HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ՀՀ նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ,

Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ պարոն  Սերժ Սարգսյանին  

Մեծարգո Սերժ Ազատի, 1915 թվականի Հայոց ցեղասպանության առաջին զոհերը հայ գրականու­թյան ներկայացուցիչները եղան. Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, Գրիգոր Զոհրապը, Տիգրան Չեոկյուրյանը, Թլկատինցին, Ռուբեն Զարդարյանը, Արտաշես Հարությունյանը, Գեղամ Տեր-Կարապետյանը (Մշո Գեղամ), Մելքոն Կյուրճյանը (Հրանտ), Երուխանը, Գեղամ Բաղդասարյանը:

Արհավիրքից պատահականությամբ փրկվեց, հետագայում քեմալական նախճիրին զոհ գնաց նաև Տիրան Չրաքյանը (Ինտրա):  

Հայ գրողների այս աստղաբույլը, գրական հսկաների այս սերունդը ոչնչացվեց աներևակայելի, անմարդկային միջոցներով և մնաց անթաղ: Ցեղա­սպանը լավ գիտեր գրական խոսքի ուժը և հասկանում էր, որ իր ստոր նպատակին հասնելու համար նախևառաջ հայ ազգի ոգին մարմնավորողների գլխատումն էր անհրաժեշտ:  

Այսօր, երբ մեր երկիրը և ողջ հայությունը պատրաստվում է նշելու Հայոց ցեղասպանության 100-ամյակը, երբ ունենք սրբազան մի վայր, ուր երկյուղածությամբ ծնկի ենք գալիս' հիշատակելու մեր միլիոնավոր անմեղ զոհերին, հարկ է, որ առանձնապես հիշենք նաև նահատակված մեր գրողներին և խոնարհվենք նրանց շիրիմների առաջ:  

Եղեռնի հուշարձանի համալիրը, իր ողջ բովանդակությամբ և նշանակությամբ, ավելի կամբողջանա ու իր լրումին կհասնի, եթե արժանի ու համապատասխան մի կոթողով աշխարհին մատնացույց անի նախադեպը չունեցող այս եղեռնագործությունը:

Նման կոթողի ստեղծման համար, համոզված ենք, իր նպաստը կբերի ամեն հայ' աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինի: Մնում է, որ Ձեր գլխավորած հանձնաժողովը իր վրա վերցնի կազմակերպչական աշխատանքների հոգսը' գործին մասնակից դարձնելով հանրապետության և Սփյուռքի կարող ուժերին' գրողներին, պատմաբաններին, նկարիչներին, քանդակագործներին, ճարտարապետներին:

Թեև քիչ ժամանակ է մնացել մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումը, սակայն, կարծում ենք, դեռ ուշ չէ համազգային ուժերով հավերժացնելու մեր անշիրիմ գրողների հիշատակը:  

Հարգանքներով' Կարո Արմենակյան (ԱՄՆ) Ռուբեն Հովսեփյան (Հայաստան) 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter