Ալավերդիում զբոսաշրջային գրասենյակ է հիմնվել
Լուսինե Փարսադանյան
Ալավերդի քաղաքում շուտով կգործի զբոսաշրջային գրասենյակ: Գրասենյակի ղեկավար Քրիստինե Երիցյանը նշում է, որ գրասենյակի հիմնումը Ալավերդու եւ ընդհանրապես Թումանյանի տարածաշրջանի համար զբոսաշրջության զարգացմանն ուղղված կարեւոր քայլ է: Նա ընդգծում է, որ գրասենյակը պետք է լինի ոչ միայն տեղեկատվական կենտրոն, այլեւ պատրաստվում են առաջարկել տուրարտադրանք: «Այս պահին քաղաքում հյուրատների ու հյուրանոցների պակաս չկա, այսինքն` զբոսաշրջիկը գիշերելու տեղ ունի: Մնում է միայն նրանց համար ժամանցային ծրագրեր մտածել: Օրինակ` հանդիպումներ գյուղացիների հետ, զբոսանք բնության գրկում, ձկնորսություն, զրույց տարեց մարդկանց հետ ու շատ այլ ժամանցային ծրագրեր ենք մտածել»,- ասում է գրասենյակի ղեկավարը:
Քրիստինեն արդեն համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել Երեւանի տուրիստական գրասենյակների ղեկավարների հետ, ովքեր յուրահատուկ զբոսաշրջային փաթեթներ գնելու մեծ ցանկություն ունեն: Նա նշում է, որ առնվազն շռայլություն է հարուստ զբոսաշրջային ռեսուրսը չօգտագործելը: «Այսօր մեր ունեցած հնարավորությունների ամենափոքր մասն ենք օգտագործում, զբոսաշրջիկը գալիս է Թումանյանի տարածշրջան, հիանում միջնադարյան ճարտարապետության արժեքներով ու հեռանում` առանց գումար ծախսելու: Նույնիսկ հուշանվերների պատշաճ վաճառք չի կազմակերպվում, չհաշված` ենթակառուցվածքների սակավությունն ու եղածների մատուցման ցածր կուլտուրան»:

Զբոսաշրջիկները դժոգում են, որ Լոռիում հուշանվեր չեն գտել իրենց հետ տանելու համար: «Դա, իհարկե, չի նշանակում, որ մենք չունենք արհեստավորներ: Մենք ունենք փայտամշակման փոքրիկ արհեստանոցներ, ունենք մարդիկ, ովքեր կարողանում են հայկական տարազներով տիկնիկներ պատրաստել: Մնում է նրանց բոլորին հավաքել ու իրենց արտադրանքն այնպես մատուցել զբոսաշրջիկներին, որ դա վերջիններիս հետաքրքրի ու ի վերջո կարողանան գումար ծախսել մեր երկրում»,- նշում է զբոսաշրջային գրասենյակի ղեկավարը:
Անցյալ տարի Լոռու մարզի եւ Ֆրանսիայի Պակա շրջանի միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի` 2012-2014 թվականներին երկու մարզերը պետք է համագործակցեն ագրոտուրիզմի եւ տուրիզմի բնագավառում: Որպես տուրիզմի բնագավառի համագործակցության արդյունք` Ալավերդիում ստեղծվում է տուրիստական գրասենյակ, որը համաֆինանսավորում են Լոռու մարզպետարանը` կառավարության միջոցներով եւ Ֆրանսիայի Պակա շրջանը: Գրասենյակն իր գործունեությունը ծավալելու է ոչ միայն Ալավերդիում, այլեւ հարակից համայնքներում, դրա համար էլ գրասենյակի ստեղծման համար ներդրում են արել նաեւ Թումանյանի տարածաշրջանի 7 համայնքներ. Ախթալա, Թումանյան քաղաքները, Հաղպատ, Օձուն, Արդվի եւ Դսեղ գյուղերը այս տարվա համայնքային բյուջեներում միջոցներ են նախատեսել գրասենյակի գործունեության համար:

«Ամեն համայնքի համար փորձել ենք գտնել ինչ-որ յուրահատուկ բան, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկը դա միայն այստեղ գտնի: Օրինակ` Ախթալայում հնարավոր է ունենալ Ժակ դը Մորգանին նվիրված թանգարան, որի ստեղծումն, իհարկե, մեծ աշխատանք է պահանջում, բայց անհնար չէ: Փարիզի Սեն Ժերմեն թանգարանի հետ կապ է հաստատվել, եւ նրանք համաձայնել են իրենց մոտ եղած արխիվային այն նյութերը, որոնք Ժակ դը Մորգանը Ախթալայում է պեղել, տրամադրել այդ թանգարանին: Նմանատիպ շատ ծրագրեր կան, որ կարող են համայնքների համար այցեքարտ դառնալ»,- ասում է Քրիստինե Երիցյանը:
Զբոսաշրջային գրասենյակի բացումը նախատեսվում է հունիս կամ հուլիս ամիսներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել