HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը վարչապետի համար մեջբերում է անում բառարանից. «Պարտադիր նշանակում է պարտադրված»

«Դուք բոլորդ այս ողջ ընթացքում եղել եք պետական պաշտոնյաներ։ Հիմա, եթե բիզնեսով չեք զբաղվել, ո՞նց եք վաստակել այդ գումարները, թե՞ պաշտոնավարմանը զուգահեռ բիզնեսով եք զբաղվել, ո՞նց կմեկնաբանեք այս փաստը»,- Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարց ուղղեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ գործարարությունը պետք է տարանջատվի պետական համակարգից։ Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե գործարարությունը պետք է տարանջատվի պետական համակարգից, ապա նշեց, որ Հովիկ Աբրահամյանը 2013 թվականին հայտարարգրել է 5.5 մլն դոլար, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ 6.5 մլն դոլար, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարագրել է 6 բնակարան, 1 առանձնատուն, 1 ամառանոց, 1 հողամաս:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը՝ կենսաթոշակային համակարգը պետք էլ լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված, Ն. Փաշինյանը հարցրեց, թե ինչ է դա նշանակում: «Պարոն Աբրահամյան, կա Էդուարդ Աղայանի հայերենի բացատրական բառարանը․ այդ բառարանի երկրորդ հատորի 1207 էջում գրված է պարտադիր բառի հայերեն բացատրությունը, և նշված է, որ պարտադիր նշանակում է պարտադրված։ Հիմա Դուք ասում եք պարտադիր, բայց ոչ պարտադրված: Հայերենում այս նախադասությունը իմաստ չունի, եթե պետք է հատուկ կոնդակով կամ հրովարտակով նոր իմաստ հաղորդեք այս բառին, խնդրում եմ ասեք, բայց հայերենում պարտադիր նշանակում է պարտադրված»։

Հովիկ Աբրահամյանն էլ պատասխանեց, թե շատ լավ է, որ Ն. Փաշինյանը բառարան է ընթերցում, ապա հավելեց. «Ես ինքս էլ կընդօրինակեմ ու կսկսեմ ընթերցել: Հասկանում եմ, որ դա Ձեր ձեռագիրն է՝ ինչ-որ բաներ գտնել, բայց կարևորը, որ չի հուսալքում։ Ես իմ գործն եմ անում: Գիտեք՝ շատ մեծ տարբերություն կա խոսողի ու գործ անողի մեջ»:

Խոսելով գործարարության մասին՝ վարչապետը կոչ արեց նեգատիվ չվերաբերվել գործարարությանը։ «Գործարարների շնորհիվ է, որ Դուք այսօր այստեղ նստած եք, աշխատավարձ եք ստանում, թոշակ ենք բարձրացնում, հարկերի վճարման մասով ենք մենք վերանորոգել Ազգային ժողովի այս գեղեցիկ դահլիճը։ Որոշ մարդկանց մոտ ավանդույթ է ձևավորվել գործարարին վատ ներկայացնել, բայց նրանց շնորհիվ է չէ՞, որ մարդիկ աշխատում են, տնտեսությունը աճում է: Ես կոչ եմ անում, որ գործարարներին բոլորը վերաբերվեն շատ հարգանքով. նրանք երկիր են փորձում զարգացնել: Ինչ վերաբերում է իմ ունեցվածքին, ես երբեք չեմ թաքցրել, որ ունեմ ունեցվածք, մանրամասն օրենքի տառին համահունչ ես ներկայացրել եմ հայտարարագրում։ Աշխատել եմ այն տարիներին, երբ որ ես հողագործությամբ եմ զբաղվել, այն ժամանակ, երբ թույլատրվում էր։ Իմ պաշտոնների ընթացքում, երբ եղել եմ կառավարությունում, Ազգային ժողովի նախագահ, չեմ վաստակել ունեցվածք, ոչ էլ կոռուպցիայի միջոցով եմ այդ գումարները դիզել. երբ օրենքը թույլ է տվել, զբաղվել ենք, երբ ոչ, ոչ»։

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց․ «Ես զարմանում, թե ինչու եք գործարարներին ինձնից պաշտպանում, ես գործարարների անուն չեմ տվել, ես տվել եմ կառավարության երեք անդամի անուն, և հենց դա եմ ուզում հասկանալ՝ դուք գործարա՞ր եք, թե՞ կառավարության անդամ։ Ամբողջ Հայաստանի գյուղացիությունը հող է մշակում, տոկոսների տակ է ընկնում, դուք հող եք մշակում, միլիոնավոր դոլարներ եք աշխատում, ձևը ասեք, իրենք էլ անեն»։

Հովիկ Աբրահամյանն էլ Փաշինյանին հորդորեց հանգիստ մնալ, չլարվել. «Ես խնդրում եմ Ձեզ հանդարտություն, ինչո՞ւ եք լարվում, մի լարվեք։ Դուք պատկերացում էլ չունեք՝ ինչ է նշանակում գործարարություն, չեք էլ կարող գործարարությամբ զբաղվել, հող էլ տան Ձեզ մշակել, չեք էլ կարող մշակել։ Դուք գործարարներին հասարակության մեջ փորձում եք սարքել թշնամի, որոնք հազարավոր ընտանիքներ են պահում, Դուք մի ընտանիք չեք պահել Ձեր կյանքում՝ բացի քննդատելուց»։

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Սրանց բառապաշարում վատ բառը նշանակում է լավ և այդ պատճառով գործարար բառն էլ թալանչի բառի հետ են շփոթում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter