HY RU EN

Փորձագետ. բնապահպանական վճարները նվազեցվել են խարդախության եւ մանիպուլյացիայի արդյունքում

Բնապահպանական սուբվենցիա ստացող Լոռու մարզի Ալավերդի, Օձուն, Հաղպատ, Աքորի եւ Հագվի համայնքներում շարունակվում են քննարկումները «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կողմից պետբյուջե փոխանցվող բնապահպանական վճարի նվազեցման հարցի շուրջ: Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխնելույզը Կոշաբերդ սարի գագաթ բարձրացնելուց հետո «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը Ալավերդու շրջակա միջավայրը աղտոտելու համար պետբյուջե է վճարել 444 մլն դրամ բնապահպանական վճար: Ընկերությունը 2014թ.-ից Հայաստանի պետական բյուջե կվճարի 100 մլն դրամ, իսկ  2015թ.-ին` 85,1 մլն դրամ վճար:  

Ալավերդու Օրհուս կենտրոնի` տարածաշրջանի բնապահպանական խնդիրների եւ համայնքներին հատկացվող բնապահպանական սուբվենցիաների մասին մայիսի 21-ին կազմակերպած քննարկման ժամանակ կլիմայի փոփոխության ազգային համակարգող, փորձագետ Արամ Գաբրիելյանը բնապահպանական վճարի նվազեցումը որակեց խարդախության եւ մանիպուլյացիայի արդյունք: «Այսօրվա իրավական ակտից բխող արտանետումների հաշվարկով պղնձաձուլական գործարանի խողովակը 20 մետր է, ռելիեֆի գործակիցը` 3 մ: Դա նշանակում է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը պետբյուջե պետք է վճարի մոտ 2 մլրդ  դրամ բնապահպանական վճար»,- ասաց Արամ Գաբրիելյանը:  

Հիշեցնենք, որ Օձուն, Հագվի, Աքորի, Հաղպատ համայնքները բնապահպանական վտանգավոր գոտում հայտնվել են գործարանի  խողովակը Կոշաբերդ  սարի գագաթ բարձրացնելու արդյունքում: Քննարկումը ղեկավարող Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը եւ Ալավերդու ավագանին չկարողացան ներկայացնել քաղաքի շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության վրա պղնձաձուլական գործարանի արտանետումների իրական  ազդեցությունը: Նրանք հանդես էին գալիս հայցողի դերում: «Մենք երբեւէ չենք նշել, որ դուք սահմանված նորմաներից վճարում քիչ եք արել, ընդհակառակը, ես շեշտեցի, որ վճարվել է, գործող ինչ-որ մեթոդաբանությամբ հաշվարկվել է եւ տրվել է»,- ասաց Ա. Վարոսյանը:

«Վալլեքս» խմբի ընկերությունների գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը հայտնեց, որ բնապահպանական վճարի նվազեցման հարցով ընկերությունը բնապահպանության նախարարությանը դիմել է 2012թ. դեկտեմբերին, երբ անցել է Կոշաբերդի ծխատարի մեկ տարվա փորձաշրջանը, եւ այն արդարացրել է ակնկալիքները: Գործադիր տնօրենն այնուհետեւ տեղեկացրեց, որ ընկերության բնապահպանական վճարի նվազեցման համար հիմք են հանդիսացել 2012թ. վերջին բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի` Ալավերդու 30 դիտակետերում իրականացրած  մոնիտորինգի ցուցանիշները, ըստ որի` արձանագրվել է գործարանի  արտանետումների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում 1,5-2 անգամ` նախկին 10-12 անգամի փոխարեն: Դեռեւս ճշտված չէ ընկերության  բնապահպանական վճարի երկարաժամկետ պարտավորությունը: Դա կպարզվի ընկերության եւ բնապահպանության նախարարության մասնագետների քննարկումից հետո: «Ո՞րը կլինի երկարաժամկետ լուծումը, այս պահին որեւէ դեղատոմս չունենք»,- հայտնեց Գ. Արզումանյանը  եւ հավելեց, որ  մի  լուծում պարզ է` գործարանի աշխատանքի դադարեցումը: Վերջին միտքը հավաքվածները համարեցին շանտաժ:

«Խոսքն այն մասին է, որ չնայած պղնձաձուլական գործարանի արտանետումները չեն պակասել, բայց մոնիտորինգի տվյալները ցույց են տալիս, որ գործարանի արտանետումները 10 անգամ նվազել են»,- ասաց փորձագետ Արամ Գաբրիելյանը:  Նա անթույլատրելի համարեց խողովակի 20 մետր բարձրությունը Կոշաբերդ սարի բարձրությանը գումարելը: «Բայց ինչո՞ւ ծովի մակարդակից չեք հաշվում, էնա ծովի մակարդակից հաշվեք, ընդհանրապես կլինի, որ Ձեր  արտանետման խողովակը 1000 մետրանոց է: Աշխարհում չկա 300 մետրանոց խողովակ: Էդ Էյֆելյան աշտարակի բարձրությունն է: Զուտ մանիպուլյացիայի արդյունք է, որի շնորհիվ ստացվել է, որ մուծումներն էդ բատիկները չեն հասնում, եւ նրանք քիչ են մուծում»,- բացատրեց փորձագետը: Վերջինս նաեւ կարծում է, որ  մոնիտորինգը հիմք չի կարող լինել բնապահպանական վճարի չափաքանակի համար: 

Փորձագետի բացատրությունները սվիններով ընդունեցին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության ղեկավարները: «Մուտիլովկի վրա ռաշչոտները վերացրեք»,- փորձագետին  հակադարձեց Ալավերդու պղնձաձուլական գործարանի  արտադրության գծով տնօրեն Նիկոլայ Ֆեոֆանովը:

Ա. Գաբրիելյանի   հիմնավորումները չհետաքրքրեցին Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանին եւ քաղաքապետ Արտավազդ Վարոսյանին: Ա. Գաբրիելյանը քննարկման վերջում մեզ հայտնեց. «Շատ կարեւոր է, որ բնակիչը` ներգործության կրողը, դառնա բնապահպանական վճարների տնօրինողը»: Փորձագետը նաեւ պնդեց իր այն կարծիքը, որ խողովակը սարի գագաթ բարձրացնելը չի նշանակում, թե արտանետումները նվազել են:

Ալավերդու «Օրհուս» կենտրոնի համակարգող  Անուշ Էվոյանը «Հետքին» հայտնեց, որ 5 համայնքների սուբվենցիաները լրացուցիչ քննարկելու կարիք կա: Ըստ «Օրհուս» կենտրոնի համակարգողի` առաջիկայում բնապահպանական սուբսիդիա ստացող համայնքների ղեկավարների ստորագրությամբ առաջարկություն կուղարկվի Կառավարություն` սուբսիդավորման հաշվարկներում փոփոխություններ կատարելու եւ բնապահպանական քաղաքացիական հանրության շրջանառու ֆոնդեր ստեղծելու համար: