HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհված զինծառայողների ծնողների և օմբուդսմենի համատեղ տեղեկանքները

Խաղաղ պայմաններում բանակում մահացած ութ զինվորների ծնողներ ՀՀ կառավարության շենքի դիմաց հանդիպել էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և խնդրել հնարավոր աջակցություն: Պաշտպանը սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել էր ծնողների հանդիպումը ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի, մշտական հանձնաժողովի նախագահներ Հրայր Կարապետյանի և Արամ Սաֆարյանի, «Ժառանգություն»խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հետ:

Հանդիպման արդյունքում որոշվել էր պատգամավորներին ներկայացնել համատեղ տեղեկանքներ յուրաքանչյուր զոհված զինվորի գործի քննության ընթացքում տեղ գտած թերացումների ու խախտումների վերաբերյալ: Պաշտպանի աշխատակազմի օգնությամբ կազմվել են ութ տեղեկանքներ, որոնք ներառում են զինծառայողի մահվան պաշտոնական վարկածը, մահվան վերաբերյալ ծնողի վարկածը, գործի քննության ներկայիս փուլը, քննության ընթացքում ծնողների ներկայացրած խախտումները և թերացումները: 

Ներկայացնենք նշված խախտումներից և թերացումներից միայն մի քանիսը:  Արայիկ Ավետիսյանի գլխի վրա բացի հրազենային վնասվածքներից առկա են եղել այլ վնասվածքներ, իսկ վարույթն իրականացնող մարմինը չի էլ պարզել դրանց պատճառները: Գեղամ Սերգոյանի մահվան գործով քննիչի կողմից փորձագետին է ուղարկվել թվով 3 ռենտգեն լուսանկարներ, որոնց թե դատաբժշկական գիտագործնական կենտրոնում և թե նախաքննության ընթացքում անդրադարձ չի կատարվել: Նարեկ Գալստյանի մահվան դեպքի վայրից ոչնչացվել են մի շարք իրեղեն ապացույցներ: Տիգրան Համբարձումյանի դին գտնվել է զորամասից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ տեսանելի վայրում, սակայն զորամասի սպայական կազմը մարմինը հայտնաբերել է դեպքից մեկ օր անց:

Անդրանիկ Սարգսյանի մահվան գործով բուժծառայության պետը իր բացատրությունում նշում է, որ ինքը սխալ ախտորոշում է իրականացրել, մինչդեռ նախաքննության մարմինն այդ հարցին չի անդրադարձել: Քննիչն իր որոշման մեջ արձանագրել է, որ սպանված Արման Հակոբյանին նաև ծեծի են ենթարկել, սակայն քայլեր չի ձեռնարկել ծեծած զինծառայողներին որպես մեղադրյալ ներգրավելու համար: Պարանի վրա, որով կախվել է Վալերիկ Մուրադյանը, առկա են եղել արյան հետքեր, սակայն պարանը չի ուղարկվել փորձաքննության՝ արյան կարգը և պատկանելիությունը որոշելու համար: Սպանված Տիգրան Օհանջանյանի մարմնի նկարներից ակնհայտ երևում է աչքի, ծնոտի և գլխի հատվածներում առկա վնասվածքները, ինչպես նաև ձեռքի ափի կապտուկները, սակայն դատաբժշկի կողմից այդ ամենը չի արձանագրվել:

Արձանագրելով ծնողների կողմից ներկայացված խնդիրներն ու բողոքները՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Նիկոյանին, Արամ Սաֆարյանին, Հրայր Կարապետյանին և Լարիսա Ալավերդյանին այսօր ուղարկված տեղեկանքներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է իրավական հետագա գործողությունների իր առաջարկները:

Պաշտպանը համոզված է, որ միայն նախկին (նույնիսկ տասնամյա հնության) գործերի լրիվ և օբյեկտիվ քննությունն ու այդ գործերով արդարության վերկանգնումը կարող է ապահովել այսօրվա մահվան դեպքերի քննության նկատմամբ վստահությունը և վաղվա բռնությունների ու սպանությունների կանխարգելումը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանություններ (1)

Վեհարի Առաքելյան
Եթե ընդամենը 8 քրեական գործերում են հանդիպել կեղծիքներ, դե պատկերացրեք հազարավոր կոծկվաք գործերում որքան կլինեն այդ ակնհայտ ,,թերացումների,, քանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter