HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքային եկամուտներ. որտեղ փնտրել դրանք

Արմինե Ղուկասյան

Դեռեւս անցյալ տարեվերջին, երբ  Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում, այդ թվում` Սեւանում, «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն անցկացրեց «Համայնքի ունեցվածքը` համայնքի բնակիչներին» հետազոտությունը, որպես եզրակացություն նշել էր նաեւ այն փաստը, որ «վերջին մեկ տարում Սեւանի քաղաքապետարանը հետեւողական աշխատանք է իրականացրել համայնքային բյուջեն կատարելու եւ բյուջեի մուտքերը սեփական եկամուտների հաշվին մեծացնելու ուղղությամբ: Սակայն այն դեռեւս լիարժեք չէ, քանի որ հարկերի հավաքագրման, ինչպես նաեւ հարկային արտոնությունների տրամադրելու համար հստակ մեխանիզմներ եւ չափորոշիչներ չեն մշակվել»:

Դիտարկումից մեկ ամիս անց` 2014թ. սկզբին, Սեւանի քաղաքապետարանում տեղի ունեցան կառուցվածքային փոփոխություններ` ֆինանսատնտեսագիտական ու առեւտրի, սպասարկումների եւ բյուջեի եկամուտների գանձումների բաժինները միավորվեցին: Բաժնի գործունեության առաջնահերթությունը դարձավ հավաքագրումների մեխանիզմների մշակումը, որի արդյունքում հստակեցվեցին բաժնի յուրաքանչյուր աշխատակցի գործառույթները հավաքագրումների տեսակների եւ գումարների գանձման մասով, ինչպես նաեւ սահմանվեցին խրախուսման մեխանիզմները:

Սա թույլ է տալիս աշխատանքները կառուցել նոր հարթության վրա նոր մոտեցումներով:

Առաջին հայացքից կարծես թե որեւէ խոչընդոտ չկա հավաքագրումների բարձր ցուցանիշ ապահովելու համար, որի մասին փաստում է նաեւ քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետը: «Համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումն ապահովելու համար կան բոլոր լծակները` սկսած գործող օրենսդրությունից մինչեւ անձնական մոտեցումները: Պետությունը գործող օրենսդրությամբ ու բարեփոխումներով նպաստել է, որպեսզի կազմակերպվի հավաքագրման գործընթացը: 2014թ.-ից գործողության մեջ է դրվել գանձման ավելի քաղաքակիրթ եղանակ` համայնքի ղեկավարին հնարավորություն է տրվել օրենքով պարտքի բռնագանձման որոշում կայացնել, վեց ամիս հետեւել կայացրած որոշմանը եւ ապահովել պարտքի գանձումը, ծայրահեղ դեպքերում` բռնագանձման որոշումը ներկայացնել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն: Անշուշտ, վաղ է խոսել դրա կիրառման արդյունավետության մասին, քանի որ բռնագանձման որոշում կատարելը երկարատեւ գործընթաց է, եւ որոշումն ուժի մեջ մտնում միայն 6 ամիս հետո, ըստ իս այս ժամանակահատվածը պետք է սահմանել 2 ամիս»,- ասում է քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Էդիկ Ղազարյանը:

Անցյալ տարվանից, հաշվի առնելով անպարտաճանաչ հարկատուների գործոնը եւ հարկահավաքման ուղղությամբ իրականացված աշխատանքներում առկա բացթողումները, քաղաքապետարանում առաջին անգամ սկսեցին կիրառել հարկերը դատական կարգով բռնագանձելու մեթոդը: Բռնագանձումը տարածվում էր մեծ գումարների վրա, որոնք կուտակվել էին տարիների ընթացքում: «2013թ.-ին կազմվել է 112 գործ, դատարան է ներկայացվել 103-ը` 46,1 մլն դրամի չափով: Գործերից 98-ով կայացվել է վճիռ, որով հօգուտ համայնքային բյուջեի բռնագանձվել է 39,1 մլն դրամ: Արդեն գանձվել է 10 մլն դրամ, մնացածը գումարը գտնվում է գանձման փուլում: 30 կատարողական թերթ էլ ուղարկվել է ԴԱՀԿ»,- պարզաբանում է Էդիկ Ղազարյանը:

Իհարկե, մինչեւ դատարանների դռներ թակելը քաղաքապետարանում կիրառում են արդեն փորձված մեթոդներ` անհատական ծանուցումների առաքում, հայտարարություններ, օգտագործում են նաեւ «դեմ առ դեմ» մեթոդը, որոնք ուղեկցվում են հիշեցում-թերթիկներ բաժանելով: Շատ դեպքերում սրանք ունենում են դրական ազդեցություն: Դատական ճանապարհով գումարների գանձումը ծայրահեղ քայլ է, սակայն հաճախ այն դառնում է միակ ելքը: «Հարկեր չվճարելը մեր բնակչության համար դարձել է հոգեբանություն. չեն վճարում, եւ վերջ. ինչ ուզում ես, արա, իսկ երբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, բողոքում են, թե` դատին են տվել»,- ստեղծված իրավիճակն այսպես է ներկայացնում Ղազարյանը:

Համայնքներում հավաքագրումների գործընթացն ամենաաշխատատարն է, միեւնույն ժամանակ` ամենախոցելին, որին ժամանակ առ ժամանակ անդրադառնում է նաեւ կառավարությունը: «Վերջին տարիներին պետությունը եկել է այն համոզման, որ վաղեմություն ասվածը չի կարելի տարածել գույքահարկի եւ հողի հարկի վրա, որի արդյունքում այդ հարկատեսակների համար օրենքով սահմանվել է վաղեմության ժամկետ 10 տարի, այսինքն` այդ հարկատեսակների պարտքերը զիջվում են միայն 10 տարուց ավելիի դեպքում: «Բոլոր դեպքերում, դատական ճանապարհով գումարների գանձումը պարտատիրոջը սովորեցրեց, որ քաղաքապետարանի հորդորը` պարտքը մարելու վերաբերյալ, օրենքի պահանջ է»,- նշում է քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստը:

Համայնքային եկամուտների հավաքագրման ճանապարհին փոխադրամիջոցների գույքահարկի գծով տարվող աշխատանքային պրակտիկան ցույց է տալիս, որ արդյունավետությունը պայմանավորված է բազայի անընդհատ թարմացմամբ: Մայիսի 20-ի դրությամբ Սեւան համայնքի բազայում գրանցված է 6791 փոխադրամիջոց: Ֆինանսատնտեսագիտական բաժնում փոխադրամիջոցների գծով հավաքագրման աշխատանքներ իրականացնող գլխավոր մասնագետ Սամվել Դավթյանի հավաստմամբ` փոխադրամիջոցների 20-25%-ը բազայից պետք է «մաքրել», որովհետեւ որոշ մեքենաներ գոյություն ունեն միայն թղթի վրա, իսկ իրականում դրանք կամ արեւի տակ իրենց վերջին օրերն են ապրում կամ առարկայորեն գոյություն չունեն:

Ավտոմեքենաների սեփականատերերը դրանք խոտանելու համար նախ` պետք է դիմեն քաղաքապետարան, մարեն տարիներով կուտակված տույժ-տուգանքները, ապա տեղեկանքով ներկայանան հաշվառման-քննական տարածքային բաժին (ՀՔԲ): Պարզ է, որ այս ճանապարհն անցնելու համար ոչ բոլորն են ֆինանսապես պատրաստ, ու համայնքային բյուջեն էլ ուռճանում է տույժ-տուգանքների հաշվին, որոնք տարիներով փոխանցվում են` դառնալով անհույս պարտքեր:

Փոխադրամիջոցների գծով բազան մաքրելու գործընթացն ապահովվում է ՀՔԲ-ի միջոցով, որը յուրաքանչյուր ամիս քաղաքապետարան պետք է ներկայացնի փոխադրամիջոցների մասով առկա տեղեկատվությունը: Սակայն այստեղ համագործակցությունը «կաղում է». մինչեւ քաղաքապետարանի կողմից համապատասխան գրություն չի ուղարկվում, գործընթացը տեղից չի  շարժվում: Բազայում վերջին թարմացումները կատարվել են մարտ ամսին:

Իհարկե, սրանով չեն ավարտվում փոխադրամիջոցների գծով առկա խնդիրները: Հաճախ պարզ չէ, թե ով է այս կամ այն մեքենայի տերը: Ստեղծված հակասությունները լուծելու համար 2013թ. նոյեմբերին «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում կատարվեցին փոփոխություններ, համաձայն որի` «փոխադրամիջոցի օտարման դեպքում գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարվում են մինչեւ փոխադրամիջոցի օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքը գրանցելը»: Սա եւս մեկ քայլ է, որպեսզի մեկ փոխադրամիջոցի համար չլինի տերերի բանակ` ստեղծելով խառնաշփոթ իրավիճակ:

Քաղաքապետարանում փաստում են, որ օրենքում այս եւ մյուս փոփոխությունները նպաստելու են աշխատանքների որակի բարելավմանը, հասցեական գործելաոճին եւ հավաքագրումների ավելացմանը: Ավոտմեքենաների գույքահարկի գծով, եթե կան եւ ստեղծվում են համապատասխան օրենսդրական դրույթներ, ապա նույնը չես ասի ջրային փոխադրամիջոցների մասով:

Սեւանի քաղաքապետարանը տրանսպորտի եւ կապի նախարարություն պարբերաբար գրություններ է ուղարկել հետեւյալ բովանդակությամբ. «ՀՀ կառավարության` 2003թ.-ի մայիսի 22-ի N 641-Ն որոշման համաձայն` կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող ջրային փոխադրամիջոցների հաշվառման վերաբերյալ տվյալները ներկայացնում է նախարարության տրանսպորտային տեսչության համապատասխան ստորաբաժանումը: Հիմք ընդունելով սա` խնդրում ենք Սեւան համայնքում հաշվառված ջրային փոխադրամիջոցների վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն»:

Տեղեկատվություն Սեւանի քաղաքապետարան ներկայացվել է 2012թ. եւ 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ: Սակայն այստեղ կա լուրջ բաց, որն էլ կազմալուծում է այս ուղղությամբ իրականացվող աշխատանքը: Ջրային փոխադրամիջոցների քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ) բացակայում է, այնինչ տեղեկատվական հավելվածում դրա համար առանձնացված է առանձին սյունակ, ավելին` հենց ձիաուժն է դառնում հիմք հարկման համար:

Անգամ այս դեպքում քաղաքապետարանը կատարել է հաջորդ քայլը. համապատասխան ծանուցագրեր են ուղարկվել սեփականատերերին, կարողացել են մեկ-երկու փոխադրամիջոցի հետ կապված ձիաուժ ճշտել եւ գանձել համապատասխան գումարներ: Սակայն սա հարցի լուծում չէ, եւ այն կրկին դառնում է օրակարգային, քանի որ սկսվում է ամառային շրջանը, ջրային փոխադրամիջոցներն էլ տարեցտարի ավելանում են: Առկախ մնացած այս հարցն անորոշ ժամանակով փակում է համայնքային եկամուտների եւս մեկ դուռ:

Համայնքի տարածքում գտնվող շենք-շինությունների գույքահարկի գծով հավաքագրումների մասին խոսելիս քաղաքապետարանի աշխատակիցները նշում են, որ հասարակական նշանակության շինությունների դեպքում խնդիրը կարծես թե կարգավորված է. կան լծակներ, տնտեսվարող սուբյեկտները վճարում են տեղական տուրք, գործ ունեն հարկային մարմինների հետ եւ փորձում են լինել պարտաճանաչ հարկատու: Մասնավոր սեկտորում պատկերը լրիվ այլ է:

«Համայնքում գրանցված է 1992 առանձնատուն, դրանց սեփականատերերի 10-15%-ը մահացած է, եւ առաջ են գալիս անվանափոխության, ժառանգություն ճանաչելու խնդիրներ: Անվճարունակության պատճառով տարիներ շարունակ հարցը լուծում չի ստացել, իսկ այդ ընթացքում կուտակվել են տույժերը,- ասում է գլխավոր մասնագետ Ս. Դավթյանը:- Մյուս հարցը վերաբերում է տների առուծախին. իրականացվել է գործարքը, սակայն բազայում համապատասխան փոփոխություններ չկան: Ավելին, ե’ւ վաճառողը, ե’ւ գնորդը ներկայումս բացակայում են համայնքից: Ուղարկում ենք ծանուցագրեր, որոնք հետ են վերադարձվում` «տեղափոխված է», «համայնքում չէ» նշումներով»:

Ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջին կարգի մասնագետ Գեղեցիկ Մնացականյանն էլ հավելում է. «Անցած տարի շինությունների վերագնահատման տարի էր, որը անշարժ գույքի կադաստրը կատարում է 3 տարին մեկ անգամ: Գնահատման արժեքն էլ հիմք է 2013թ.-ին հաջորդող 3 տարիներին հարկման բազան որոշելու համար: Միայն վերագնահատմամբ խնդիրը չի կարգավորվում. կան հասցեների անճշտություններ, առքուվաճառք իրականացնող կողմերի կապը չկա, անգամ հայրանուններն են բացակայում: Վերագնահատումից հետո 10 մլն գնահատվածը դարձել է 2 մլն եւ հակառակը, պարզ չէ` գույքը նո՞ւյն է, թե՞ նոր կամ ավելացրած շինության մասին է խոսքը»:

Կան շինություններ էլ, որոնք փաստաթղթային ձեւակերպմամբ բնակելի գործառնական նշանակություն ունեն, սակայն իրականացնում են հասարակական գործունեություն, որի պատճառով էլ փակվում է եկամտի եւս մեկ աղբյուր: Ակնկալել, որ սեփականատերերը կդիմեն քաղաքապետարան իրենց շինությունների գործառնական նշանակությունը հասարակականի փոխելու համար, այնքան էլ իրատեսական չէ: Այսպես` 2012-2014թթ.-ի մայիսի 1-ի դրությամբ այդպիսի հայտարարությամբ քաղաքապետարան է դիմել 21 անձ: Խնդրին ամբողջական լուծում տալու համար այն պետք է սկսել ներսից, այսինքն` քաղաքապետարանում ստեղծել համապատասխան հանձնաժողով, որը կիրականացնի շինությունների գույքագրում եւ կներկայացնի իրական պատկերը:

Քաղաքապետարանում չեն մոռանում նաեւ, որ հարկերի չվճարման հիմնական պատճառը բնակչության եւ տնտեսվարողների անվճարունակություն է, երկրի իրական տնտեսական վիճակը: «Ցավալին միայն այն դեպքերն են, երբ խոշոր պարտքերը կուտակվում են այն մարդկանց ու կազմակերպությունների մոտ, ովքեր ունեն ամենօրյա եկամուտ եւ նմանները չեն էլ հասկանում, թե ինչ է նշանակում հարկային պարտավորություն»,- փաստում է Է. Ղազարյանը:

Մինչ հարկատուները, մեղմ ասած, թերանում են իրենց հարկային պարտավորությունների հարցում, համայնքային բյուջեի պարտքերն սկսում են աճել: Ինչպես նշում է ֆինանսատնտեսագիտական բաժնի պետը, առանձին դեպքերում օրենքով սահմանված կարգերում հաշվարկված տույժերը տասնյակ անգամ գերազանցում են մայր գումարը: Այս դեպքում էլ գույքահարկի գծով արտոնություններ են սահմանվում` համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի: Սակայն այստեղ էլ կա վերապահում` «համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար գույքահարկի գծով համայնքի բյուջում հաստատված եկամուտների 10%-ը»:

Համայնքի ավագանին փորձում է ընդառաջել, որը միաժամանակ լուծում է երկու խնդիր. նախ` վճարվում է մայր գումարը, ապա` հարկման բազան ազատվում է անհույս պարտքերից: Սակայն այս դեպքում էլ առկա է թացը չորի հետ խառնելու վտանգը: Սեւան համայնքի ավագանու վերջին նիստում հարկային արտոնություններ է սահմանվել 47 քաղաքացու նկատմամբ:

Սեփական եկամուտները ձեւավորելու եւ համայնքային բյուջե մուտքերն ապահովելու մյուս ճանապարհն էլ ազատ հողերի օտարումն է: Ըստ քաղաքապետարանի ճարտարապետա-շինարարական բաժնի տրամադրած տեղեկանքի` 2013թ.-ին աճուրդով օտարվել է 4319.66 քմ հասարակական եւ բնակելի նշանակության հող: Աճուրդի մեկնարկային արժեքը եղել է 621 դրամ, բացառությամբ մեկ դեպքի (372 դրամ): Վաճառքի առավելագույն արժեքը կազմել է 1982 դրամ: Աճուրդային գործարքներից համայնքային  բյուջե է մուտքագրվել 3 մլն 500 հազ. դրամ:

Այս տարվա անցած 5 ամիսների ընթացքում կազմակերպվել է ընդամենը 1 աճուրդ` 2 հայտով: Վաճառքի առավելագույն արժեքը 1 քմ-ի համար կազմել է 776,260 դրամ, համայնքային բյուջե է մուտքագրվել 461,875 դրամ: Ճարտարապետա-շինարարական բաժնի աշխատակիցները 5 ամիսների ընթացքում միայն մեկ աճուրդ անցկացնելը բացատրում են գնորդ չլինելու հանգամանքով. հողեր կան, սակայն ցանկացողներ չկան: «Գնորդ չլինելու պատճառն էլ ոչ թե անիրազեկվածությունն է, այլ գումար չունենալը: Եթե որեւէ մեկը ցանկանում է հող գնել, ապա առանց հայտարարության էլ դիմում են մեզ»,- բաժնում այսպես են բացատրում իրավիճակը:

Քաղաքապետարանում համոզված են, որ համայնքային զարգացման լուրջ ծրագրեր իրականացնելու համար պետք է ֆինանսապես ուժեղ լինել, որի համար լուրջ նախադրյալ է սեփական եկամուտների ամբողջական հավաքագրումը, որը, նախեւառաջ, պարտքեր չկուտակելու երաշխիք է:

Քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի համոզմամբ էլ` համայնքին լիարժեք շնչառությունն ապահովելու համար համայնքը պետք է պարտքեր չունենա: Իհարկե, սա Սեւան համայնքի համար դեռեւս ցանկություն է, սակայն ցանկությանը հասնելու համար փորձում են առանց պարտքերի ապրելու ճանապարհը քայլ առ քայլ հաղթահարել` փնտրելով եւ բացելով եկամուտների կենարար երակները:  

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter