Բնակչությանը հաշվետու լինելը շարունակում է մնալ տհաճ պահանջ եւ արհեստական արժեք
Լուսինե Թոփլաղալցյան
Վարդենիկը հանրապետության գյուղական մեծ համայնքերից մեկն է բնակչության թվաքանակով. ունի 11 հազար բնակիչ եւ այդ առումով գերազանցում է Գեղարքունիքի մարզի քաղաքային համայնք Ճամբարակին, որի բնակչությունը շուրջ 8 հազար է:
Այն նաեւ Մարտունու վարչատարածքի ամենամեծ համայնքն է, թեպետ այս վարչատարածքում բնակչության թվաքանակի ավելացման միտում է նկատվում գրեթե բոլոր համայնքներում: Դա պայմանավորված է մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով, սակայն հիմնական գործոնը տեղաբնակները համարում են սոցիալական միգրացիան, որը սկիզբ է առել դեռեւս խորհրդային տարիներին:
Համայնքն ունի 3 հանրակրթական եւ 1 երաժշտական դպրոց, մշակույթի տուն, հիվանդանոց, բազմաբնակարան շենքեր եւ, ըստ էության, առավել նման է քաղաքային համայնքի:
Այս մեծ համայնքի բյուջեն 2007 թ. նախատեսվել է շուրջ 79 մլն դրամ, որի կատարողականը կազմել է 70 %: Համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը նշում է, որ մինչեւ իր ընտրվելը` 2005-ը, համայնքի բյուջեն կատարվել է 5-6 %-ով, մինչդեռ իրեն եւ համայնքապետարանին հաջողվել է 2006 թ. այդ ցուցանիշը հասցնել 53 %-ի, իսկ ահա նախորդ տարում այդ ցուցանիշն ավելի է մեծացել: Հույս ունեն այս տարի եւս հավելել իրենց արդյունքները, սակայն միաժամանակ ունեն 80-90 մլն դրամ ապառքներ, որոնք գոյացել են տարիների ընթացքում հողի հարկի չվճարումներից, որոնց էլ գումարվել են տուգանքները: Հողի հարկի շուրջ 1500 պարտապաններ երկար տարիներ բնակվում են ՌԴ-ում, որոնց վերադարձն արդեն կասկածելի է, սակայն վերջիններիս պարտքերը մշտապես կուտակվում են: Ամռան ամիսներին համայնքի բնակչությունը կտրուկ նվազում է: Ըստ կանխատեսումների` յուրաքանչյուր տարի իրենց կհաջողվի հավաքել հողի հարկի պլանավորված 90 %-ը, սակայն դժվար թե հաջողվի մարել կուտակված ապառքները: Այդ մասին իրենք բազմիցս տեղեկացրել են մարզպետարանին եւ կառավարությանը: Հարկերը հավաքելու դժվարությունը պայմանավորված է նաեւ հողագործության` քիչ եկամտաբեր լինելու հանգամանքով: Կան համայնքից հեռու գտնվող, տարիներ շարունակ չմշակված հողեր, որոնք մշակողների համար տարեկան 5-6 հազար դրամ հողի հարկ վճարելը նույնպես հեշտ չէ:
Անցած տարվա բյուջեի կատարման ցուցանիշները պայմանավորված են հարկերի հավաքման այն մեխանիզմով, որ մշակել եւ արդեն 2 տարի իրականացնում է Վարդենիկի ՏԻՄ-ը: Համայնքի բնակիչներն իրենց հարկային պարտավորություններն իրականացնում են բնամթերքի` կարտոֆիլ եւ կաղամբ հանձնելու միջոցով: Համայնքապետարանը պայմանագիր է կնքել ՀՀ պաշտպանության նախարարության հետ բնամթերքի տրամադրման մասին: Այս տարի մթերվել եւ նախարարությանն է տրամադրվել միայն կարտոֆիլ` 1 կգ-ի արժեքը 65-67 դրամով: Թեպետեւ մթերվել է միջին չափի կարտոֆիլ, սակայն, միեւնույն է, արժեքը շատ ցածր է: Շատ համայնքներ ոչ միայն չեն ցանկանում այդ գնով իրացնել իրենց բերքը, այլեւ համայնքապետարանի աշխատակիցները դժվարին աշխատանք են կատարում` տեւական ժամանակ համայնքում տուն առ տուն տոննաներով բերք հավաքելով եւ պահեստավորելով: Ըստ համայնքապետի` ոչ բոլոր համայնքներն են շահագրգռված բնամթերմամբ հարկերի հավաքագրման տարբերակը կիրառել, քանի որ նման աշխատանքը չի բխում համայնքապետարանի աշխատակիցների ուղղակի պարտականություններից, այլ իրականացվում է նվիրվածության շնորհիվ:
Հարկերի հավաքագրման մասին համայնքի բնակիչներն իրազեկվում են ծանուցագրերի միջոցով: Իրականացվում են նաեւ բացատրական աշխատանքներ: Այս առումով տարվա ընթացքում համայնքապետարանի ներկայացուցիչները հանդիպումներ են կազմակերպել համայնքի դպրոցներում, որպեսզի հարկատուներին հիշեցնեն եւ հուշեն իրենց հարկային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը:
Վարդենիկի համայնքապետարանն ունի նաեւ փոքրաթիվ գույքահարկի ապառք` կապված հին մեքենաների հետ, որոնք փաստացի արդեն չկան, սակայն կրկին գույքահարկ է կուտակվում: Այս տարի այդպիսի մեքենաների մեծ մասը հաշվառումից հանվել է, որպեսզի այդուհետ պարտքեր չգոյանան:
Համայքի բյուջեի միջոցներով նախորդ տարվա ընթացքում իրականացվել է համայնքի կենտրոնական եւ տարբեր թաղամասերի փողոցների լուսավորում շուրջ 4,5 կմ երկարությամբ, վերանորոգվել են ջրագծի ներքին ցանցի տարբեր հատվածներ, համայնքի կենտրոնական ճանապարհի երկարությամբ տեղադրվել են ջրատար երկաթբետոնե առուներ շուրջ 8 մլն դրամ արժեքով, իրականացվել են կոյուղու վերանորոգման որոշակի աշխատանքներ շուրջ 200 մ երկարությամբ, մինչեւ ասֆալտապատում բարեկարգվել են 5-6 կմ երկարությամբ համայնքային եւ շուրջ 1 կմ ընդհանուր երկարությամբ դաշտային ճանապարհներ, ձմռան ընթացքում մշտապես մաքրվել են ճանապարհները: Նշված աշխատանքներից միայն համայնքի փողոցների լուսավորման ծրագիրն է իրականացվել գնումների գործակալության միջոցով, որն իրականացրել է «Արփա-Սեւան» ՓԲԸ-ն: Ավելորդ չէ նշել, որ կատարված աշխատանքների մեծ մասը, հատկապես կենտրոնական փողոցների լուսավորության անցկացումն ու ջրատար երկաթբետոնե առուների կառուցումն, իրոք, նկատելի է Վարդենիկ մտնելուն պես:
Համայնքի ղեկավար Հ. Հովեյանը նշում է, որ առավել լայնածավալ աշխատանքներ իրականացվել են պետական բյուջեի միջոցներով: Վարդենիկի 3 թաղամասերում մոտ 1,2 կմ երկարությամբ ջրագծեր են անցկացվել, որի արժեքը կազմել է 9,5 մլն դրամ: Ասֆալտապատվել է համայնքի կենտրոնական` շուրջ 3,5 կմ երկարությամբ ճանապարհը, որի համաֆինանսավորումը` 20 մլն դրամի չափով, իրականացրել է Գեղարքունիքի մարզպետարանը: Վերանորոգվել է համայնքի հիվանդանոցի տանիքը, որը ներկայումս ստացել է ընտանեկան բժշկի գրասենյակի կարգավիճակ: Տանիքի վերանորոգման աշխատանքներից զատ` իրականացվել է նաեւ ընտանեկան բժշկի գրասենյակի ընդհանուր վերանորոգում 40 մլն դրամ արժեքով: Այս ծրագիրն իրականացվել է առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի եւ համայնքի ղեկավարի ընտանիքի` իբրեւ նվիրատվություն տրամադրած 1 մլն դրամի համաֆինանսավորումով: Ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվել համայնքի թիվ 3 դպրոցում շուրջ 45 մլն դրամ արժողությամբ: Սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ իրականացման ընթացքում են համայնքի երաժշտական դպրոցի վերանորոգման աշխատանքները 14,5 մլն դրամ արժեքով: Ի դեպ, համայնքի կենտրոնական ճանապարհի երկարությամբ ջրատար երկաթբետոնե առուները տեղադրվել են նախ` պետբյուջեի հատկացրած 35 մլն դրամ գումարի միջոցներով, ապա աշխատանքները շարունակվել են համայնքի բյուջեի միջոներով:
Սակայն համայնքը դեռեւս կարիք ունի բարելավելու աղբահանության որակը, խնդիրներ ունեն նաեւ համայնքի կոյուղու հետ կապված: Համայնքին հուզում են մանկապարտեզ եւ սպորտդպրոց չունենալու հարցերը, նաեւ` տեխնիկայի եւ փոխադրամիջոցների սակավության խնդիրը: Վերջին հարցը լուծելու նպատակով մեր այցելության օրը 4 անուն տեխնիկա` էքսկավատորներ, մարդատար «Գազել» մակնիշի եւ շտապ օգնության ավտոմեքենաներ էին բերվելու: Այն համայնքի ղեկավարի եղբոր` գործարար, ՌԴ-ում գործող «Տյումենտել» ընկերության գլխավոր տնօրեն Աբրահամ Հովեյանի նվիրատվությունն էր Վարդենիկ գյուղին: Աբրահամ Հովեյանի շնորհիվ լուծվում է համայնքի շուրջ 300-400 բնակիչների զբաղվածության խնդիրը, սակայն` հանրապետությունից դուրս: Հովեյանների ընտանիքի միջոցներով վերանորոգվել էր նաեւ համայնքի գերեզմանատան քարքարոտ, դժվարանցանելի ճանապարհը:
Համայնքի ղեկավարը բավարար է համարում 2007 թ. իրենց համայնքում կատարված աշխատանքները` նշելով, որ 1 մլն դոլարից ավել ներդրում Վարդենիկում կատարվել է միայն պետական բյուջեի միջոցներով:
Վարդենիկի համայնքապետարանը 2007 թ. կատարված աշխատանքների մասին տարեվերջին` դեկտեմբերին, հրավիրել էր համայնքային հանդիպում: Իրազեկման նպատակով համայնքապետարանն այլ միջոցառումներ չի կազմակերպել, գրավոր նյութեր չի հրատարակել, սեփական նախաձեռնությամբ հաշվետու բնույթ ունեցող նյութեր չի զետեղել ԶԼՄ-ներում, սակայն համայնքապետը վստահեցրեց, որ պատրաստ է ցանկացած տեղեկություն տրամադրել համայնքի բնակիչներին: Ավագանու նիստերի մասին, համայնքի ղեկավարի հավաստմամբ, բնակչությունն իրազեկվում է Մարտունու «Զանգակ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հայտարարությամբ: Համայնքապետարանում ունեն նաեւ ավագանու անդամների համար նախատեսված սենյակ:
Համայնքի ղեկավարը նշում է նաեւ, որ ինքը շահագրգիռ է իրենց համայնքի մասին ցանկացած հրապարակման առթիվ, որ համայնքում իրականացված աշխատանքների մասին թափանցիկությունը խիստ կարեւոր է եւ նպաստում է վստահության մեծացմանը: «Ես թաքցնելու բան չունեմ»,- նշում է նա, քանի որ Վարդենիկի հիմնադրման ժամանակից` 1828 թ. ի վեր, համայնքում այնքան աշխատանք չի իրականացվել, ինչ ինքն է կարողացել իրականացնել: Իսկ թափանցիկության ապահովման մասին իրենք երբեք բողոքներ չեն ունեցել:
Մեկնաբանման իրավունքով նշենք, որ թափանցիկության ապահովման մասին օրենսդրության պահանջները տեղական ինքնակառավարման համակարգում այնքան մասսայաբար են անտեսված, որ այդ մասին հարցադրումները հաճախ, եւ կարելի է ասել արդարացիորեն, զարմացնում են համայնքների ղեկավարներին: Թափանցիկությունը, հրապարակայնությունը, հաշվետվողականությունը մեզանում հասարակայնորեն պահանջված չեն, կնշանակի նաեւ` անտեսված են:
Իսկ Վարդենիկի 2008 թ. բյուջեն ավագանին դեռեւս չի հաստատել: Ըստ համայնքի ղեկավարի` փետրվարի 17-ին նախատեսված էր հանդիպում համայնքի բնակիչների հետ, որի ժամանակ ներկայացվելու է Աբրահամ Հովեյանի` համայնքին կատարվող նվիրատվությունը, համայնքի 2008 թ. բյուջեի նախագիծը, որին էլ պիտի հաջորդեր ավագանու նիստը: Սակայն այդ հանդիպմանը մասնակցելու մեր ցանկությունը մնաց անարձագանք...
Նախագահական ընտրությունների հետ կապված` Վարդենիկում 5 թեկնածուների քարոզչապաստառներ կային փակցված, ինչը հավաստում էր համայնքի ղեկավարի` բոլոր թեկնածուներին հավասար պայմաններ տրամադրելու մասին ասվածը: Սակայն բազմաթիվ համայնքապետերի օրինակով Վարդենիկ համայնքի ղեկավար Հ. Հովեյանը նույնպես ընդգրկված է ընտրական գործընթացներում եւ, որ բնավ զարմանալի չէ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն է Վարդենիկում: Շտաբի պետ դառնալու մասին որոշումը նա կայացրել էր անձամբ:
Տեղին է նկատել, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության հիմնարար սկզբունքները ներառում են հետեւյալը. «Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպեu նաեւ դրանց աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիu»: Ի պատասխան մեր` իր բնույթով հուշող հարցին, թե ե՞րբ է հասցնում համայնքի ղեկավարն իրականացնել նախընտրական շտաբի աշխատանքների ղեկավարումը, երբ ինքն աշխատում է առավոտյան 900-1800, Հ. Հովեյանը պատասխանեց` աշխատանքից հետո:
Վարդենիկի համայնքապետարանի 2007 թ. գործունեության մասին նկարագրության հիմքը միայն բանավորն է: Մինչդեռ տեղական ինքնակառավարմանն առնչվող տարբեր իրավական ակտեր սահմանում են տարաբնույթ հաշվետու բնույթի նյութերի հրապարակման եւ տարածման պահանջներ: Հաճախ այդպիսի նյութերը բացակայում են անգամ համայնքապետարանի ներսում օգտագործելու համար: Համայնքի անդամների առջեւ հաշվետու լինելը եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունը տեղական ինքնակառավարման կարեւորագույն սկզբունքներն են: Սակայն այդ սկզբունքները մասամբ պահպանվում են միայն այն համայնքապետարաններում, որտեղ համապատասխան ծրագրային գործունեություն են իրականացնում միջազգային կամ հասարակական կազմակերպությունները: Հաշվետու լինելը դեռ չի դարձել մեր ՏԻՄ-երի գործունեության ինքնաբուխ կեցվածքը: Այն շարունակում է մնալ տհաճ պահանջ եւ արհեստական արժեք...
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել