HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երրորդ հայցը՝ ընդդեմ «Ժողովրդի»

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ այսօր  ստացել է հոկտեմբեր ամսվա մեջ թվով երրորդ դատական ծանուցումը: Հոկտեմբերի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը վարույթ է ընդունել ՀՀ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Բենիկ Հարությունյանի հայցը` ընդդեմ «Ժողովուրդ»-ի:

Որպես վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում՝ Բենիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ից պահանջում է 2 միլիոն դրամ եւ եւս 244 հազար դրամ` փաստաբանական եւ դատական ծախսերի համար:

«Նշենք, որ Ղարաբաղյան ծագում ունեցող, Սերժ Սարգսյանի մտերիմ Բ.Հարությունյանի հայցը վերաբերում է «Ժողովուրդ» օրաթերթի սեպտեմբերի 9-ի համարում տպագրված «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» հոդվածին, որտեղ ներկայացրել էինք ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի հնչեցրած մեղադրանքներն այն մասին, որ Բենիկ Հարությունյանը, ում հետ համատեղ բիզնես են ունեցել, չի վերադարձնում իր կողմից ներդրված 218 հազար ԱՄՆ դոլարը: Ընդ որում, նույն հրապարակման մեջ հանգամանալի կերպով ներկայացրել էինք թե Բենիկ Հարությունյանի եւ թե իր փաստաբան Մհեր Սիմոնյանի հերքումներն ու պատասխան մեղադրանքները, ինչպես նաեւ` նրանց տրամադրած բոլոր փաստական տվյալները»,- նշված է օրաթերթի տարածած հաղորդագրությունում: 

Երեք տարբեր հայցերով «Ժողովուրդ»-ից պահանջվում է վճարել ընդհանուր առմամբ  5 միլիոն 244 հազար ՀՀ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter