Կայացավ «Պատանի իրավապաշտպաններ» միջդպրոցական ինտելեկտուալ մրցույթը
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 84,85, 136 հիմնական և թիվ 127, 103 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ցանցը նախաձեռնեց «Պատանի իրավապաշտպաններ» մրցույթը, որը տեղի ունեցավ թիվ 136 դպրոցում:
Միջոցառումը կազմակերպել էր աշակերտական խորհուրդների ցանցի «Իրավունքների և շահերի պաշտպանություն աշխատանքային խումբը»: Միջոցառման նպատակն էր բարձրացնել աշակերտների իրազեկությունը մարդու իրավուքնների վերաբերյալ՝ շեշտադրելով երեխայի իրավունքները: Մասնակցում էին 5 դպրոցների թիմեր: Մրցույթի ժյուրիի կազմում էին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ե.Անդրեասյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և Վորլդ Վիժն Հայաստանի Երևան Տարածքային զարգացման ծրագրի ներկայացուցիչներ: Ներկա էին ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Ա.Բախշյանը, ծնողներ, դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, մակավարժներ, երեխաներ, հյուրեր:
Մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Ա.Բախշյանը մասնավորապես ասաց.«Մեծ հետաքրքրություն ունեմ այն միջոցառումների հանդեպ, որոնք երեխաներն են կազմակերպում և մասնակցում: Դուք մասնակցելով ստանում եք այն կարևոր գիտելիքները, որոնք անհրաժեշտ են ձեզ կյանքում: Եղեք արժանապատիվ և օրինապահ քաղաքացիներ»: Իսկ ԱԽ ցանցի նախագահ, թիվ 103 դպրոցի աշակերտ Խ.Աբաջյանը նշեց, որ սա ցանցի անդրանիկ մեծ միջոցառումն է, որի նախապատրաստումը պահանջել է զգալի պատասխանատվություն:
Գնահատումը կատարվեց 10 բալային համակարգով: Թիմերին տրվող հարցերը վերաբերում էին մարդու իրավունքների ազգային և միջազգային իրավական համակարգերին և պաշտպանության մեխանիզմներին: Հիմնականում անդրադարձ էր կատարվում երեխայի իրավունքներին առնչվող միջազգային փաստաթղթերին՝ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների հռչակագրին, կոնվենցիային, ՀՀ երեխայի իրավունքների և հանրակրթության ոլորտը կարգավորող օրենսդրությանը, մարդու իրավունքների եվրոպական դատարանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործառույթներին և իրավունքների պաշտպանության համար վերջիններին դիմելու ընթացակարգերին:
Թիմերը ցուցաբերեցին բազմակողմանի իմացություն և ակտիվություն: Հետաքրքիր էին իրավիճակային ներկայացումները աշխատանքի շահագործման, մտքի ,խղճի և դավանանքի ազատության խախտումների և խտրականության դրսևորումների վերաբերյալ: Վերջնական արդյունքների ամփոփմամբ հաղթող թիմ ճանաչվեց թիվ 85 դպրոցի թիմը, որը ստացավ գլխավոր մրցանակը: Թիմերրի անդամները պարգևատրվեցին նվերներով և շնորհակալագրերով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել