
Ի՞նչ էր երեկ երկնքում, և որտե՞ղ էր դա. քվազիգիտական հաշվարկ
Երեկ` ժամը 21:10-ին, բազմաթիվ երևանցիներ ականատես եղան մի հետաքրքիր տեսարանի: Արագ զարգացան տարբեր վարկածներ` հրթիռ, որը պայթեց, մետեորիտ, ընկնող արհեստական արբանյակ և անգամ այլմոլորակայինների անհաջող վայրէջք:
Փորձենք նախ պարզել, թե դա իրականում որտեղ էր, ինչ բարձրության վրա էր, ապա հասկանալ, թե ինչ էր:
Վայրը
Աջափնյակից, Արաբկիրից, Կենտրոնից, Նորք-Մարաշից ու Քանաքեռից երևույթը տեսած ականատեսների կողմից կատարված ֆոտո և վիդեո նկարահանումները և վերջիններիս պատմածները վկայում են այն մասին, որ երևույթը տեղի է ունեցել Դավթաշենից դեպի հյուսիս ուղության վրա:
Առավել հեռու գտնվող (Կենտրոն և Նորք-Մարաշ) ականատեսները հիմնականում ասում են, որ երևույթը տեսել են հորիզոնի նկատմամբ մոտ 25 աստիճան անկյան տակ, իսկ առավել մոտիկները (Աջափնյակ և Քանաքեռ)` 30-35 աստիճան անկյան տակ:
Եռանկյունաչափական հաշվարկը ցույց է տալիս, որ այդ դեպքում մեր տեսածը եղել է Դավթաշենից մոտ 8-9 կմ դեպի հյուսիս և մակերևույթից միջև 8-10 կմ բարձրության վրա:
Թռիչքի բարձրության այս վարկածը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ Երևանում մայրամուտից հետո անցել էր ընդհամենը 45 րոպե և մթնոլորտի ավելի բարձր շերտերը դեռ լուսավորված էին արեգակի ցրված լույսով:
Իսկ խնդրո առարկա օբյեկտի վառվելուց հետո բարձրացած ծուխը իր լուսավորվածությամբ շատ թույլ էր տարբերվում ամպերի լուսավորությունից (որոնք, իմիջայլոց, ավելի ցածր էին):
Բացի այդ, իր թռիչքի վերջում օբյեկտը պայթում է, որից տարածվում է ձայնային ալիք, որի արագությունը հայտնի է` մոտ 300 մետր/վ:
Նաև այդ ալիքի չափսերն ու տարածման տեսանյութերում երևացող արագությունը վկայում են, որ հեռավորության մասին մեր վարկածը բավականին մոտիկ է իրականությանը:
Չափը և արագությունը
Թեև ինքը՝ թռչող և վառվող մարմինը եղել է փոքր, սակայն նրա թողած ամպը բավականին մեծ է եղել: Սակայն, նման եռանկյունիների մեթոդով կարելի է ասել, որ դրա այրումից մնացած ամպը վերջում հասնում է մոտ 2 կիլոմետրի:
Մի քիչ ավելի դժվար է օբյեկտի արագությունը որոշելը: Սակայն եթե համեմատենք դրա արագությունը ձայնի (պայթյունի տարածման) արագության հետ, ապա կարելի է ասել, որ թռիչքի վերջում մեր անհայտ թռչող մարմինն ուներ 400-600 կմ/ժ արագություն:
Վարկածները
Տեսարանը բավականին նման է բալիստիկ հրթիռի աստիճաններից մեկի վառվելուն, սակայն ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ երեկոյան այդ շրջանում Հայաստանի զինված ուժերը հռթիռների կիրառմամբ զորավարժություններ չեն արել, և խնդրո առառկա երևույթից տեղյակ չէ, ինչը միանգամից դուրս թողեց երևույթի ռազմական ծագման վարկածը (նկատենք նաև, որ մեր օբյեկտի արագությունը շատ փոքր էր բալիստիկ հրթիռների համար):
Եթե հավելենք, որ արհեստական արբանյակներ ունեցող պետություններից և որևէ մեկը չի հայտարարել, որ իր արբանյակը ընկել է, կարելի է նաև բացառել նաև այդ վարկածը:
Այսպիսով թողնելով այլմոլորակայինների վարկածը գիտաֆանտաստիկայի սիրահարներին՝ քննարկենք ընկնող մետեորիտի վարկածը:
Երկիր մոլորակի վրա օրական միջինում ընկնում է 5 տոննա գումարային զանգված ունեցող մետեորիտներ: Սովորաբար, մետեորիտները փոքր են լինում և այլրվում եմ մթնոլորտի ավելի բարձր շերտերում (30-50 կմ), սակայն կախված չափից, արագությունից և բաղկացուցիչ նյութերից դրանք կարող են այրվել ավելի ուշ, կամ, անգամ հասնել երկրի մակերևույթին:
Մեր դեպքում ենթադրվում է, որ գործ ունենք բավականին կամաց թռչող մետեորիտի հետ, որի սկզբնական արագությունը մթնոլորտ մտնելուց եղել է 10-15 կմ/վ:
Հավանաբար, դրա չափը չէր գերազանցում մի քանի դեցիմետրը, քանի որ հակառակ դեպքում այն 20 վարկյանում չէր այրվի: Ըստ ամենայնի, այն սկսել է մեծ ծուխով այրվել միայն մթնոլորտի առավել խիտ շերտերում, ինչի շնորհիվ մենք չենք տեսել դրա այրման սկիզբը:
Այսինքն, հասնելով որոշակի վայրի, մետեորի շփումը մթնոլորտի հետ որակապես փոխվեց և վերածվեց ակտիվ այրման, ինչը և մենք տեսնում էինք մոտ 20 վարկյան:
Հ.Գ. Այստեղ հարկ է հաշվի առնել, որ հաշվարկները կատարվել են ականատես քաղաքացիների բավականին տարամիտող վկայությունների շուրջ և չեն կարող ունենալ գիտական ճշտություն: Բացի այդ, հարկ է նկատել, որ բավականին եզակի է լինում, որ մետեորիտն այդքան կամաց վառվի տրոպոսֆերայում, սակայն չերևա դրա հետքը ստատոսֆերայում: Ուստի չի կարելի բացառել, որ օբյեկտն իրականում ռուսական բալիստիկ հրթիռի մաս է… Սակայն այս դեպքում ծագում է բնական հարց` ի՞նչ է անում այդ հրթիռը Հայաստանի օդային տարածքում և ինչու՞ մեր ՊՆ-ն դրանից տեղյակ չէ:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել