Ս. Սարգսյան. «Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն»
ՀՀԿ 15-րդ համագումարում ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ նախորդ համագումարից անցել է շուրջ երկու տարի, և այս ընթացքում կուսակցությունը շարունակել է ամրանալ, բյուրեղանալ ու ծավալվել` Մելիք-Ադամյան փողոցից մինչև Մեղրի ու Տաշիր՝ տանելով նույն հետևողական ու ամենօրյա աշխատանքը:Սերժ Սարգսյանն ասաց, որ ձևավորվել է քաղաքական ուժերի հետաքրքիր և հարուստ խճանկար, որտեղ դատարկ տարածություններ գրեթե չկան:
Նրա խոսքով՝ այդ իրավիճակը լավագույնս ներկայացված է ՀՀ խորհրդարանում, որը, նրա գնահատմամբ, հադնդես է գալիս որպես համապարփակ քաղաքական համակարգ: «Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ քննադատեն իրար, իմ համոզմամբ, թշնամիներ չեն, նույնիսկ եթե մեր որոշ քաղաքացիների մոտ բուռն քաղաքական բանավեճերը նման տպավորություն ձևավորեն: Մենք կիսելու հայրենիք չունենք, մենք պետք է իրար փոխլրացնենք, որպեսզի պաշտպանենք ու ծաղկեցնենք մեր հայրենիքը: Իշխող քաղաքական ուժն ու ընդդիմությունը պետության համար նույնն են, ինչ մարդու երկու ձեռքերը, ում անհրաժեշտ է և՛ աջ, և՛ ձախ ձեռքը, որովհետև երկուսն էլ ունեն իրենց հստակ գործառույթները. դրանցից մեկի խեղումից մյուսն ավելի ուժեղ չի դառնում, պարզապես մարդը դառնում է անդամալույծ»,- նշեց ՀՀԿ ղեկավարը:
Սերժ Սարգսյանը ասաց, որ ՀՀԿ-ն շարունակում է ամրապնդել իր տեղն ու դերը երկրում, բայց դա չի անելու այլ քաղաքական ուժերի հաշվին: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն շարունակելու է առողջացնել քաղաքական դաշտը` ձերբազատելով այն մաղձից, ատելությունից ու կասկածամտությունից: «Այսօրվա իշխող քաղաքական ուժն ու մյուս կուսակցությունները դեռ այն բարձունքի վրա չեն, որ բավարարեն քաղաքական համակարգի հանդեպ մեր քաղաքացիների բոլոր պահանջները»,- ասաց Ս. Սարգսյանը՝ նշելով, որ ինքը հասկանում է, որ երբեմն չեն արդարացել քաղաքացիների հույսերը, քաղաքական դեբատներն ընկալվել են որպես դատարկ լեզվակռիվ:
Երկրի ղեկավարը շեշտեց, որ որոշ քաղաքական ուժեր արդեն սկսել են պատրաստվել 2017-18 թվականների խորհրդարանական ու նախագահական ընտրություններին՝ հավաստիացնելով, թե ՀՀԿ-ի խնդիրներն այլ են: «Այն, որ ընդդիմադիր կուսակցություններն այսօրվանից զբաղված են ապագա խորհրդարանական և նախագահական ընտրություններին պատրաստվելով, ես բնական եմ համարում: Մեր դիրքերը, կառավարող կուսակցության պատասխանատվությունն ու խնդիրները բոլորովին այլ են: Առաջիկա երեք-չորս տարիները հսկայական ժամանակ են գործ անելու և երկիրը առաջ մղելու համար: Մենք հենց դա ենք անելու: Մինչև հաջորդ համապետական ընտրություններ դեռ պետք է ապրել...»,- դիմելով մյուս ուժերին` նշեց նա:
Սերժ Սարգսյանը նշեց, որ եթե ընդդիմությունը կարող է ընտրությունների գնալ` միայն իշխանությանը քննադատելով, ապա իշխող կուսակցությունը չի կարող իրեն նման «ճոխություն» թույլ տալ: «Չկա մի ուժ, որ Հայաստանում կարող է անել ավելին, քան մենք` հանրապետականներս: Առնվազն այսօր այդպես է, ուրեմն չպետք է շեղվել գործից, տարվել միջկուսակցական բանավեճերով: Իմ հորդորն է` քիչ պայքար, շատ գործ»,- հավելեց երկրի ղեկավարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել