Գ. Սահակյան. «Հասարակությունը ո՛չ մեզ է հավատում, ո՛չ ընդդիմությանը, ո՛չ իր բարեկամին, հարազատին»
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն բոյկոտեցին կառավարության ծրագրի քվեարկությունը խորհրդարանում: «Հետք»-ը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ խորհրդարանական քառյակը չմասնակցեց երկրի կարևորագույն փաստաթղթի քվեարկությանը: Ի պատասխան` Գալուստ Սահակյանն ասաց, թե քառյակը «չէ» ասելու խնդիր ունի: «Նրանք չէ ասելու մոտեցումներ են ձևավորվել, փորձում են հաղթահարել այն, ինչ կարելի է ավելի լավ օգտագործել՝ համագործակցությունը, որը կավելացնի կշիռները: Նրանց բոյկոտել-չբոյկոտելը կախված է հենց իրենց հեղինակությունից, որովհետև քաջ գիտակցում են, որ կարելի է ավելի հզոր ճանապարհ անցնել: Կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ շահելու խնդիր ունեն՝ առաջիկայում համալրելու իրենց շարքերը, և սա է պատճառը, որ փորձում են իրենց «դեմ»-ն արտահայտել ընդհանրապես իշխանությանը»,- նշեց ԱԺ նախագահը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի խնդիրներին, ապա Սահակյանն ասաց, թե ՀՀԿ-ականները շատ ու շատ խնդիր ունեն, որոնք կապված են ժողովրդի ցանկություններն ու մոտեցումներն իրագործելու հետ: «Այս է միայն ՀՀԿ-ի խնդիրը»,- հավելեց նա:
Մեր հարցին, թե արդյոք ՀՀԿ-ի խնդիրը չէ, որ կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ իշխող մեծամասնությունը չէր կարողանում քվորում ապահովել, ուստի խորհրդարան էր բերել նաև խմած պատգամավորներին, Գ. Սահակյանն այսպես արձագանքեց. «Ես կարծում եմ՝ ոչինչ էլ որ չլինի, մի բան պետք է գտնել, ասել: Դրան էլ ենք պատրաստ: Մենք շատ հաստատակամ ենք գնում, գիտակցում ենք, որ եթե մեծ բեռ ես ստանում, մեծ հարվածներ ես ստանում, բայց մենք իրավունք չունենք հակադարձելու, միշտ պետք է առաջ գնանք»:
Հարցին, որ եթե նոր կառավարությունը խոստացված հինգ տոկոսանոց տնտեսական աճը չապահովի, ի՞նչ է սպասվելու գործադիր մարմին, ԱԺ նախագահը պատասխանեց. «Մեր նշաձողը սա է, ու պետք է փորձենք իրագործել: Նայած, թե ինչպիսի պայմաններում չի իրագործվի, բայց բնական է, որ եթե չիրագործվի, դա թերություն է: Բայց ես կարծում եմ, որ հնարավորություններ կան, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ոչ միայն հինգ տոկոս ապահովել: Այսօր հասարակությունը ոչ հինգ տոկոսին է հավատում, ոչ մեզ է հավատում, ոչ ընդդիմությանը, ոչ իր բարեկամին, հարազատին, սա է ամենամեծ ցավը, ու ես կարծում եմ, որ պետք է ոչ թե անընդհատ շեշտել հինգ տոկոսը, այլ միջավայր ստեղծել, որ մարդիկ ավելի հաճելի, ավելի բարեհաճ կերպով ապրեն»:
«Հետք»-ի հարցին, թե արդյոք ՕԵԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանի նկատմամբ ճնշում է գործադրվել, որ նա կողմ քվեարկի կառավարության ծրագրին, Գալուստ Սահակյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ոչ... Դուք պիտի մտածեք, որ մեկ պատգամավորը, չեմ կարծում, որ խնդիր է լուծում: Առավել ևս մենք թիմային համագործակցություն ենք ունեցել, ու դա արել ենք շատ վստահ: Անկախ նրանից՝ կոալիցիա ստեղծվե՞ց, թե՞ չստեղծվեց, մենք այն կարծիքին ենք, որ հնարավորություններ պետք է տանք, որ մյուս կուսակցությունները ևս կարողանան իրենց արարման ճանապարհն անցնել»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել