HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեւանի փողոցներն սպասում են կառավարության գումարին

Արփինե Մինասյան

Մինչ Սեւան քաղաք այցելողներն առաջին հերթին մատնանշում են քաղաքի անբարեկարգ փողոցները, բնակիչների եւ հատկապես վարորդների համար այն արդեն սովորական երեւույթ է: Նույնիսկ հույս չունեն, որ ճանապարհները կբարեկարգվեն: «Գյուղերում ավելի լավ ենք քշում, քան քաղաքում: Սեւանը գյուղից էլ բեթար է, եթե ճանապարհները սարքեն էլ, սարքին մեքենա էլ չի լինի»,- նշում են վարորդներից մի քանիսը:

Սեւանի քաղաքապետարանի ճարտարապետա-շինարարարական բաժնի տվյալներով` Սեւանը զբաղեցնում է 28 հազար 841 քմ: 2013թ. պետբյուջեի միջոցներով տրամադրած գումարով ասֆալտապատվել են Սեւանի Հենրիկ Դանիելյանի անվան հրապարակից մինչեւ Զորավար Անդրանիկի անվան հրապարակը, Նաիրյան 1-ին նրբանցքը, Սայաթ-Նովա փողոցը: 2014թ. մարտի սկզբին Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը նախորդ տարվա հաշվետվությունը ներկայացնելիս քաղաքի հրատապ լուծում պահանջող խնդիրների շարքում առանձնացրեց փողոցների բարեկարգումն ու ասֆալտապատումը: Ըստ քաղաքապետի` Սեւանի ճանապարհների ասֆալտի շերտը գրեթե 20 տարվա պատմություն ունի: Տարբեր տարիներին փոսալցման աշխատանքներ կատարվել են, բայց մեծածավալ ասֆալտապատում չի իրականացվել: 

«Մենք անցյալ տարի 20 հազար ք/մ ասֆալտապատել ենք, բայց դա չի երեւում քաղաքի ֆոնին, քանի որ դա ընդամենը քաղաքի ասֆալտապատ ծածկույթի 3%-ն է կազմում: Այս տեմպերով եթե ընթանա կամաց-կամաց ասֆալտապատ ծածկույթը կվերածենք հողային ծածկույթի»,- հայտարարեց Ռուդիկ Ղուկասյանը: 

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը տարեվերջյան ասուլիսում անդրադառնալով Սեւան քաղաքի անբերակարգ փողոցների վիճակին, հայտնել է, որ 2013թ. ընթացքում պետբյուջեից Սեւան քաղաքի կառուցապատման համար հատկացվել են համեմատաբար շատ միջոցներ, որոնցով իրականացվել են նաեւ ճանապարհաշինական աշխատանքներ: «Հանրապետության մասշտաբով ոչ մի քաղաքային համայնքում պետբյուջեի հաշվին նման մասշտաբի աշխատանքներ չեն կատարվել, ինչ Սեւան քաղաքում»,- ասել է մարզպետը` թվարկելով կատարված ծրագրերը` բնակելի շենքի եւ դպրոցի տանիքի վերանորոգում, նախակրթարանի ստեղծում, մարզահրապարակի եւ մանկապարտեզի վերանորոգում, ներքին ջրամատակարարման համակարգերի անցկացում:

2014թ. հունվարի 24-ին տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մասնակցությամբ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ընթացքում մարզպետ Գրիգորյանը զեկուցել է, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ.-ին 2,6 մլրդ դրամն ուղղվել է ճանապարհաշինարարությանը: 

Սեւան քաղաքը Գեղարքունիքի մարզի 5 քաղաքային համայնքներից մեկն է, որը գտնվում է Սեւանա լճի հյուսիս-արեւմտյան ափին: Համայնքն իր ափամերձ տարածքներով զբոսաշրջային քաղաք է: «Քանդված փողոցներով ի՞նչ զբոսաշրջային քաղաք: Զբոսաշրջիկները գալիս տեսնում են եւ հիասթափված գնում»,- նշում են սեւանցիները: Քաղաքի զարգացման ծրագրից է խոսում նաեւ քաղաքապետը: Ըստ նրա` Սեւանում հարկավոր է զարգացնել զբոսաշրջոթյունը, սակայն քանդված փողոցներով զբոսաշրջություն չի զարգանա:

Այս տարվա ապրիլի 28-ին Սեւանի քաղաքապետը Սեւանի տարբեր հաստատությունների ղեկավարներին ու աշխատակիցներին հորդորեց ակտիվորեն մասնակցել մայիսի 3-ի համընդհանուր շաբաթօրյակին` հույս հայտնելով, որ մայիսի կեսից սկսվելու են ասֆալտապատման ու փոսալցման աշխատանքները: «Հանրապետության նախագահի տրամադրելիք գումարը մենք կստանանք երեւի մայիսի կեսին եւ մրցույթ կանցկացնենք: Երեւի մայիսի 20-ից կսկսենք փողոցների բարեկարգման աշխատանքները: Այս տարի նպատակ ունենք ամբողջությամբ ասֆալտապատել Նաիրյան եւ Շահումյան փողոցները, քաղաքի մյուս մուտքից` Դիլիջանից Սեւան մտնող հանրապետական նշանակության ճանապարհը: Ինձ զեկուցել են, որ փոսային նորոգումների նախահաշիվը կազմում է 56 մլն դրամ»,- ներկաներին հայտնեց քաղաքապետը:

Սեւանի ավագանու 2014թ.-ի մայիսի 12-ի թիվ 2-րդ նիստի օրակարգային հարցերը սպառվելուց հետո Ղուկասյանն անցավ հարց ու պատասխաններին: Ասֆալտապատման աշխատանքների շարունակման վերաբերյալ հարցին քաղաքապետը պատասխանեց, որ վարչապետի հետ հանիպում է ունենալու, հարցը կլուծվի: Քաղաքապետի խոսքերով` ասֆալտապատման աշխատանքների համար անհրաժեշտ է 640 մլն դրամ:

Տարեվերջյան ասուլիսի ընթացքում մարզպետը նշել է, որ Սեւանում ջրագծերի անցկացման աշխատանքները դեռ ավարտված չեն: Ավարտվելուց հետո ասֆալտապատման աշխատանքները կշարունակվեն: «Մենք դեռ խորհրդային ժամանակների հիշողություններով ենք, երբ ասֆալտապատում էին, մեկ ամիս հետո քանդում էին, ջրագծեր վերանորոգում: Մենք այդքան հնարավորություն չունենք, որ զուգահեռ աշխատանքներ անենք»,- ասել է Ռաֆիկ Գրիգորյանը` չմոռանալով նշել, որ Սեւան քաղաքում 2013թ.-ին կատարված ասֆալտապատման աշխատանքները մարզպետարանի պատվերով են իրականացվել: Վերջինս հավաստիացրել է, որ ճանապարհաշինական աշխատանքները շարունակական են լինելու:

2013թ.-ի ապրիլից Սեւանում մեկնարկել էր ջրագծերի եւ կոյուղագծերի անցկացման եւ նորոգման աշխատանքներ: Անցկացվել էր 36 կմ երկարությամբ խողովակաշար, կատարվել 830 տնային միացում: 2013թ. տարեվերջին Սեւանի քաղաքապետարանը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին է ներկայացրել Սեւան քաղաքում ջրամատակարարման եւ կոյուղագծերի հետ կապված հիմնախնդիրների ցանկը, որը ներառվել է «Հայջրմուղկոյուղու» 2014թ.-ի ծրագրերում: Մինչ այդ դանայան տակառ հիշեցնող Սեւանի փողոցներն սպասում են կառավարության գումարին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter