
Վիեննայի Մխիթարյանները և «անձերի պակասը»
Վիեննայի կենտրոնական լայնարձակ փողոցները, հետզհետե նեղանալով, տանում են դեպի Վիեննայի կենտրոնից ոչ հեռու գտնվող Մխիթարյան միաբանության Վիեննայի «նստավայր»: Նեղլիկ ու կարճ փողոցը հենց այդպես էլ կոչվում է՝ Մխիթարյան (Mechitaristen): Այդ շենքում գործում է Վիեննայի Մխիթարյանների թե՛ թանգարանը, թե՛ կաթոլիկ եկեղեցին:
Մխիթարյան միաբանությունից առանձնացված միաբանները՝ Տրիեստ տեղափոխվածների մի մասը, 19-րդ դարի սկզբում փոխադրվել են Վիեննա և այստեղ 1830-ականների վերջերին կառուցել Մխիթարյանների վանքը և թանգարանը, որտեղ պահվում են հայկական մետաղադրամների մեծ հավաքածու, արժեքավոր գրադարան և կտավներ: Շուրջ 10 տարի է՝ Վիեննայի Մխիթարյան միաբանությունը միացել է Վենետիկին, մինչ այդ նրանք առանձին էին գործում:
Եկեղեցու կենտրոնական մուտքը փակ է, սակայն իմացողները կարող են ետնամուտքն օգտագործել եկեղեցի մտնելու համար: Չիմացողները ետ կգնան՝ մտածելով, թե եկեղեցին փակ է: Ետնամուտքի դռան մոտ դիմավորում է պահակը: Ասում է՝ թանգարանը փակ է, բայց եկեղեցի այցելել կարող եք: Բակում շինարարություն է` նորոգվում է մատուռը: Ցանկություն ենք հայտնում խոսել աբբահոր հետ: Ուղեկցում է եկեղեցուն կից սրահներից մեկը: Սենյակը վաղուց չի վերանորոգվել: Սակայն դռան հարակից պատի գունեղ, Վարդանանց պատերազմի դրվագով նկարն անմիջապես ուշադրություն է գրավում և սքողում սենյակի անշուքությունը:
Աբբահայր Պողոսը սպասել չի տալիս, բայց շատ ժամանակ չունի, քիչ հետո ճաշի ժամ է: Զրույցը սկսելուց քիչ անց նա պատմում է փակցված կտավների վերաբերյալ զավեշտալի մի պատմություն. օտարազգի նկարիչը, ով պատկերել է Վարդանանց պատերազմը, աշխարհագրական փաստերից մի փոքր շեղվել է. 451-ի Վարդանանց պատերազմը պատկերող Տղմուտ գետը, որն անձրևից առաջացած գետակ է, խոշոր գետ է պատկերել: Իսկ մյուս կտավում Մովսես Մարգարեի կնունքն է՝ Նեղոս գետում, Նեղոս գետն էլ փոքր գետակ է նկարել:
Պատկառելի տարիքի է աբբահայրը: Եվս վեց միաբան կա վանքում, սակայն գնալով նրանց թիվը նվազում է: Մահացողներին նորերը չեն փոխարինում: Հիմա Վենետիկում ուսանողներ ունեն. 6-ը` Հայաստանից, երկուսը` Լիբանանից, երկուսը՝ Ջավախքից: Մեկ տարի հետո նրանք կօծվեն, եւ հնարավոր է՝ ոմանք գան Վիեննայի Մխիթարյանների եկեղեցի:
Աբբահայր Պողոսը պատմում է, որ Ավստրիայի հայ համայնքը տարբեր տեղերից գաղթած հայերից է կազմվել: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և հետո ավելի շատ Թուրքիայից գաղթած հայեր են ապրել, որոնք արդեն մեծ մասամբ օտարացել են: Նախկինում Սիրիայից, Պարսկաստանից, Լիբանանից ուսանողներ են եկել, մի մասն ավարտելուց հետո հաստատվել է Վիեննայում: Ավելի ուշ փախստականներ են եկել նաև Սիրիայից ու Լիբանանից, իսկ վերջին շրջանում Հայաստանից են գալիս: «Այդպես զանազան շրջաններից հավաքված ժողովուրդ է: Մեծ կազմակերպություն չունենք, բայց փոքր բաներ կան՝ մարզական խմբեր, ուսանողական խմբեր: Աշխատում ենք ազգային տոները միասին անել»,- ասում է աբբահայր Պողոսը: Նախկինում 3 հազար հաշվվող համայնքը հայաստանցիների ժամանումից հետո դարձել է 5 հազար, բայց ոմանք հետո տեղափոխվել են եվրոպական այլ երկրներ:
Ամենօրյա հայկական դպրոց Ավստրիայում չկա, շաբաթօրյա դպրոց է գործում, որտեղ երեխաները հայերեն գրել, կարդալ ու երգել են սովորում, «այնչափ, որ կապը պահպանեն հայրենիքի հետ»: Գործում են նաև երիտասարդական և սպորտային միություններ:
«Գրական աշխատանքներ որչափ առաջ էինք անում, հիմա այդչափ չենք կարող անել, քանի որ մեր թիվը փոքրացել է: Երբ բավական թվով երիտասարդներ ունենանք, կարող ենք առաջվա պես շարունակել ամեն միջոցով: Հարմարություն ունենք, միայն անձի պակասն է խնդիրը»,- ասում է աբբահայրը:
Միաբանության այս ճյուղի հանդեսը շարունակում է լույս տեսնել, սակայն արդեն Երևանում է տպագրվում: Մինչդեռ դեռևս 15 տարի առաջ միաբանությունն իր սեփական տպարանն ուներ Վիեննայում: Այն ստիպված փակել են, քանի որ համակարգչի մուտքից հետո տպարանային աշխատանքի բնույթը փոխվել է, ու տպարանները դժվար կացության մեջ են հայտնվել: Հայկականից առաջ Վիեննայում փակվել են նաև վանական երեք այլ մեծ տպարաններ: Տեղական տպարանները նույնպես դադարել են գործել. «Միայն այն տպարանները, որոնք շատ մեծ աշխատանքներ ունեն, կարող են դիմադրել, իսկ մենք ունեինք բավականին մեծ թվով աշխատողներ, բայց շատ քիչ աշխատանք,- շարունակում է աբբահայրը:- Այսօր տպարանն առևտրական գործ է. եթե մենք համակարգչի վրա պատրաստել ենք մեր գործը, կարող ենք տպել: Հարց չկա, որ հայ տպարան լինի: Առաջ տարբեր էր, առանց հայ գրի մենք չէինք կարող բան տպել: Ժամանակները փոխվում էին, մենք էլ պետք է դրան հարմարվեինք: Իմաստ չուներ մեծ վնասով տպել այստեղ, որպեսզի միայն ասեինք, որ տպարան ունենք: Վերջապես այդ տպարանը, որ մեզ շատ օգնելու համար էր, շատ մեծ վնաս է բերել»:
Վիեննա ժամանած հոգևորականների ստեղծած տպարանը ֆինանսական մեծ օժանդակություն էր: Բացի դրանից, Ավստրիո կայսրը ամեն կերպ օգտակար է եղել Վիեննայում հաստատված Մխիթարյանների ճյուղին: Նույնիսկ լատինական եկեղեցու գրքերը միայն հայկական տպարանում հրատարակելու մենաշնորh են ունեցել:
Տպարանի փակումից հետո Վիեննայի Մխիթարյան միաբանները տարբեր կերպ են հոգացել իրենց ծախսերը: Սակայն մոմավաճառությամբ ծախսերը հոգալու մասին խոսք լինել չի կարող: Այնքան քիչ մոմ է վաճառվում, որ դրա վրա հույս չեն դնում: Միաբանությունը վարձով է տվել ժամանակին գնված կամ նվեր ստացած գույքը, որով հոգում է կեցության ու այլ ծախսեր: Ուզում են մեծ ծրագրեր իրականացնել, բայց դրա համար պետք է օգնության դիմեն: Մի քանի տարի Մխիթարյանների շենքը դրսից ու ներսից նորոգվել է: Աշխատանքների իրականացման համար ծախսված գումարի մեկ երրորդը տվել է Ավստրիայի կառավարությունը: «Եկեղեցու շենքի ներքին հարդարանքներին չէին օժանդակել, բայց մենք ասացինք, որ էս ներքին մասը դրսից երևում է ամեն րոպե, օգնեցին թե՛ ներսի, թե՛ դրսի համար»,- պատմում է աբբահայրը: Սրահը, որտեղ զրուցում էինք, նույնպես ուզում են նորոգել, բակը կարգի բերել, թանգարանի մի մասը նորոգված է, մյուս մասը նորոգման ընթացքում է:
Բացի Մխիթարյանների եկեղեցուց, Վիեննայում գործում է նաև Հայ Առաքելական եկեղեցի: Քանի որ Գրաց քաղաքում հայեր կան, որոշ առիթներով Վիեննայից վարդապետը գնում ու այնտեղ պատարագ է անցկացնում: «Ոմանք եկեղեցուն մոտ են, ոմանք հեռու են: Հայաստանում, գիտեք, որ կոմունիզմը պայքարեց կրոնի դեմ: Իսկ արտասահմանում, երբ որ շարունակ խնդիրներ կան, մի տեղից մյուս տեղն են գաղթում, մի տեղից մյուսը կհեռանան: Հայկական դպրոց չեն հաճախում, եկեղեցին հեռու է, չեն կարող գալ: Այդ բոլոր պատճառներով կրոնական կյանքը կփոխվի»,- ասում է աբբահայր Պողոսը:
Այնուամենայնիվ, կիրակի օրերին թե՛ հայեր, թե՛ օտարազգիներ են այցելում Մխիթարյանների եկեղեցի, բայց նրանց թիվը 30-50-ի միջակայքում է տատանվում: Աբբահայրն ասում է՝ օտարազգիները սիրում են մեր արարողությունը, դրա համար են գալիս: Հայերը՝ ոմանք ավելի կրոնասեր, ոմանք՝ պակաս, բայց հաճախում են եկեղեցի, հանդիպում են իրար Մխիթարյանների պատերի ներքո, սուրճ են խմում: Տոնական օրերին ավելի շատ են այցելում: «Մեզ մոտ կնունք շատ չի լինում, և մենք չենք էլ ուզում, որ Առաքելական եկեղեցու զավակները մեզ մոտ գան»,- ասում է աբբահայրը: Եկողներին փորձում են ուղղորդել իրենց երեխաներին կնքել Հայ Առաքելական եկեղեցում:
Աբբահորը հրաժեշտ տալուց հետո այցելում ենք եկեղեցի. վիճակը բարվոք է, եկեղեցում վառվող մոմ չկա, իսկ գլխավոր մուտքի դռան բռնակը երկար քաշքշելուց հետո երկու այցելու հեռանում է: Մեր դուրս գալուց հետո պահակը անջատում է լույսը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել