HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսական վարկի կասկածելի շղարշի մասին

Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով բյուջեն, նշեց, որ 2013 թվականին գրանցվել է 3.5 տոկոս տնտեսական աճ, գնաճը այդ տարի կազմել է 5 տոկոս: 2013 թվականի համար նախատեսված է եղել ապահովել 1 տրիլիոն 33 մլն եկամուտ, ապահովվել է 1 տրիլիոն 74 մլն դրամի եկամուտ: Ծախսերի համար նախատեսված թիվը եղել է 1 տրիլիոն 153 միլիարդ դրամ, բայց ծախսվել է 1 միլիարդ 258 միլիարդը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց, թե քանի որ սպառողական զամբյուղի մեծ տոկոսը պարենային ապրանքներն են կազմում, որքա՞ն գնաճ է արձանագրվել առաջին կենսաապահովման մթերքների մասով: ԲՀԿ-ական պատգամավորը հետաքրքրվեց նաև ռուսական 500 մլն վարկի վերաբերյալ՝ նշելով, որ վարկի վերաբեյալ բավական մութ ու կասկածելի պատմություններ կան: Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե, ի վերջո, ինչի՞վրա է սպառվել այդ վարկը:

Ա. Ջանջուղազյանը նախ անդրադարձավ սպառողական զամբյուղին՝ ասելով, որ չի կարող պատասխանել պատգամավորի հարցին, որովհետև ձեռքի տակ չունի տվյալներ, բայց կարող է դրանք հետո տրամադրել պատգամավորին:

Ինչ վերաբերում է ռուսական վարկին, ապա Ջանջուղազյանը հարցրեց. «Ի՞նչ մութ անկյունների մասին է խոսքը»: Նաիրա Զոհրաբյանը մանրամասնեց. «Խոսքն այն մասին է, որ վարկերը տրվել են գործարարներին, մերձավորներին…»:

Ջանջոջղազյանը պատասխանեց, թե վարկի օգտագործման վերաբերյալ տեղեկանքը ներառված է եղել 2009 թվականի հաշվետվության մեջ, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ի՞նչ ուղղություններով է բաշխվել այն:

Լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ վարկի պատմությունը դարձել է բազմաչարչար. «Երբ այն բերվեց խորհրդարան, ԲՀԿ-ն չքվեարկեց, որովհետև մեզ ասվեց, թե դուք քվեարկեք, որ 500 մլն դոլարի վարկ ենք վերցնելու, հետո կներկայացնենք բացվածքը, թե ի՞նչ ուղղություններով է ծախսվելու վարկը: Բայց խորհրդարան  ծախսերը չբերվեցին, ու բնականաբար որոշակի կասկածելի շղարշով պատվեց այդ վարկի էպոպեան»:

ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց, թե վարկը տրվել է ռուսաստանաբնակ հայ գործարարներին: «Այսօր էլ, ես հղում անելով մամուլին, որտեղ հրապարակվեց, որ վարկից լրջագույն գումարներ տրվել են ռուսաստանաբնակ հայ գործարարների՝ նախորդ կառավարության ինչ-որ մի անհասկանալի որոշմամբ, որի իրավունքը, մասնագետների պնդմամբ, չունեին: Այսինքն՝ Ռուսաստանից եկած փողի որոշակի հատված նորից հետ է հանվել Ռուսաստան: Ուստի վարկի հետ կապված անորոշություններն այդպես էլ մնացին»,- նշեց պատգամավորը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter