ ավելի քան 1,3 անգամ պակաս, քան ապօրինի խոտհնձի դեպքում է:
- Բացհանքի համար նախատեսված 240 հեկտարից առաջին փուլով նախատեսված 65-ի համար վնասը ներկայացված է 1,82 մլն դրամ (մեկ հեկտարը` 28 հազար դրամ, կամ 70 ռուբլի, մեկ քառ. մետրը` 2,8 դրամ), երբ անգամ անտառային ֆոնդի հողերում արդյունաբերական թափոններ տեղադրելու հաշվարկով (մեկ հեկտարի համար 100 մլն դրամ) այն կկազմի 6,5 մլրդ դրամ, իսկ 240 հեկտարի հաշվով` 24 մլրդ դրամ: Այսինքն` բացհանքի հետեւանքով ոչնչացվելիք անտառային տարածքը 3571 անգամ պակաս է գնահատվել, քան այդպիսի տարածքում արդյունաբերական թափոն լցնելու համար օրենքով սահմանված վնասի հատուցումն է: Բացհանքի համար նախատեսված տարածքն ավելի քան 10 անգամ ցածր է գնահատվել նույնիսկ ապօրինի խոտհնձի դեպքում սահմանված տնտեսական վնասից:
Բացհանքի համար նախատեսված 240 հեկտար տարածքը բնաջնջվելու է ընդհանրապես: Այդ անտառածածկ բարեբեր տարածքը վերածվելու է շուրջ 600 մետր խորություն ունեցող խոռոչի, որը ակնհայտորեն հարակից անտառների եւ տարածքների համար կունենա իր չափազանց բացասական ազդեցությունը:
Հանքաքարի վերամշակման գործարանի եւ անհրաժեշտ այլ օբյեկտների կառուցման համար հատկացված տարածքների տնտեսական վնասը Նախագծում ներկայացված է` մեկ հեկտարի հաշվով 12 հազար դրամ (մեկ քառակուսի մետրը` 1,2 դրամ), արհեստական լճակինը` 8 հազար դրամ (մեկ քառակուսի մետրը` 0,8 դրամ): Այն դեպքում, երբ արհեստական լճակի տակ հատկացված 5 հեկտար տարածքում, ըստ Նախագծի հատվելու է 26461 ծառ, որից 125 տանձենի, 2488 կաղնի, 292 հաճարենի, 5300 սոճի եւ այլն: Այդտեղ ոչնչացվելու է նաեւ տնկարանը: Նախագծի 65 էջում կարդում ենք. «Աշխատողների համար նախատեսվում է ստեղծել հանգստյան գոտի Կռունկ գետի կիրճում: Այդտեղ կստեղծվի 5 հա մակերեսով արհեստական լիճ, որի ափին կտեղավորվեն կոտեջներ»: Ոչնչացնել ավելի քան 26 հազար ծառ, ինչպես նաեւ հարյուր հազարավոր մատաղատի ծառեր ու թփեր, բուսատեսակներ, որպեսզի ակտիվ հեղեղատների գոտում` բնակավայրերի բարձրադիր նիշում, կառուցվի արհեստական լճակ` ըստ էության, բնակչության եւ պետության ուսերին թողնելով դրա անվտանգության եւ հավանական վթարի հետեւանքով առաջանալիք խնդիրները, սա, մեր կարծիքով, բնության ու մարդու նկատմամբ դրսեւորած ցինիզմ է ու դաժանություն:
Անտառային հողերում լճակ եւ դրա ափին կոտեջներ կառուցելու ծրագիրը հիշեցնում է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանի այն գաղափարը, որ Հայաստանի Հանրապետությունում «էլիտար» զբոսաշրջությանը զարկ տալու նպատակով պետք է Երեւանի մոտ արհեստական ծով կառուցվի ("Под Ереваном надо построить искусственное море", "ДЭ", 29.06.2007):
Նախագծում ծրագրի իրականացման առաջին փուլում հողերի խախտումից հասցվելիք ընդհանուր վնասը ներկայացված է 12,13 մլն դրամ (էջ 72), այնինչ «Հողերի խախտումից հասցված վնասի հաշվարկ» աղյուսակի բաղադրիչները գումարելիս ստացվում է 19,13 մլն դրամ, այսինքն` 7 միլիոնով պակաս է ցույց տրված: Այս սխալը արտացոլվել է Նախագծի մնացած բոլոր հաշվարկներում: Ի հարկե դա աննշան է, տրիլիոնավոր դրամի թերհաշվարկների համեմատությամբ:
Նախագծի առաջին փուլի համար նախատեսված 284,4 հեկտար ավերվելիք եւ ոչնչացվելիք անտառային հողերին հասցվելիք վնասը եթե հաշվարկվի միայն անտառային ֆոնդի հողերում արդյունաբերական թափոններ տեղադրելու հաշվարկով, ապա այդ դեպքում կկազմի 28,44 մլրդ դրամ, իսկ 699,4 հեկտարի հաշվով` 69,94 մլրդ դրամ: Այդպիսի հողերում ապօրինի խոտհնձի` օրենքով սահմանված սակագներով 284,4 հեկտարի հաշվով տնտեսական վնասը կկազմի 85,32 մլն դրամ, իսկ երկրորդ փուլի հետ մեկտեղ, այսինքն` 699,4 հեկտարի հաշվով` 209,82 մլն դրամ:
Ի դեպ, նույնիսկ Նախագծի հատորների միջեւ անհամապատասխանություն կա. օրինակ` 7-րդ հատորում հանքարդյունաբերություն իրականացնելու համար պահանջվող տարածքը 669,4 հեկտար է (էջ 72), իսկ 9-րդ հատորում` 790 հեկտար (էջ 6):
- Գյուղատնտեսական հանդակների օտարումից (հանքարդյունաբերության նպատակով ճանապարհներ, շինություններ կառուցելու համար) հասցվելիք վնասի հաշվարկում` 57 հեկտար վարելահողի, 48 հեկտար արոտավայրի եւ 5 հեկտար այգիների օտարման տարեկան տնտեսական վնասը Նախագծում ներկայացված է 123,8 մլն դրամ (յուրաքանչյուր հեկտար վարելահողի դիմաց վճարվելիք գումարը 36,2 հազար դրամ է, արոտավայրերինը` 10,2 հազար դրամ, այգիներինը` 49,4 հազար դրամ): Սակայն հաշվարկային բանաձեւից պարզ երեւում է, որ նշված 110 հեկտարի հողատերերը որպես փոխհատուցում ստանալու են ոչ թե 123,8 մլն, այլ միայն 2,8 մլն դրամ: Մնացած 121 միլիոն դրամն «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը ծախսելու է իր համար հողեր գնելու, հանքահանում-հանքավերամշակումը ավարտելուց հետո կառուցած ճանապարհներն ու շինությունները քանդելու-կազմաքանդելու, հողերի ռեկուլտիվացիայի, հողի տեղափոխման, վառելանյութ գնելու համար: Թվարկածները հաշվարկային բանաձեւի մեջ են տեղադրել «ռեկուլտիվացիայի ծախսեր» անվամբ գործակցով, որին տվել են 1,1 մլն դրամի արժեք (էջ 76): Այդ նույն «տրամաբանությամբ» կարելի էր, օրինակ, հանքավայրի տարածքում իրականացվելիք ծառահատումների, հանքաքարի հանման ու վերամշակման համար պահանջվող ֆինանսական ծախսերը նույնպես հաշվառել այստեղ սպասվելիք տնտեսական վնասի մեջ...
Ծայրահեղ կողմնակալություն եւ միտումնավորվածություն: Նախագիծը կազմողները, բնական համակարգերին հասցվելիք վնասը, իրենց նպատակին հասնելու համար, միլիոնավոր անգամ փոքր են ներկայացրել, իսկ այս դեպքում էլ, հավանաբար, հանրության շրջանում բարերար երեւալու համար, տնտեսական վնասը այլեւայլ գործակիցներով քողարկելով, աշխատում են մեծ ներկայացնել:
Ինչպես տեսանք, Նախագծում մեկ հեկտար այգուց տարեկան ստանալիք եկամուտ-շահույթը ներկայացված է 49,4 հազար դրամ, այն դեպքում, երբ Թեղուտի բնակիչներից մեկը 2007թ. 0,2 հեկտարից ստացել է` 300 կգ դդում, 140 կգ լոբի, 150 կգ վարունգ, 300 կգ լոլիկ, 50 կգ սոխ, 500 կգ կարտոֆիլ, 2000 կգ խնձոր, 150 կգ սալոր, 100 կգ տանձ, 1500 կգ խոտ (նշված մթերքների արժեքը շուկայական գներից համեմատաբար ցածր գներով կազմում է ավելի քան 600 հազար դրամ: Մեկ հեկտարի հաշվով այն կկազմի 3 մլն դրամ), ինչպես նաեւ` խաղող, ճակնդեղ, գազար, կանաչեղեն, իսկ 5 փեթակից` 150 կգ մեղր:
Ջուր
Շնող գետի վրա նախատեսվում է կառուցել խմելու ջրի ջրամբար, սակայն Նախագծում բացակայում են այդ ջրամբարի ջրատնտեսական հաշվարկները: Բացակայում են նաեւ այդ ջրամբարի ջրի որակի կանխատեսվող փոփոխությունների եւ դրա` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը: Չեն կատարված նշված ջրամբարից բաց թողնվելիք բնապահպանական հոսքի հաշվարկները:
Նախագծում բացակայում է հանքավայրի շահագործումից հետո պոչամբարի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումների եւ պահանջվող ծախսերի հաշվարկները:
Որպես օրինակ, բերենք Շնող գյուղից ուղիղ գծով մոտավորապես 5 կմ հեռավորության վրա, Նահատակ կիրճում, Մեծ Այրում եւ Ճոճկան գյուղերի հարեւանությամբ գտնվող պոչամբարը: Այն կառուցելիս, նախ, կիրճի ջրհավաքի ձեւավորման սկզբնամասում տեղադրվել է պատվար: Այդտեղ նաեւ բետոնյա ջրատար է կառուցվել, որպեսզի գոյացող ջրերը տեղափոխվեն պոչամբարից ներքեւ: Նշված ջրատարը պարբերաբար մաքրվել ու գործել է, երբ հանքահարստացման գործի պատասխանատուն Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատն էր: Մոտ 30 տարի առաջ այն հանձնվեց Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկային, եւ այդ ժամանակներից առ այսօր նշված ջրատարը չի մաքրվել եւ չի գործել: Հեղեղումների հետեւանքով ջրատարն ամբողջությամբ լցված է հողով եւ խճերով, որտեղ այժմ աճում են ծառեր ու թփեր (մոտ 800 մետր երկարություն եւ 4 մետր լայնություն ունեցող այդ ջրատարը հեշտությամբ կարելի է մաքրել տեխնիկայի միջոցով, ինչպես արվում էր ժամանակին): Տասնամյակներ շարունակ կիրճի ձեւավորման սկզբնամասում գոյացող ջրերը հոսում, լվանում, ակոսում են Նահատակ կիրճում տեղադրված նշված պոչամբարը, իսկ ներքեւում այգիներ են, Քարակոփ բնակավայրն է եւ ապա` Դեբեդ գետը: Այժմ, բացի նշված արտահոսքերից, ոչնչով չծածկված այդ պոչամբարից արտանետվող փոշին աղետալի վիճակ է ստեղծել, գլխավորապես հարեւանությամբ գտնվող բնակավայրերի համար: Այդ պոչամբարում տեղավորված է 1,2 մլն խորանարդ մետր պոչանք: Նշենք, որ Նահատակ կիրճում կառուցված պոչամբարի նախագծում նախատեսված է պոչանքի լիովին մեկուսացում` պոչամբարի ռեկուլտիվացիան, այսինքն` հողի շերտով ծածկելը եւ այդտեղ համապատասխան բուսականություն աճեցնելը...
Ըստ Թեղուտի հանքավայրի Նախագծի` ավերվելու են Շնող գետի վտակները (Կռունկը, Դուքանաձորը, Խառատաձորը), դրանց հուները լցվելու են մակաբացման ապարներով եւ պոչանքով, որի հետեւանքով ծանր մետաղներով եւ այլ թունավոր նյութերով աղտոտվելու են Շնող գետի ջրերը` դառնալով օգտագործման համար ոչ պիտանի, խաթարվելու են նաեւ նույն Շնողի մյուս 3 վտակները (Փիջուտը, Շեւուտը, Գուլաբին):
Շնող գետը Թեղուտ եւ Շնող գյուղերի տնտեսական, ոռոգման եւ խմելու ջրի աղբյուրն է: Այդ առումով, նախագծում անտեսված են ՀՀ կառավարության 2003թ. N1110-Ն որոշման պահանջները, որտեղ ասվում է, որ նման դեպքերում տեղի բնակչության ջրամատակարարումը պետք է ապահովվի այլ աղբյուրներից, որի համար անհրաժեշտ են համապատասխան միջոցառումների եւ ֆինանսական ծախսերի հաշվարկները:
Նախագծում անտեսված են նաեւ աղտոտված ջրերի օգտագործումից սպասվելիք բացասական հետեւանքները (մուտացիա, ժառանգական խաթարումներ, հիվանդություններ) եւ դրանց հետ կապված վնասների հաշվարկները:
Անհավանական է Նախագծում բերված կեղտաջրերի 98%-ով մաքրումը կամ մաքրված կեղտաջրերի որակի ցուցանիշների համընկնումը գետի ֆոնային ցուցանիշներին: Աղյուսակ 4.2.6-ում զարմանալի ճշտությամբ համընկնում են աղտոտող նյութերի հաշվարկային եւ թույլատրելի սահմանային արտահոսքերի մեծությունները: Այդ բոլորը դժվարացնում է նյութի ընկալումը եւ կասկած է հարուցում բերված վերջնական եզրակացությունների նկատմամբ:
Բուսականություն
ՇՄԱԳ-ում եւ Նախագծում ասվում է, որ «նշված տարածքում Կարմիր գրքում գրանցված ծառատեսակներ չկան», սակայն այդ երկու փաստաթղթերը շրջանառության մեջ դնելուց հետո կազմված` «Թեղուտի հանքավայրի բնապահպանական կառավարման պլան»-ի մեջ բերված են այլ տվյալներ: Այսպես, այդ փաստաթղթի` «Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի համար նախատեսված տարածքում հանդիպող հազվագյուտ, անհետացող եւ ռելիկտային բուսատեսակները» աղյուսակում առկա են ՀՀ Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ ծառատեսակներ եւ թփատեսակներ (թխկի դուրեկան, թխկի Տրաուտվետտի, ընկուզենի հունական, գիհի բազմապտուղ, գիհի գարշահոտ, գիհի կազակական, կենի հատապտղային, կաղնի ծաղկատերեւավոր, սոճի կովկասյան, բալենի անտառային, բալենի մահալեբյան, թզենի, խուրմա կովկասյան, ունաբ, տխլենի սովորական, արջատխլենի, խաղող անտառային եւ այլն):
Այդ աղյուսակում առկա են նաեւ այլ բուսատեսակներ, որոնք նույնպես բացակայում են ՇՄԱԳ-ում եւ Նախագծում` պիստակենի բթատերեւ, փոշնի կովկասյան, թեղի փետրաճյուղավոր, խնձորենի արեւելյան, կեչի Լիտվինովի, կաղնի վրացական, կաղնի արեւելյան, կաղնի ամառային, ուռենի սպիտակ, ուռենի ոսկեգույն, ուռենի բոսորագույն, լորենի կովկասյան, թխկի բարձրլեռնային, թխկի հիրիկանյան, թխկի վրացական, թխկի դաշտային, թխկի հացիատերեւ, կաղամախի, արոսենի գլոգովինի, արոսենի սովորական, գիհի վիրգինյան, գիհի բազմապտուղ, գիհի գաճաճ, գիհի սրատերեփուկավոր, ռոբինյան կեղծ ակացիա, սոճի ղրիմյան, թխկենի սովորական, հացենի կանաչ, ծիրանենի սովորական, սալորենի-ալոջ, տանձենի ուռատերեւ, տանձենի կովկասյան, փոշնի կովկասյան, փշատենի նեղատերեւ, նշենի Ֆենցլիի, զկեռ սովորական, չիչխան դժնիկային, մամուխ, բալենի ալեհեր, ցախակեռաս կովկասյան, ցախակեռաս վրացական, դժնիկ պալասի, դժնիկ սովորական, գերամաստի, բռինչ սովորական, կարագանա ծառանման, չմենի սովորական, պայթակենի սովորական, արոսենի սովորական, ճապկի, սկումպիա, հաղարջենի ոսկյա, ասպիրակ աղեղնաեզր, տամարքիս, մասրենի, կծոխուր սովորական, իլենի ելունդավոր, կիպրոս սովորական, խլոպուզ միրզոեւայի, վարդկակաչ վայրի եւ այլն:
ՇՄԱԳ-ում եւ Նախագծում ներկայացված են միայն 11 դեղաբույս եւ 9 ուտելի բույս, այն դեպքում, երբ նույն` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կազմած` Թեղուտի հանքավայրի բնապահպանական պլանում առկա է 58 դեղաբույս եւ 78 ուտելի բույս:
Ըստ ՇՄԱԳ-ի տեքստի, հատվելու է 127 հազար ծառ (60400խմ բնափայտ), այն դեպքում, երբ այդ նույն փաստաթղթի տվյալների (աղյուսակներ` 8.4.2, 8.4.3, 8.4.4, 8.4.5, 8.4.6 եւ 8.4.7) հաշվարկները ցույց են տալիս, որ այդտեղ առկա է 170883 ծառ (60859 խմ բնափայտ): ՇՄԱԳ-ում եւ Նախագծում բերված համապատասխան աղյուսակներում բացակայում է 53333 խնձորենու (որից 43333-ը 26 սմ կոճղի տրամագծով) հատումից գոյանալիք բնափայտը: Եթե այդ ծառերից գոյանալիք փայտանյութը ընդունենք մոտ 25 հազար խորանարդ մետր, ապա այսօրվա շուկայական գներով դրա արժեքը նույնիսկ որպես վառելիք կկազմի մոտ 500 մլն դրամ, որը նույնպես բացակայում է վնասի հատուցման հաշվարկներում: Նշված 43333 խնձորենու հատումից առաջանալիք տնտեսական վնասը ներկայացված է 584,995 մլն դրամ, այն դեպքում, երբ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքով սահմանված սակագներով վնասը կազմում է 866,66 մլն դրամ, այսինքն` 281,665 միլիոն դրամով պակաս է ներկայացվել:
Նախագծում բացակայում է ոչ միայն 53333 խնձորենիներից, այլեւ մյուս պտղատու ծառերից եւ պտղատու թփերից տարեկան ստացվող բերքի քանակը եւ հասցվելիք վնասի չափը: ՇՄԱԳ-ում 36 սմ կոճղի տրամագծով վայրի տանձենին գնահատվել է մեկ հազար դրամ, այն դեպքում, երբ ըստ օրենսդրորեն ընդունված սակագների, այդ ծառի հատման վնասը կազմում է 31500 դրամ (նույնպես չնչին գումար): Նախագծում բացակայում է ՇՄԱԳ-ում ներկայացված «Երկրորդ հերթի դատարկ ապարների լցակույտի տակ հատկացված տարածքի ծառահատումների հաշվեգնահատման ամփոփագիր» աղյուսակը (8.4.4), ըստ որի, հատման ենթակա են 10585 հատ 32-50 սմ կոճղի տրամագծով հաճարենիներ, 36 սմ կոճղի տրամագծով 23 տանձենի եւ այլն:
Նախագծում խախտվելիք-ոչնչացվելիք տարածքներում հատվելիք ամենահաստաբուն կաղնու կոճղի տրամագիծը ներկայացված է 28 սմ, այն դեպքում, երբ այնտեղ կան մեկ մետրը գերազանցող կաղնիներ: Տնտեսական վնասը գնահատելիս անտեսվել են ոչնչացվելիք մոտ 2 մլն 1-8 տարեկան մատաղատի ծառեր: «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքով` մինչեւ 5 տարեկան բնական ծագում ունեցող մատղաշ ծառերի ոչնչացման կամ աճի դադարեցման աստիճան վնասման դեպքում`` յուրաքանչյուր հեկտարի համար սահմանված է 450 հազար դրամ, իսկ 6-10 տարեկանի դեպքում` 575 հազար դրամ: Այդ նույն օրենքով` մինչեւ 4 սմ կոճղի տրամագծով հատված կամ ոչնչացման եւ աճի դադարեցման աստիճանը վնասման դեպքում` յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցումը կազմում է 4500 դրամ: Այս սակագներով 2 մլն մատաղատի ծառերին հասցվելիք վնասը կկազմի 9 մլրդ դրամ:
Վնասի գնահատում չի կատարված նաեւ հարյուր հազարավոր թփերի ոչնչացման, ինչպես նաեւ` ուտելի բույսերի, դեղաբույսերի, հատապտուղների, սնկերի համար: «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքով` թփերին հասցվելիք վնասը հաշվարկվում է յուրաքանչյուր թփի հաստությամբ, ինչպես ծառերի պարագայում: Եթե հատվելիք-ոչնչացվելիք թփերի քանակը ընդունենք 400 հազար, այդ դեպքում օրենքով սահմանած ամենացածր սակագնով (յուրաքանչյուր միավորի համար 4500 դրամ), հաշվի չառնելով Կարմիր գրքում գրանցվածների համար սահմանված վնասի տասնապատիկը, վնասը կկազմի 1,8 մլրդ դրամ: Այդ նույն օրենքում ասվում է. «ՀՀ Կարմիր գրքում գրանցված, ինչպես նաեւ բնության հուշարձանի կարգավիճակ ունեցող ծառատեսակների եւ թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում բերված սակագների տասնապատիկի չափով» (հոդված 5): ...
Նախագծում ծառահատումների հետեւանքով հասցվելիք վնասը կազմում է ընդամենը 1,92 մլրդ դրամ:
Պետք է նկատի ունենալ, որ ապօրինի հատված ծառերի փոխարեն կարող են աճել նոր ծառեր, իսկ իրականացվելիք նախագծի շրջանակներում հիմնականում ոչնչացվելու են ծառերի եւ մյուս բույսերի աճելավայրերն իրենց երկրաբանական հիմքերով, հետեւաբար այս պարագայում ծառերի հատման համար պետք է մի քանի կարգ բարձր վնասի հատուցում պահանջվի:
Վայրի կենդանիներ
Ինչպես արդեն ասվել է, ըստ Նախագծի` ավերվելու են Շնող գետի վտակները` Կռունկ, Դուքանաձոր, Խառատաձոր գետակները, խաթարվելու են նույն գետի մյուս վտակները` Փիջուտը, Շեւուտը, Գուլաբին, որի հետեւանքով ջրային կենսաբազմազանության վտանգման եւ կորստի դիմաց տարեկան տնտեսական վնասը ներկայացված է ընդամենը 175 հազար դրամ` 130 կգ ձկնատեսակների հաշվով:
Նախագծի «Ձկնատնտեսական հանդակների օտարացումից հասցված վնասը» բաժնում կարդում ենք. «Ներկա պարագայում Թեղուտի կոմբինատի շինարարության հետեւանքով հասցվելիք նյութական վնասի հաշվարկը եզրափակվում է միայն ձկան արդյունագործական պաշարների տնտեսական արժեքով եւ միայն Շնող գետով եւ նրա վտակներով... Ձկան կենսազանգվածի 60%-ը կազմում է կապույտը, 20%-ը` Քռի բեղլուն, 10%-ը` կարմրախայտը, 10%
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել