
Քառյակը հրատապ նիստ է գումարել. կառավարության ծրագրի շուրջ միասնական դիրքորոշում դեռ չի կայացվել
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները քիչ առաջ խորհրդարանում հերթական դռնփակ նիստն են անցկացրել և քննարկել կառավարության նոր ծրագիրը: Քառյակի նիստը նախօրոք պլանավորված չի եղել, որովհետև այս պահին ընթանում է ԱԺ հերթական քառօրյան, ու ենթադրվում է, որ չորս խմբակցությունները հրատապ են համարել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթներից հետո նիստում քննարկել կառավարության ծրագիրը:
«Հետքի» հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, թե ոչ իշխանական ուժերի այսօրվա հանդիպումը ոչ թե նիստ, այլ խորհրդակցություն է եղել: «Ընթացքի հետ կապված քննարկում է եղել` կառավարության ծրագիրն ենք քննարկել, ու առայժմ որևէ համաձայնություն քառյակի մակարդակով տեղի չի ունեցել, պարզապես մտքերի փոխանակում է եղել»,- նշեց նա:
Մեր հարցին, թե նախնական խորհրդակցության արդյունքում քառյակի դիրքորոշումները շարունակում են արդյոք մոտ մնալ կառավարության ծրագրի շուրջ, Ա. Ռուստամյանը դրական պատասխան տվեց: «Մոտ են»,- նշեց նա` ավելացնելով, որ մյուս հանդիպումը կլինի հընթացս, որովհետև իրենք հավաքվելու խնդիր չունեն:
Մեկնաբանել