HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ. «Միկոյանի արձանի տեղադրումը վնասելու է մեր պետության միջազգային վարկը»

ՀՅ Դաշնակցության Երեւանի քաղաքային կոմիտեն տարածել է հաղորդագրություն Ա. Միկոյանի արձանի տեղադրման որոշման մասին, որը ներկայացնում են ամբողջությամբ:  

Սույն թվականի ապրիլի 30-ին Երեւանի քաղաքապետարանը առանց հանրային քննարկման որոշում կայացրեց մայրաքաղաքում տեղադրել խորհրդային պետական-կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը։ Որոշումը կայացվել է ոչ միայն առանց հասարակության տեղեկացման, այլեւ վերոհիշյալ գործչի գործունեության, Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ նրա ծառայությունների արժեւորման շուրջ մասնագիտական քննարկումների։

Մինչդեռ Հայաստանի առաջին հանրապետության կործանման, հետագայում ստալինյան մարդատյաց ռեժիմի կողմից բազմահազար մարդկանց ոչնչացման մեջ գործուն դերակատարություն ունեցած այս անձի արձանի տեղադրումը սրբապղծություն է այդ անմեղ զոհերի հիշատակի եւ նրանց ժառանգների զգացմունքների առջեւ։ Արձանները ոչ միայն գեղագիտական ճաշակի դաստիարակության համար ստեղծված արվեստի գործեր են, այլեւ այն ազգային ու բարոյական արժեքների քարոզչության միջոցներ, որոնք առաջնահերթ կարեւորություն են ներկայացնում պետականության ամրապնդման ու զարգացման համար։ Ամենամակերեսային ուսումնասիրությունն անգամ ակնհայտ է դարձնում, որ արձանի տեղադրումը վնասելու է մեր պետության միջազգային վարկը, նրան դնելով այն երկրների շարքում, որտեղ գովազդվում ու քարոզվում են բռնապետական վարչակարգերն ու նրանց գործիչները։

Նկատի ունենալով վերոհիշյալը, ՀՅ Դաշնակցության Երեւանի քաղաքային կոմիտեն պահանջում է Երեւանի ավագանուց բեկանել կայացված որոշումը, հետագայում ձեռնպահ մնալով առանց հանրությանը մասնակից դարձնելու մայրաքաղաքի համար կարեւոր որոշումներ կայացնելու գործելակերպից։

20 մայիսի, 2014

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter