Փաշինյանը Հովիկ Աբրահամյանին առաջարկում է պոմիդոր աճեցնելով զբաղվել
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթը նոր կառավարության նոր ծրագրի շուրջ իրարանցում առաջացրեց խորհրդարանական դահլիճում: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը չզսպեց իր զայրույթը Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերի վերաբերյալ, նրան սկսկեց ընդհատել, տեղից բղավել, ինչին ՀԱԿ պատգամավորը արձագանքեց այսպես. «Մի հատ կարգի հրավիրեք, հա՞ (դիմեց նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին), այստեղ բազար չի, արա»: Առաքել Մովսիսյանին հավանաբար բարկացրեց Ն. Փաշինյանի այն հայտարարությունը, թե ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հերքում է, որ «Յուքոմ» ընկերությունն իրեն է պատկանում: «Գ. Խաչատրյանին հարցնում են՝ ումն ա, ասում ա՝ հորոխպորս տղունն ա… Ընտանիքներ կան, որ հացին կակա են ասում, իսկ դուք ասում եք, թե մի ընտանիք չեք պահել»,- նշեց Փաշինյանը:
ՀԱԿ պատգամավորը անդրադարձավ նաև ԱԺ նախագահի որակմանը, թե Նիկոլ Փաշինյանը չարաճճիություն է անում դահլիճում ու հայտարարեց. «Եթե Դուք (դիմում է Գ. Սահակյանին) ԱԺ-ի նախագահությունում թոթովախոս եք, բառերը դժվարությամբ եք գտնում ու կապում իրար, սա չի նշանակում, որ ԱԺ-ն պետք է շփոթեք մանկապատեզի հետ, եթե դուք կշարունակեք Ձեզ այդպես պահել, մենք էլ կպահենք համարժեք, որովհետև որոշ պսևդոդաստիարակների դասեր տալու հարուստ փորձ ունեք»,- ասաց նա։ Գալուստ Սահակյանն էլ հակադարձեց՝ նշելով, «Այդպես էլ արջը երկրորդ երգը չսովորեց»։
Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, թե Հովիկ Աբրահամյանը անկախության տարիներին գրեթե անդադար պետական պաշտոններ է զբաղեցրել, և այդ տարիներին դարձել է ամենահարուստ սեփականատերերից մեկը։ «Հազարավոր հեկտար հողեր, գազալցակայններ, բենզալցակայններ, գործարաններ, հանգստյան տներ, առանձնատներ, իսկ ընդհանրապես Երևանի փոքր կենտրոնում որ շենքի տակ կանգնում ես, ասում են՝ Հովիկ Աբրահամյանը երկու հարկ ունի»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, ով, ըստ հայտարարագրի, 6 բնակարան, 1 առանձնատուն, 1 ամառանոց ունի, Ն. Փաշինյանն ասաց, թե նրա հայտարարագրից տպավորություն է, որ նա «անշարժ գույքի գործակալն է»։ «Գագիկ Խաչատրյանն ընդհանրապես դժվար է ասել ինչով է զբաղված, ինչի մասին խոսում ես, ասում են՝ Գագիկ Խաչատրյանինն է՝ «Յուքոմ», «Մեգաֆուդ», «Մեգաավտո»։ Էս ինչո՞վ եք զբաղված։ Առավոտից իրիկուն խոսում են կոռուպցիայի մասին, ձեզ թվում ա կոռուպցիան տենց պոզով պոչով ա՞, էս ա կոռուպցիան»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ կառավարության ծրագիրը կարդալուց տպավորություն է, որ նախարարների բիզնես ծրագրերն են հաստատում։ «Կառավարությունը գրել է, որ ձկի արտադրությունը պետք է ավելացնի, այս պատմությունը կօգտագործեն, մի երկու մանր-մունր ձկնաբույծներ կան, նրանց էլ կհեռացնեն ու ամբողջը կդարձնեն երեք ընտանիքների սեփականությունը՝ ՀՀԿ, ԲՀԿ խմբակցությունից, ու դրանով ամեն պատմությունը կավարտվի: Հովիկ Աբրահամյանին ասում ենք՝ ո՞նց եք այդ միլիոններն աշխատել, ասում է՝ հող եմ մշակել։ Պարոն Աբրահամյան, համ հող եք մշակել, համ բարձրաստիճան պաշտոնյա եք եղել, եկեք արձանագրենք, թե որպես պաշտոնյա ինչ արդյունք ունենք՝ կրախի առաջ կանգնած երկիր, աղքատություն և ունեք իր դեմս Ձեզ՝ շատ մեծ շահութներ գյուղատնտեսությունից: Եթե այս փաստերը համադրում ենք, ստացվում է, որ Ձեզ մոտ ավելի լավ պոմիդոր աճեցնելն է ստացվում, միգուցե դրանով զբաղվեք, հա՞»,-առաջարկեց Փաշինյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել