HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարմազանովը՝ ընդդիմության մասին. «Սխալ մեկնարկ վերցնողը միշտ պարտվում է»

Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարում ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի ելույթի վերաբերյալ «Հետք»-ի հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

- Նախ և առաջ արձանագրենք մի քանի հստակ ուղերձներ, որոնք առկա էին նախագահի ելույթում: Առաջինն այնն էր, որ ՀՀԿ-ն ժողովրդավարական արժեքներ դավանող կուսակցություն է, ազատ մրցակցության կողմնակից է, բայց միևնույն ժամանակ մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության ամենաազդեցիկ քաղաքական ուժը, քաղաքական կյանքի առաջատարը ՀՀԿ-ն է: ՀՀԿ-ն այսուհետ պետք է ամեն ինչ անի, որպեսզի ոչ միայն չկորցնի, այլև զարգացնի այդ դիրքերը առաջիկա թե՛ ՏԻՄ, թե՛ համապետական ընտրություններին: Նախագահի ելույթի հիմնական ազդակն այն էր, որ եթե կան ուժեր, ովքեր այսօր ժամանակից շուտ սկսել են նախընտրական քարոզարշավ վարել, ապա ՀՀԿ-ն իրեն նման շռայլություն թույլ տալ չի կարող, որովհետև թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ իրավական պատասխանատվությունն ընկած է Հանրապետականի վրա: Մենք ժամանակ չունենք զբաղվելու նախընտրական քարոզարշավով, իսկ առաջիկա երեք տարիները մենք պետք է օգտագործենք օրնիբուն, քրտնաջան աշխատանքի վրա, որ մեր ժողովրդի մատից փուշ հանենք:

ՀՀ նախագահը հստակ նշեց նաև, որ մենք կիսելու հայրենիք չունենք. ցանկացած համաքաղաքացի մեր եղբայրն ու մեր քույրն է: Մենք անգամ հակառակորդ կուսակցությանը մեզ թշնամի չենք համարում, չկա նման բան: Եվ բոլոր նրանք, ովքեր կուսակցական, ներքաղաքական պայքարը փորձում են տանել ոչ կոռեկտության ճանապարհով, մենք նման կերպ չենք արձագանքելու նրանց, որովհետև ճիշտ ճանապարհը միասնական աշխատանքն է: Նախագահի խոսքում էլ հստակ դրված էր այս գաղափարը՝ ՀՀԿ-ն պետք է գնա համագործակցության, երկխոսության ճանապարհով:  

Հաջորդ կարևոր դրույթը, որի մասին կուզենայի խոսել, սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունն է: Մենք բոլորս խոսում ենք համակարգային բարեփոխումների անհրաժեշտության մասին, սակայն, չգիտես ինչու, համակարգային բարեփոխումները չենք կապում սահմանադրական բարեփոխումների հետ: Կա չգրված օրենք՝ առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չէ հասնել համակարգային փոփոխությունների: Ամենակարևոր ազդակը ՀՀ նախագահի խոսքում այն էր, որ ժողովրդավարական արժեքները և իրավական պետության գաղափարը մեր պետության ամենաարժեքավոր հենասյունն են:

- Պարոն Շարմազանով, որո՞նք են իրենց «ճոխություն» թույլ տված ու համապետական ընտրությունների քարոզարշավ վարող ուժերը:

- Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք ԱԺ-ում պառլամենտական գործիչների հայտարարություններին ծանոթ չեք: Եթե դուք չեք տեսնում նրանց, չի նշանակում, որ նման ուժեր չկան:

- Դուք տեսնում եք այդ ուժերին. որո՞նք են այդ ուժերը, ասացեք խնդրեմ:

- Ես, իհարկե, տեսնում եմ, և ոչ միայն ես եմ տեսնում, այլև՝ հասարակությունը: Խոսքը բոլոր այն ուժերի մասին է, ովքեր մինչ այս խոսում էին համամասնական ընտրակարգին անցնելու մասին, խոսում էին համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին, և հանկարծ արթնացան ու ասացին, որ մեր ժողովրդին սահմանադրական բարեփոխումներ պետք չեն:

- Խոսքը ԲՀԿ-ի մասի՞ն է միայն:

- Խոսքը բոլոր նրանց մասին է, ովքեր պատրաստվում են ընտրությունների:

- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս հայտարարել է, որ դեմ է սահմանադրական բարեփոխումներին: Նրան և՞ս վերաբերում է ձեր հայտարարությունը:

- Մենք անձնավորված մեսիջներ չենք ուղղարկում կոնկրետ անձանց ու կոնկրետ կուսակցություններին: Մենք երբեք ռազմավարություն, մարտավարություն չենք մշակում` ելնելով «ընդդեմ ինչ-որ մեկի և ընդդեմ ինչ-որ ուժի» սկզբունքի: Մեր ուժը հենց դրա մեջ է. մենք մշտապես ինքներս ենք ձևավորել քաղաքական օրակարգն ու ինքներս ենք շարժվել «հանուն» գաղափարի համար: Իսկ «հանուն»-ը պետության հզորացումն է, քաղաքական համակարգի կայացումն է, որը պետք է աստիճանաբար տեղի ունենա՝ քաղաքական դաշտի բևեռացմամբ: Մենք միաբևեռ քաղաքական համակարգի կողմնակից չենք և համարում ենք, որ պետք է լինի երկբևեռ համակարգ, լինի կուսակցությունների խոշորացում, այդ ժամանակ մենք կգնանք ոչ թե ուղղահայաց, այլ՝ ցանցային, հորիզոնական ճանապարհով: Աստիճանաբար  կնվազի նաև անհատի դերը, վճռորոշ դերակատարություն կստանձնեն կուսակցությունները, որոնցից ամենաազդեցիկն ու առաջատարն այսօր ՀՀԿ-ն է: Մենք ցանկանում ենք, որ մյուս կուսակցությունները ևս ուժեղանան:

- Ասում եք, որ ընդդիմությունը նախընտրական քարոզարշավ է սկսկել: ՀՀԿ-ն ե՞րբ է սկսելու քարոզարշավը:

- 2017 թվականի նախընտրական ժամանակաշրջանում՝ օրենքով սահմանված կարգով: Պետք չէ խառնել ամենօրյա աշխատանքը նախընտրական քարոզարշավի հետ: Ի տարբերություն շատ ուժերի՝ մենք ընտրություններից ընտրություն գրասենյակներ չենք բացում:

- Դժվար չի՞ լինի պայքարել նրանց հետո, ովքեր երեք տարի շարունակ քարոզարշավ կվարեն: 

- Ոչ, որովհետև կարևորը ճիշտ ժամանակին ստարտ վերցնելն է: Սխալ ստարտ վերցնողը միշտ պարտվում է: Մենք շատ ճիշտ ժամանակին կսկսենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter