
Գորիսի քաղաքապետի թեկնածուները 8 մլն դրամը գերազանցող գույք չեն հայտարարագրել
Գորիսի քաղաքապետի թեկնածուները թիվ 37 ընտրատարածքային հանձնաժողովին են ներկայացրել իրենց ունեցվածքի` անշարժ գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերը: Հայտարարագրերում առկա տեղեկատվությունը վերաբերում է թեկնածուների 2013 թ. մայիսի 1-ից մինչեւ 2014 թ. մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածին: Ըստ հայտարարագի` Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Վաչագան Ադունցն ունի 59,1 ք/մ տարածք Գորիսում, բնակարան Երեւանում` 50,2 ք/մ :
Թեկնածուի եկամուտը գոյացել է «Հայջրմուղկոյուղի» ընկերությունից ստացած աշխատավարձից` 2 մլն 907 հազար 392 դրամ, «Ադունցներ» ՍՊԸ-ից որպես աշխատավարձ` 498 հազար 204 դրամ եւ նույն ընկերությունից որպես շահաբաժին` 4 մլն 550 հազար դրամ: Շարժական գույք չունի:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա 2014թ. մայիսի 14-ի դրությամբ Վաչագան Ադունցն ունեցել է 2 մլն 560 հազար դրամ եւ 15 հազար ԱՄՆ դոլար:
Հրայր Յոլյանը հայտարարագրել է բնակարան Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասի 4/25 հասցեում` 77ք/մ, «Շանի» ՍՊԸ-ի շենքը` 59,4 ք/մ եւ 120 ք/մ կառուցապատման հողատարածք Վանքի տափ 21 հասցեում, 96 հա վարձակալված հողատարածք ԼՂՀ-ի Բերձոր քաղաքում:
Քաղաքապետի թեկնածուի եկամուտներն ստացվել են արտադրությունից` 3 մլն 200 հազար դրամ եւ գյուղատնտեսությունից` 6 մլն դրամ, իսկ մայիսի 14-ի դրությամբ նրա հաշվեհամարին եղել է 500 հազար դրամ: Թեկնածուն ունի 2003 թ. արտադրության Lexus GX մակնիշի ավտոմեքենա:
Թե Վաչագան Ադունցը, թե Հրայր Յոլյանը 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտաժույթը գերազանցող թանկարժեք գույք չեն հայտարարագրել:
Լուսանկարը՝ Գորիսի մամուլի ակումբի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել