
Հովիկ Աբրահամյան. «Ես ինչո՞ւ պիտի հրաժարական ներկայացնեմ. մեր նպատակն է գալ ու երկար աշխատել»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունում է, որ Հայաստանում ստվեր կա: «Բոլոր երկրներում էլ ստվեր կա, բայց մեզ մոտ ավելի շատ է, չգիտեմ որքան է, բայց կա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, թե իրենք տեսնում են, որ կա հնարավորություն հարկային դաշտը դուրս բերելու ստվերից, և հիմա օգտագործելու են իրենց այդ լծակները:
Հարցին, թե ինչո՞ւ եք անընդհատ հայտարարում, որ սկսելու եք Ձեր մերձավորներից, Հ. Աբրահամյանը պատասխանեց. «Պարզ չի՞` ինչի համար եմ ասում»: Ապա նկատեց, որ Սինգապուրի վարչապետը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես եք հաջողության հասել, պատասխանել է, որ սկսել է իր մերձավորներից: «Ես ի նկատի ունեմ, որ մեր բոլոր մերձավորներն ու ընկերները հասկանան, որ առաջինը իրենք պարտավոր են որևէ խախտում թույլ չտալ իրենց աշխատանքի մեջ, հարկային դաշտ գան բոլորը: Մեր բոլորի նպատակը դա է, և կարծում եմ՝ ես շատ պարզ եմ ասել: Որևէ տողատակեր փնտրել չարժե: Ես ասում եմ, որ իմ մերձավորներից սկսած բոլորի նկատմամբ պետք է հավասար վերաբերմունք ցուցաբերեմ»,- նշեց վարչապետը:
Նա ասաց, թե ինքը մոնիտորինգ չի արել` ովքեր են ստվերում գործում, բայց միաժամանակ նշեց. «Մենք մի շատ լավ գործ ենք նախաձեռնել և ունենալու ենք հաջողություն: Եթե դուք էլ կլսեք, որ կան նման դեպքեր, մենք կարձագանքենք յուրաքանչյուրին, ստուգել, եթե իրականությանը կհամապատասխանի, մենք կարգի կհրավիրենք»:
Ինչ վերաբերում է նրան, որ կառավարությունը 5 տոկոս տնտեսական աճի մասին է հայտարարել, արդյոք սա նշանակում է, որ հրաժարականի համար արդեն հիմք կա, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 7 տոկոս տնտեսական աճ չապահոված կառավարությունը պետք է հրարաժարական տա, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց այսպես. «Ես ինչո՞ւ պիտի հրաժարական ներկայացնեմ: Մենք նոր ենք սկսել աշխատել, մեր նպատակն է գալ ու երկար աշխատել ու պետության համար խնդիրներ լուծել: Մենք փորձելու ենք ապահովել տնտեսական աճ ու այս տարի մեր գործը լինելու է կայնունության ապահովումը»:
Մեկնաբանել