HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Խաչատրյան. «Ես բիզնես չունեմ, որ հրաժարվեմ»

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հերքում է այն տեղեկությունները, որ իրեն են պատկանում «Յուքոմ», «Միտսուբիշի», «Մեգասպորտ» ընկերությունները: ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք չի պատրաստվում հրաժարվել այս ընկերություններից, երբ նշանակվել է նախարար, Գ. Խաչատրյանը պատասխանեց. «Ինչի՞ց հրաժարվեմ, ես բիզնես չունեմ, որ հրաժարվեմ: Դուք կարող եք կարդալ, կան համապատասխան ապացույցներ, որ դրանք իմը չեն, դրանով զբաղվել է նաև Էթիկայի հանձնաժողովը: Ի՞նչի եք գերագնահատում իմ ուժերը»:

Քանի որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խորհրդարանում խոսեց Գագիկ Խաչատրյաի բիզնեսի մասին` նրան անվանելով «սուպեր նախարար», ֆինանսների նախարարը նշեց. «Հիմա եթե Լևոն Զուրաբյանի նման քաղաքական ճանապարհ անցած գործիչը չի կարողանում ճշտել ու հավատում է լրատվամիջոցներին, որ սուտ լուրեր են տարածում, 52 հոգուն Գագիկ Խաչատրյանը ո՞նց կկարողանա ապացուցել, որ չկա նման բան»: Ամեն դեպքում, Գ. Խաչատրյանը ասաց, թե հպարտանում է «Յուքոմ» ընկերությամբ, որովհետև այն հարյուր տոկոսանոց մաքուր աշխատող ձեռնարկություն է:

«Ես հակված եմ նրան, որ ցանկացած մարդ, ով ունի բիզնես, ծրագրեր, մենք չհետաքրրքվենք` ումն է բիզնեսը: Եթե հետաքրրքվենք, կիջնենք սուբյեկտիվ դաշտ ու չենք կարողանա այդ դեպքում ազատ աշխատել: Դրա համար էլ մեր ՀՆԱ- հարկերը բարձրացել են»,- պարզաբանեց նախարարը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու հենց իր բիզնեսի մասին խոսվեց ԱԺ-ում, երբ ինքը միակ գործարար-նախարարը չէ, Խաչատրյանն ասաց. «Ես բարձր կամային հատկություններ ունեմ ու իմ վրա դա չի ազդում: Եթե ուզում եք, որ ես որպես սուպերնախարար հետևեմ գործին, դուք հետևեք իմ գործին, իսկ եթե ուզում են որպես պաշտոնյա ինձ դարձնել խոցելի, ապա չի հաջողվի, Հայաստանում ինձ լավ ճանաչում են, ես դրանով հպարտանում եմ»:

Անդրադառնալով ՊԵԿ-ի ու ֆինանսների նախարարության միավորմանը` Գ. Խաչատրյանն ասաց, աշխարհում օպտիմալացման նման ծրագրեր միշտ էլ արվում են: Իսկ «սուպերնախարար» որակումից, որը ստացել է Խաչատրյանը, իր հավաստմամբ, իրեն այդքան շատ չի ոգևորում, բայց չի էլ անհանգստացնում: «Սուպերնախարար նշանակում է սուպեր պատասխանատվություն... Կառավարությունն օպտիմալացման ծրագրեր է իրականացնում և հարկային ու մաքսային մարմինները Ֆինանսների նախարարությունում հո միայն Հայաստանում չե՟ն միացրել: Առաջ էլ էր օպտիմալ, բայց երբ որ կառույցներն աշխատանքի ընթացքում կայանում են, արդեն անհրաժեշտություն է առաջանում, որ ավելի էֆֆեկտիվ կերպով աշխատանքը կազմակերպվի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter