Փոխնախարարը համաձայն չէ Թևան Պողոսյանի գնահատականների հետ
ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը 2013թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացրեց նաև արտաքին ազդեցությամբ իրականացվող նպատակային ծրագրին վերաբերող դրույթները:
Նա նշեց, որ այդ ուղղությամբ սահմանված է առանձին ընթացակարգ, որը տարբերվում է սովորական, ներքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերից: «Եթե ներքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի համար բյուջեում նախատեսված թվային մեծություններն իրենցից ներկայացնում են առավելագույն չափաքանակներ, ապա արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի դեպքում այդ չափաքանակները սահմանվում են ոչ թե տվյալ տարվա բյուջեով, այլ այն համաձայնագրով, որը կնքվում է ՀՀ-ի և տվյալ դոնոր կազմակերպության կամ երկրի միջև»,-ասաց Ա. Ջանջուղազյանը:
Նրա խոսքով՝ կատարողականի 100%-ի գերազանցումը օրենքի խախտում չէ: Ջանջուղազյանն ասաց, որ դա վերաբերում է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերին, ապա շեշտեց. «Ներքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի դեպքում այդպիսի բան ուղղակի բացառվում է»:
Գլխավոր գանձապահն անդրադարձավ նաև եկամուտների թվային տվյալներին: Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա բյուջեով ծրագրվել էր ստանալ շուրջ 1 տրիլիոն 33 միլիարդ դրամ եկամուտ, որից 1 տրիլիոն 15 միլիարդ դրամը` ներքին աղբյուրներից, իսկ մնացած 18 միլիարդ դրամը` դրամաշնորհներից:
«Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացել է շուրջ 41 միլիարդ դրամով և կազմել 1 տրիլիոն 74 միլիարդ դրամ, որից մեկ տրիլիոն 54 միլիարդ դրամը` սեփական եկամուտների, 20 միլիարդ դրամը` պաշտոնական դրամաշնորհների գծով: Փաստացի եկամուտները կազմել են շուրջ 1 տրիլիոն 71 միլիարդ դրամ, որոնք նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 125 միլիարդ դրամով կամ 13,2 տոկոսով: Հարկային եկամուտների և պետական տուրքերի տարեկան ծրագիրը կատարվել է 100 տոկոսով, այլ եկամուների ծրագիրը գերակատարվել` 8,2 տոկոսով, իսկ ահա պաշտոնական դրամաշնորհները կանխատեսվածից պակաս են ստացվել`շուրջ 6,8 միլիարդ դրամով կամ արձանագրվել է 66,2 տոկոս կատարողական: Եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցությունը հաշվետու տարում կազմել է 25,11 տոկոս»,-նշեց Ջանջուղազյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նկատեց, որ թեև Ջանջուղազյանը իր ամեն ասած թվի տակ պատասխան ունի, ինքն ամեն դեպքում մատուցման ձևից տպավորություն է ստացել, թե փայլուն տարի է եղել տնտեսության աճի համար:
«Կարո՞ղ եք նշել ապագայում արվող փոփոխություններ, թվեր, որ անկումը հասկանալի լինի: Վստահ եմ՝ այստեղ նստածների 5 տոկոսը հազիվ հասկացավ դա: Փայլուն ծրագրավորողներ եք, ծրագրավորել եք, հենց այդքան էլ հավաքել եք, անգամ ավել եք հավաքել. այ ավել հավաքելու խնդրի շրջանակներում ի՞նչ իրավական հետևանքներ են եղել, երբ վարչարարությունը լավացրել եք և ստվերը հանել եք, արդյոք մարդիկ եղե՞լ են, որ կրել են պատասխանատվություն այդ ստվերի բացահայտման համար»,- հարցրեց Թ. Պողոսյանը:
Պատգամավորը նաև անդրադաձավ գլխավոր գանձապետի այն հայտարարությանը, թե եկամուտների համար ակնկալվող արտաքին ներդրումները նվազում են ու հետաքրքրվեց. «Ըստ Ձեզ՝ այդ խնդիրը կապվա՞ծ է սեպտեմբերի երեքի որոշման հետ (խոսքը Մաքսային միությանն անդանմակցելու մտադրության մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարության մասին է,- հեղինակ), թե՞ ոչ»:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ համաձայն չէ Թևան Պողոսյանի գնահատականներին: «Ես այն գնահատականը չկարողացա ընկալել, թե ինչո՞ւ իմ ներկայացումը կարելի է ընկալել որպես փայլուն կատարում, որովհետև հենց միայն այն, որ իրական աճը եղել է 3.5 տոկոս, երբ կանխատեսված էր 6.2 տոկոս, դա գնահատել որպես փայլուն կատարման ներկայացում, էնքան էլ արդարացի չէ: Մենք այստեղ փորձել ենք փաստերը ներկայացնելիս լինել անաչառ, նպատակ չենք հետապնդել շղարշել կամ քողարկել թերությունները: Ճիշտ հակառակը՝ փաստերը գնահատելու լիակատար ազատություն կա, նաև խուսափել ենք մեկնաբանություններից»,- ասաց ֆինանսների փոխնախարարը:
Ինչ վերաբերում է հարկային եկամուտներին, ապա նա նշեց, թե դրա համար կանխատեսված ծրագրային ցուցանիշը չի նվազեցվել, հակառակը՝ ավելացվել է:
Փոխնախարարը հավաստիացրեց, որ արտաքին եկամուտների նվազումը որևէ կերպ կապված չէ այն հայտարարությունների հետ, որոնք արվել են տարվա ընթացքում. «Անկախ դրանց ուղղությունից, համաձայնագրերը կնքված են եղել, որևէ համաձայնագիր չի վերանայվել, դրանք գործողության մեջ են, դրանց շրջանակներում նախատեսված ծրագրերը իրականացվել են այն չափով, որքանով որ իրականացվել են, մենք ստացել ենք նույն դրամաշնորհների մասով ընդամենը 37.8 տոկոսը էն ծրագրային ցուցանիշից, ինչը նախատեսված էր, և դրա մեջ չկա որևէ քաղաքական ենթատեքստ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել