HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսում երիտասարդությունը ներգրավված չէ հասարակական գործընթացներին

Քրիստինե Հայրապետյան

Շատ է խոսվում այն մասին, որ երիտասարդների մեծ մասը բուհն ավարտելուց հետո մեծ դժվարությամբ է աշխատանք գտնում, այդ պատճառով էլ մայրաքաղաքում կրթություն ստացած երիտասարդները մնում են մայրաքաղաքում, քանի որ այնտեղ աշխատանք գտնելու հնարավորություններն անհամեմատ մեծ են:

Գորիսի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահ Ալվարդ Բաբախանյանի խոսքով` ուսանողներն ակտիվորեն մասնակցում են համայնքային կյանքին եւ պատրաստ են համախմբվել համայնքային խնդիրների լուծման համար: Նրանց մի մասը պարբերաբար ընդգրկվում է հասարակական կազմակերպությունների իրականացրած աշխատանքներում:

Ալվարդ Բաբախանյանը կարեւորում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի իրականացրած «Քաղաքացիական երկխոսություն եւ գործնական քայլեր հանուն փոփոխությունների» ծրագիրը, որն իրականացվում է ինչպես հանրապետության այլ բուհերում, այնպես էլ Գորիսի պետական համալսարանում: Նա նշում է, որ այն ուսանողներին հնարավորություն է տալիս մասնակցելու տարբեր դասընթացների եւ ստացած գիտելիքների հիման վրա մշակվում են գաղափարներ:

Շատ կարեւոր է այն հանգամանքը, որ համայնքի հիմնախնդիրները համատեղ քննարկումներով վեր հանվեն եւ համապատասխան լուծումներ ստանան, նաեւ այն, որ երիտասարդները հասարակական գործընթացների ակտիվ մասնակիցները դառնան: «Գորիսում քիչ չեն ստեղծագործ, նորարար գաղափար ունեցող երիտասարդները, սակայն նրանց մեջ պակասում է համախմբվածությունը: Իմ կարծիքով` դա նրանից է, որ երիտասարդության շրջանում կամավոր աշխատելու ցանկությունը փոքր է: Երիտասարդության հիմնական մասը բարձրագույն կրթություն են ստանում եւ սահմանափակվում դրանով, մինչդեռ այդ ընթացքում զուգահեռաբար այնքան հետաքրքիր նախաձեռնություններ կարելի է իրականացնել: Դրանք ոչ միայն կնպաստն համայնքի զարգացմանը, այլեւ կարեւոր դեր կունենան փորձի, ինքնազարգացման, այլընտրանքային կրթության համար»,- ասում է «Մենք» երիտասարդական  խմբի անդամ Գեւորգ Հայրապետյանը:

Նույն խմբի մեկ այլ անդամի` Արա Միրզոյանի կարծիքով` Գորիսում ապրող երիտասարդներն անտարբեր են համայնքային նախաձեռնությունների, միջոցառումների նկատմամբ: Նրա դիտարկմամբ` մեր քաղաքում շատ քիչ երիտասարդներ կան, ովքեր կարող են որոշակի հետաքրքրություն եւ աշխուժություն մտցնել քաղաքում, եւ նրանց թիվը չի ավելանում: Ա. Միրզոյանի գնահատմամբ` քաղաքի ակտիվ երիտասարդներն ինչ-որ չափով համախմբված են, սակայն մնացած երիտասարդներին շատ դժվար է համախմբել:

Երիտասարդներին հուզող հիմնախնդիրներից է ժամանցային վայրերի եւ միջոցառումների պակասը: Չնայած Գորիսի պետական համալսարանի ուսանողները կարողանում են իրենց ժամանցը հետաքրքիր կազմակերպել` մշակութային, ինտելեկտուալ, սպորտային, ժամանացային միջոցառումներ կազմակերպել, միեւնույն է, համալսարանը չի կարողանում կրթական կենտրոն լինելուց բացի, քաղաքի ակտիվ երիտասարդների համախմբման կենտրոն դառնալ եւ երիտասարդների մտավոր ներուժն օգտագործելու մեխանիզմներ գտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter