HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրաքաղաք մուտք գործող ճանապարհների բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին

«Հեղեղատարների հետ կապված նորոգման աշխատանքները ժամանակին պետք է ավարտել, որպեսզի անձրևների շրջանում խնդիրների առաջ չկանգնենք»,- նշել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին` քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին  հանձնարարել է արագացնել աղի ու ավազի կուտակման, ինչպես նաև համապատասխան մեքենամեխանիզմների վերազինման հետ կապված աշխատանքները:

Կոմունալ տնտեսության վարչության պետը ներկայացրել է Երեւանի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում իրականացված ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ արդեն կատարվել է 13.903 գծմ ջրթափ խողովակների նորոգում, ջերմամեկուսացվել է 2200 գծմ խողովակ, ապակեպատվել 9136 քմ տարածք, 480 մուտքերում տեղադրվել են նոր դռներ:

Աղբահանության պայմանագրերի կնքնման եւ հավաքագրման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ օգոստոսի համեմատությամբ հավաքագրման աճը սեպտեմբերին  կազմել է 8.7 տոկոս: 

Քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը մայրաքաղաքում կառուցապատում իրականացնող ընկերությունների կողմից սահմանված ժամկետում աշխատանքներն իրականացնելու, անվտանգության կանոնների եւ պայմանագրային մյուս պարտավորությունների կատարման վերահսկման նպատակով:

«Յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա իր փոքր կենտրոնը՝ հրապարակով, ժամանցային և մշակութային կենտրոններով  և սպասարկման այլ կետերով:  Այդպիսով մենք թե կընդալայնենք Կենտրոն հասկացությունը, և թե կնպաստենք  մայրաքաղաքում նոր գրավիչ վայրի ձևավորմանը»,- նշել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Ծրագիրը 2012թ. իրագործելու նպատակով քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ներկայացնել ֆինանսական գնահատական ՝  միաժամանակ  ակտիվացնելով աշխատանքը ներդրումային հոսքերի ներգրավման ուղղությամբ:

Ներդրումային խոշոր ծրագրերում քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հիմնարկների ներգրավվածության հետ կապված առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ 3 համաբուժարաններ արդեն համագործակցության առաջարկներ ունեն:

«Մենք պետք է համոզվենք, որ ներդրումային ծրագրերի շնորհիվ առողջապահության ոլորտը կբարձրացնի առողջապահական հիմնարկների որակական չափանիշները եւ մասնավորի ու պետականի համագործակցությունը ցանկալի զարգացում կունենա: Դրա համար շատ կարևոր է, որ նախ եւ առաջ բոլոր բուժհիմնարկներն ունենան իրենց զարգացման եւ ներդրումային ծրագրերն ու առաջարկները»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Ներկայացվել է նաեւ տրանսպորտային միջոցներով Երեւան մուտք գործող զբոսաշրջիկների համար մայրաքաղաքի փողոցները եւ տեսարժան վայրերն ավելի հասանելի դարձնելու նպատակով համապատասխան վայրերում ցուցիչ վահանակներ տեղադրելու ընթացքի հետ կապված աշխատանքները:

Կամուրջների և փողոցների թեք լանջավոր հատվածների կանաչապատման և հենապատերի կառուցման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ համապատասխան աշխատանքներ են ընթանում մի շարք հատվածներում:

Մայրաքաղաք մուտք գործող ճանապարհների և դրանց հարակից տարածքների բարեկարգման, կանաչապատման և ձեւավորման աշխատանքների ընթացքի հետ կապված բնապահպանության վարչության կողմից զեկուցվել է, որ Երևան եւ Արգավանդ ուղետարին  հարակից տարածքի 3,2 հեկտարը բարեկարգված է, անցկացված է ոռոգման ցանց եւ այժմ կատարվում է սիզամարգի ցանք: Երևան-Սեւան մայրուղում ևս ավարտվել են բարեկարգման եւ ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները, կատարվել է կանաչապատում՝ մշտադալար տնկիներով: Երևան-Աշտարակ մայրուղու հատվածում  փոխվել են մայթերի եզրաքարերը, ընթացքի մեջ են հողային աշխատանքները, անցկացվում է լուսավորության համակարգ: Քաղաքապետը հանձնարարել է մինչև հոկտեմբերի վերջ ավարտել նշված ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Մայրաքաղաքում շարունակվող ասֆալտապատման աշխատանքների հետ կապված` Կարեն Կարապետյանը հանձնարարել է կատարել գույքագրում, ճշգրտել աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունների ու աշխատանքների կատարման ժամկետները:

Սպորտի բաժնի պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ ներկայում մշակվում է առողջ ապրելակերպի քարոզչությանն ու մասսայականացմանն ուղղված հայեցակարգ: Քաղաքապետը հանձնարարել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել վարչական շրջաններին և տեղերում հնարավորին շատ կազմակերպել մասսայական մարզական միջոցառումներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter