HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ոստիկանը լրագրողից չի կարող վերցնել նյութը»

Դեյվիդ Այենսոնը Միացյալ Թագավորությունում շուրջ 30 տարի ոստիկան է աշխատել: Այժմ ոստիկանության հարցերով միջազգային փորձագետ է եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հրավերով գտնվում է Հայաստանում: Նա մայիսի 23-24-ը Ծաղկաձորում մասնակցում էր «ՀՀ ոստիկանության եւ ԶԼՄ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ համագործակցության վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը»:

«Հետքի» հետ զրույցում Դեյվիդ Այենսոնը խոսեց լրագրող-ոստիկան փոխհարաբերությունների մասին: Նա զուգահեռներ էր անցկացնում Հայաստանի եւ իր երկրի ոստիկանների ու լրագրողների միջեւ. որակապես խիստ տարբերություն կա:

Ըստ նրա՝ Անգլիան ընդհանուր առմամբ հանգիստ երկիր է, բռնության մակարդակը քիչ է, սակայն ամեն օր բողոքի ակցիաներ են տեղի ունենում պետական մարմինների շենքերի դիմաց: Լրագրողները լուսաբանում են այդ ակցիաները, որի ժամանակ կրում են տարբերանշան: Իհարկե, լրագրողներին երբեմն ճանաչում են նաեւ արտաքինով՝ առանց տարբերանշանների, սակայն հենց լրագրողների անվտանգությունից ելնելով ցանկալի է, որ նրանք առանձնանան ամբոխից իրենց տարբերանշաններով:

«Անգլիայում, խնդրահարույց ակցիաների ժամանակ, որպես կանոն, լրագրողները նախքան միջոցառումը իրազեկվում են իրավիճակի մասին, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան ոստիկանների գործողությունները, թե ինչու եւ ինչ նպատակով է կոնկրետ հնարքը կամ գործողությունը ձեռնարկվում: Եթե այդ օպերացիան գաղտնի ինֆորմացիա չի պարունակում, շատ հաճախ լրագրողները մասնակցում են նաեւ ոստիկանների հրահանգավորման պրոցեսին, թե ով ինչպես պետք է վարվի ակցիայի ժամանակ: Մինչեւ բուն միջոցառումը, լրագրողներն արդեն տեղյակ են, թե ինչպես է ոստիկանությունը գործելու այդ միջոցառման շրջանակում»,-ասում է Դեյվիդ Այենսոնը:

Նրա խոսքերով՝ Անգլիայում ոստիկանությունն է ապահովում, որպեսզի ակցիան լուսաբանող լրագրողները դիրքավորվեն բարձր վայրերում, որպեսզի կարողանան ազատ նկարահանումներ իրականացնել, կամ մոտ գտնվելով բողոքի ակցիայի մասնակիցներին անվտանգ աշխատել: Իսկ լրագրողներն էլ, որոշ բացառություններով, գերադասում են աշխատել «չեզոք» դիրքերից եւ ամբոխի մեջ չմտնել:

Զրուցակիցս նշեց, որ Անգլիայում այժմ ամենամեծ վտանգն այն է, որ բողոքի ակցիաների ժամանակ լինում են նաեւ հակընդդեմ բողոքի ակցիաներ, այսինքն՝ մեկը մյուսի դեմ:  Ստացվում է, որ միաժամանակ երկու ոստիկանական օպերացիա է իրականացվում եւ յուրաքանչյուր պահի կարող են բախումներ առաջանալ:

«Լրագրողներին սպառնացող վտանգը ոչ թե ոստիկաններից է լինում, այլ ակցիայի մասնակիցներից: Լրագրողները շատ պրոֆեսիոնալ են, նրանք ամբոխին շատ չեն մոտենում եւ չեն միջամտում, չեն խանգարում ոստիկանական գործողություններին: Որպես կանոն լրագրողներն իրենց նյութերով լուսաբանում են բողոքի ակցիայի ընթացքը, իրենք չեն ձգտում թիրախ դարձնել ոստիկանների թերացումները կամ գործողությունները: Հայաստանում հենց դա է խնդիրը»,-նշում է Դ. Այենսոնը:

Տեղեկանալով, որ Հայաստանում ոստիկանները երբեմն լրագրողի ձեռքից վերցնում են լուսանկարչական ապարատը, տեսախցիկը կամ ձայնագրիչը եւ ամբողջությամբ ջնջում ինֆորմացիան, Դեյվիդ Այենսոնը, ասաց, որ Անգլիայում այդ խնդիրը չկա, ոստիկանը երբեք չի վերցնի կամ առգրավի լրագրողի նյութը, կամ ՝ չի կարող լրագրողին արգելել  նկարահանումներ կատարել: Ավելին, եթե լուրջ միջադեպ է լինում, ոստիկանությունն է դիմում լրատվամիջոցներին, որպեսզի վերջինները նկարահանած նյութերը տրամադրեն իրենց, իսկ լրագրողների մեծ մասն այդ ինֆորմացիան տրամադրում է:

«Չգիտեմ, թե ինչպիսին է ոստիկանության պաշտոնական դիրքորոշումը, բայց Հայաստանում որոշակի խնդիրներ կան եւ այդ խնդիրները տարիների պատմություն ունի: Ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը բավականին ցածր է, բայց այդ մոտեցումը հիմնականում պատմական ծագում ունի, դեռեւս խորհրդային տարիներից է գալիս: Այդ հարաբերություները բարելավելու ուղղությամբ ոստիկանությունից դուրս առերեւույթ ոչինչ տեղի չի ունենում: Լրագրողների լուսաբանումները հիմնականում բացասական լույսի ներքո են լինում եւ նրանց մեծ մասը ձգտում է նկարահանել ոստիկանության ինչ-ինչ գործողությունները, այլ ոչ ակցիայի ընթացքը: Լրագրողները չեն վստահում ոստիկանությանը, ոստիկանությունն էլ՝ լրագրողներին»,-նշում է փորձագետը:

Դեյվիդ Այենսոնը պատմում էր, որ Երեւանում գտնվելու ժամանակ մասնակցում է գրեթե բոլոր բողոքի ակցիաներին եւ ձգտում է, որպեսզի ոստիկանները տեսնեն իրեն: Ըստ նրա՝ ոստիկանության վիճակը բարելավվել է, սակայն դեռ չի հասել ցանկալի արդյունքի:

«Չեմ ուզում առանձին դեպքերի անդրադառնալ, բայց ընդհանուր կարող եմ ասել, որ ոստիկանը լրագրողից չի կարող վերցնել նյութը, եթե դա սահմանված չէ օրենքով: Ես ձեր օրենսդրական դաշտին չեմ տիրապետում, որպեսզի կոնկրետ դրույթ մեջբերեմ, բայց կարող եմ ենթադրել, որ  եթե օրենքները մշակված են մարդու իրավունքները, նրա պահանջները հաշվի առնելով, ապա հաստատ այնտեղ չի լինի որեւէ դրույթ, որով ոստիկանը հիմնավորի նյութեր վերցնելը»,-ասում է Դեյվիդ Այենսոնը:

Անդրադառնալով ակցիաները լուսաբանող լրագրողների պրոֆեսիոնալիզմին փորձագետը զարմանքով նշեց, որ Հայաստանում լրագրողները տեսախցիկներն այնքան են մոտեցնում ոստիկաններին, որ քիչ է մնում դիպչի նրանց դեմքին, ինչն անթույլատրելի է: Հակառակն էլ է լինում, երբ ոստիկանությունն իր գործողությունները հիմնավորելու համար հակառակ կողմից է նկարահանումներ իրականացնում:

«Անգլիայում հնարավոր չէ նման բան պատկերացնել: Իհարկե, երբեմն լինում են այդպիսի լրագրողներ, սակայն կարող է բացառիկ դեպք լինել: Բայց նույնիսկ այդ դեպքում լրագրողի ձեռքից տեսախցիկ վերցնելը շատ սխալ է, դա խաթարում է լրագրող- ոստիկան հարաբերությունները»,-նշում է նա եւ հավելում, որ Հայաստանում անցկացված ակցիաների վերաբերյալ յութուբում տեղադրված նյութերը օգտագործում է իր դասախոսությունների ժամանակ: Ըստ նրա, այդ նյութերում երեւում են, թե ոստիկանների, թե լրագրողների վատ աշխատանքը, ինչպես նաեւ քաղաքացիների վատ վերաբերմունքը:

«Ոստիկանությունը լինելով պրոֆեսիոնալ մարմին պետք է պրոֆեսիոնալ վարքագիծ դրսեւորի: Իրենց վարքագիծը կարող է վերահսկվել, մինչդեռ իրենք չեն կարող վերահսկել լրագրողներինը»,-ասում է Դ. Այենսոնը:

Փորձագետն անդրադարձավ նաեւ հայաստանյան լրատվամիջոցներին ու լրագրողներին, որոնք այս կամ այն քաղաքական ուժին են հարում, ինչպես նաեւ ընդդիմադիր լրագրողների նկատմամբ ոստիկանների խտրական վերաբերմունքին: Նրա համար խորթ է այն երեւույթը, երբ ոստիկանը կարող է մեջքով շրջվել ու չտեսնելու տալ ընդդիմադիր լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտումը: Դ. Այենսոնի խոսքերով՝ Միացյալ Թագավորությունում եւս կան լրագրողներ կամ լրատվամիջոցներ, որոնք մոտ են գտնվում քաղաքական կուսակցություններին, բայց ոչ այնքան, ինչպես Հայաստանում է: 

Օրինակ, իր երկրում, անկախ առանձին ոստիկանների կամ ոստիկանության նախասիրություններից, քաղաքական հայացքներից լրագրողների նկատմամբ խտրական վերաբերմունք չի ցուցաբերվում:

«Ոստիկանության համար շատ կարեւոր է, որ մշտապես անկախ լինի, իրենք չեն արտացոլում ազգային ինքնությունը, ոստիկանությունը հենց այդպիսին պետք է լինի, իրենք չպետք է քաղաքականացված լինեն: Նրանք ոստիկան են եւ վերջ: Ես Հայաստանում չեմ տեսել, որ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում, սակայն բազմաթիվ մարդկանցից լսել եմ նման դեպքերի մասին: Բայց սովորաբար այդ բողոքողներն այն մարդիկ են, ովքեր միշտ են բողոքում:  Ոստիկանությունը պետք է աշխատի այդ ուղղությամբ եւ ձեւավորի իր հարաբերությունները լրագրողների հետ: Ես մշտապես նյութեր եմ կարդում լրագրողների դեմ ոտնձգությունների, ահաբեկումների մասին, դիտարկելով քաղաքացու տեսանկյունից եւ կարդալով նորությունը ես երբեւէ չեմ գտնում ինֆորմացիա, թե ինչ է տեղի ունեցել, ինչ պայմաններում է եղել, ինչ քննություն է ոստիկանությունն անցկացրել, ինչ եզրակացության է հանգել, դա շատ կարեւոր է: Մեղադրանքը լսում ես, բայց դրա հանգամանքների մասին չի խոսվում»,-խոսքը եզրափակում է Դեյվիդ Այենսոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter