
Նրա կաշի-ոսկոր մարմինը դրել են կարտոֆիլի արկղի մեջ և թաղել բանտային գերեզմանում
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից
Բանտից կատարած առաջին փախուստի պատմությունը խոստանում եմ դեռ շարունակել, իսկ մինչ այդ չէի կարող չգրել վերջին օրերի իմ ապրումների մասին:
Օրեր առաջ կարդացի գաղտնազերծված արխիվային նյութերում պահպանված միջազգային գիտական շրջանակներին հայտնի Խորհրդային միության սելեկցիոներ Նիկոլայ Վավիլովի ողբերգական պատմության մասին: Շատ եմ ուզում կիսել ձեզ հետ, որովհետև նույնիսկ անարդարությունը կաշվիս վրա զգալով, չեմ դադարում ցնցվել նման պատմություններից: Բացի այդ, այս պատմությունը, կարծում եմ, «Խարան» վեպի տրամաբանական շարունակությունն է, քանի որ սովետական բանտի սարսափներն է բացահայտում:
Նիկոլայ Վավիլովը գիտնական է, ով ողջ կյանքը նվիրել է հացահատիկի նոր տեսակի աճեցմանը, որպեսզի աշխարհի երեսին հացին կարոտ մարդ չմնա: Իր հայտնագործությունների համար նա հետմահու արժանացել է Նոբելյան մրցանակի, սակայն կյանքի վերջին տարիները նա անցկացրել է բանտում ստալինյան բռնապետության ժամանակ՝ շինծու մեղադրանքով, նրա վրա «գրող» միջակ գիտնականների ցուցմունքներով: 1941 թ-ին նրան դատապարտել են գնդակահարության, սակայն հրաշքով այն փոխարինվել է 20 տարվա ազատազրկման: Գիտնականի կնոջն ասել են, թե ամուսնուն տեղափոխել են Սանկտ Պետերբուրգի «Կրեստի» բանտ: Կինը, մեծ դժվարությամբ գումար հետ գցելով, տարիներով ամեն ամիս հաց է ուղարկել ամուսնուն Սարատովից Սանկտ Պետերբուրգ: Հետագայում միայն պարզվել է, որ կնոջը երկար տարիներ խաբել են. ամուսինը միշտ եղել է Սարատովում՝ իրենց տնից 100 մետր այն կողմ գտնվող բանտում, այլ ոչ թե Սանկտ Պետերբուրգում: Աշխարհը սովից փրկելուն իր կյանքը նվիրած գիտնական Վավիլովը բանտախցում մահացել է սովից: Նրա կաշի-ոսկոր մարմինը դրել են կարտոֆիլի արկղի մեջ և թաղել բանտային գերեզմանում:
Հիմա մենակ չեմ պայքարում հանուն ցմահ Ազատության
Խցում նստած՝ նայեցի Հենրիկ Շաթիրյանի «Խարան» վեպի ռուսերեն տարբերակի շնորհանդեսի բոլոր տեսագրությունները, կարդացի մամուլի հրապարակումները, մարդկանց արձագանքները, բոլոր մեկնաբանությունները, տեսա ֆոտոները: Այսպիսով՝ դարձյալ հեռակա հանդիպեցի հին ու նոր, ծանոթ-անծանոթ բարեկամների, լսեցի նրանց, ուրախացա, որ մենակ չեմ պայքարում հանուն ցմահ Ազատության:
Շնորհանդեսից հետո նույն օրը Վարդան Պետրոսյանին ու ինձ այստեղ՝ «Նուբարաշենում», մեր ընկերները փոխանցեցին «Խարանի» օրինակները: Առաջին ու վերջին էջերին Ձեր բարեմաղթանքներն են: Անչափ շնորհակալ եմ: Շատ ոգևորող ու պարտավորեցնող են սրտացավ մարդկանց խոսքերը: Դրանք կարդալով՝ ուզում եմ է՛լ ավելի շատ աշխատել, ստեղծագործել... Արդեն մի քանի ծրագրեր կան մտքումս: Դրանցից մեկի՝ հարցազրույցների շարք սկսելու մասին գրել եմ (անգամ արել իմ առաջին հարցազրույցը): Երկրորդ հարցազրույցը ցանկանում եմ անցկացնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ: Հուսով եմ՝ նա չի մերժի հարցազրույց տալ «Հետքի» թղթակիցին «Նուբարաշենի» բանտից: Արդեն կազմել եմ հարցերն ու ուղարկել Ողջերի աշխարհ:
Տեսագրության միջոցով հեռակա ծանոթացա նաև Հասմիկ Պողոսյանի հետ, ով առանց ինձ անձամբ ճանաչելու, անշահախնդիր թարգմանել է «Օրանժի» գրքի մրցույթին ներկայացված իմ՝ «Դեպի ցմահ Ազատություն» պատմվածքը: Իմացա, որ ոչ անտարբեր քաղաքացիներ հավաքվել են 300.000 դրամ, և հնարավոր կլինի լրագրող, գրող Վահան Իշխանյանի գաղափարն իրականացնել՝ տպագրել իմ պատմվածքը: Մոտ ժամանակներս «Դեպի ցմահ Ազատություն» պատմվածքը կհրապարակվի երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն (ես եմ թարգմանել) և անգլերեն (թարգմանիչ Հասմիկ Պողոսյան): Գրքում լինելու են նաև նկարիչ Տիգրան Մանգասարյանի կոմիքսները, ում նույնպես չեմ ճանաչում: Մարդիկ են, ովքեր արձագանքել են անարդարությանը: Այնպես, որ բարեկամներս, շուտով, կարծում եմ, կհանդիպենք իմ երրորդ գրքի շնորհանդեսին:
Տեսագրությունը դիտելուց հետ-առաջ էի տանում պատկերը, կանգնեցնում կադրերը, որպեսզի նորից տեսնեմ իմ հին բարեկամներ Գուրգեն Մարտիրոսյանին, Զարուհի Մուրադյանին, Ավետիք Իշխանյանին, Արծվի Բախչինյանին: Ուրախությամբ ծանոթացա նաև ինձ աշխատելու ու մարդկանց հետ շփվելու բացառիկ հնարավորություն տված «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի, բանաստեղծուհի, լրագրող Ելենա Շուվաևայի, Հենրիկ Շաթիրյանի դստեր հետ: Շնորհակալ եմ բոլորիդ, բայց եթե շարունակեմ անուններ թվարկել, հոդվածս չափազանց երկար կստացվի. վախենամ ձանձրացնեմ ձեզ:
Պարզապես ուզում եմ ասել՝ երջանիկ եմ, որ ծանոթացել եմ մարդկանց հետ, ովքեր անտարբեր չեն իրենց տեսակով, չեն հանդուրժում համակարգի կողմից անմեղ մարդկանց հալածանքը, իշխանությունների լուռ անտարբերությունը դատական սխալները շտկելու նկատմամբ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել