HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միասնական օրակարգ»-ի վերաբերյալ

Էդգար Վարդանյան

Հայաստանում տարբեր քաղաքական եւ քաղաքացիական խմբեր եւ ակտիվ քաղաքացիներ հայտարարում են, որ անհրաժեշտ է ձեւավորել «միասնական օրակարգ»։ Շատ հաճախ նշվում է, որ այդ օրակարգը, հիմնականում, պետք է ներառի Հայաստանի զարգացման որոշակի հայեցակարգ, ծրագիր` իր իրավական, սոցիալական, տնտեսական եւ այլ բաղադրիչներով։

Այլ կերպ ասած, «միասնական օրակարգ» ասելով շատերը հասկանում են քաղաքացիների լայն զանգվածների հավանությանը արժանացած եւ քաղաքական եւ քաղաքացիական տարբեր խմբերի եւ ակտիվիստների միասնական ջանքերի արդյունքում մշակված մի ծավալուն փաստաթուղթ, որում գրված կլինի, թե Հայաստանում, օրինակ, ինչպե՞ս պետք է բաշխվեն ռեսուրսները, տնտեսության ո՞ր ճյուղերը պետք է զարգացնել, ինչպե՞ս պետք է լուծել «Ղարաբաղի հարցը», ո՞ր միջազգային կազմակերպությունների եւ միությունների հետ պետք է առավել սերտ համագործակցել, ի՞նչ հարկահավաքային քաղաքականություն պետք է իրականացնել եւ այլն եւ այլն։

«Միասնական օրակարգի» նկատմամբ վերոնշյալ մոտեցումը առաջարկող մարդիկ եւ խմբերը միաժամանակ պնդում են, որ Հայաստանում ընտրություններ տեղի չեն ունենում, որ մի խումբ մարդիկ զավթել են բոլոր ռեսուրսները եւ բացառապես սեփական շահերից ելնելով  իշխում են ողջ հասարակության վրա։ Սակայն այդ դեպքում «միասնական օրակարգի» այդպիսի պատկերացումները չեն կարող համարվել իրավիճակին ադեկվատ։ Բացի այդ, դրանք, որոշ առումով, ունեն հակադեմոկրատական բնույթ։

Նախ, պետք է նշել, որ եթե մարդիկ ձգտում են դեմոկրատիայի հաստատմանը, ապա պետք է գիտակցեն, որ հասարակության ներսում չի կարող գոյություն ունենալ երկրի զարգացման միայն մեկ, միասնական ծրագիր, վերջինս բնորոշ է ավտորիտար, տոտալիտար միակուսակցական, հակադեմոկրատական ռեժիմներին։ Այսինքն պետք է ջանք թափել, որ ձեւավորվի ոչ թե մեկ, այլ մի քանի ծրագիր, կոնցեպցիա, որոնցից յուրաքանչյուրը հիմնված կլինի գոյություն ունեցող գաղափարախոսական կոնկրետ հոսանքներից մեկի վրա։

Հասկանալի է, որ այդպիսի ծրագրեր մշակելով պետք է զբաղվեն կոնկրետ խմբեր, որոնք ձեւավորվել են գաղափարախոսական ընդհանրության վրա եւ ունեն համապատասխան մարդկային ռեսուրսներ, թիմ, որը պատրաստ է կոնկրետ ծրագիրը կյանքի կոչել, եթե ժողովուրդի մեծամասնությունը ազատ եւ արդար ընտրությունների միջոցով երկրի կառավարումը ժամանակավորապես վստահի հենց այդ թիմին։

Սակայն, եթե պետությունում «դե ֆակտո» բացակայում են դեմոկրատական ինստիտուտները՝ անկախ դատարանները, ազատ եւ արդար ընտրությունները, հաշվետու եւ թափանցիկ գործադիր մարմինները, ապակուսակցական, ապակլանային իրավապահ մարմինները եւ այլն, ապա այդ խմբերը զրկվում են ժողովրդի կամքով երկրի զարգացմանը նպաստող ծրագիր իրականացնելու հնարավորությունից։

Եվ եթե մարդիկ պնդում են, որ Հայաստանում բացակայում են վերոնշյալ ինստիտուտները, ապա տրամաբանական կլինի ակնկալել, որ հենց այդ ինստիտուտների հիմնելը պետք է դառնա «միասնական օրակարգի» մեխը։ Այդ ինստիտուտների կարիքը պետք է որ ունենան ինչպես ձախերը, այնպես էլ աջերը, ինչպես ազատամարտիկները, այնպես էլ ֆեմինիստները, ինչպես բանվորները, այնպես էլ գործարարները եւ այլն։ Ուստի հենց դեմոկրատական ինստիտուտների հիմնումը կարող է լինել ժողովրդին միավորող նպատակը։

Սակայն, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատերը, առնվազն, լավ չեն պատկերացնում, թե ինչպե՞ս եւ ու՞մ կողմից պետք է հիմնվեն այդ ինստիտուտները, ինչպես նաեւ բավարար չափով չեն կարեւորում դրանք։ Սա նշանակում է, որ ներկայիս քաղաքական ռեժիմին ընդդիմացող ակտիվ քաղաքացիները պետք է անեն հնարավորը, որպեսզի քաղաքացիական դիսկուրսում հենց այս հարցը դառնա ամենաքննարկվողը։ 

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Զազրելի համակարգը տապալելու համար ընդամենը երեք և ամենաշատը տասը կարևորագույն հարցերի շուրջ կարող է համախմբվել ժողովուրդը: Ճիշտ է կարևոր է թե ում կողմից են մշակվելու նոր օրենքներ, սակայն հարցերի հարցը մնալու է ընտրությունների մասին նոր` գործող օրենքի ընդունումը և օրենքը խախտող բարձր պաշտոնյայի դեմ քրեական գործ չհարուցող գլխավոր դատախազին հասարակության կողմից պաշտոնանկ անելու գործող մեխանիզմի հարցը: Եթե չունենանք օրենքները գործուն դարձնող հիմք ապա կրկին նոր վարչապետը մեր երկրի միլիոնավոր դոլարները վերցրած տիկոյի նման կթռչի հարազատ Եվրոպա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter