Բացվել է Ալավերդու բժշկական կենտրոնը
Լոռու մարզի Ալավերդու արդիականացված և հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, առողջապահական գլխավոր մասնագետ Վեզի Մշիշան, այլ պաշտոնյաներ:
Ժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Ալավերդիու ու հարակից բնակավայրերի ազգաբնակչությանը մատուցել որակյալ բժշկական ծառայություններ հենց տեղում:
«Սիրելի ալավերդցիներ, Համաշխարհային բանկի հարգարժան ներկայացուցիչներ, այսուհետ բարձրորակ բժշական ծառայությունների համար ալավերդցին չի հասնի մայրաքաղաք», -նշեց Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ հիվանդանոցի նոր պայմաններն ամբողջովին համապատասխանում են միջազգային չափանիշներին:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ այսօր հիշարժան օր է Ալավերդի քաղաքի համար, քանի որ բնակչությունը զգում էր նմանօրինակ բժշկական կենտրոնի անհրաժեշտությունը: Նախարարը հավաստիացրեց, որ մարզային առողջապահական ծրագրերը շարունակական բնույթ են կրելու, որովհետև առաջին հերթին դրանք նպաստում են հասանելիության գործակցի բարձրացմանը:
«Վստահ եմ, որ Ալավերդու բժշկական կենտրոնում ստեղծված ժամանակակից պայմանները էականորեն կբարելավեն բժշկական սպասարկման որակը, իսկ բուժաշխատողներն իրենց մասնագիտական պարտականությունները կկատարեն ավելի մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ»,- ասաց նախարարը:
Նա վստահեցրեց, որ մարզային հիվանդանոցների արդիականացումը շարունակելու է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։ Սա վերաբերում է ոչ միայն շենքային պայմաններին, այլև տրամադրվող բժշկական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացմանը, եղած միջոցների արդյունավետ կառավարմանը, ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխմանը, անհաժեշտ նեղ մասնագետներով ապահովմանը և առկա մյուս խնդիրներին։ Միաժամանակ, նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են Ճամբարակի, Կապանի, Բերդի, Մեղրու , Վանաձորր հիվանդանոցների շինարարական աշխատանքները։
Արմեն Մուրադյանը շրջայց կատարեց նորաբաց բժշկական կենտրոնով, ինչպես նաև ականատեսը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնի և Երևանի «Արաբկիր» բժշկական կետրոնի միջև հեռակապի կիրառմանը, որը նախարարը գնահատեց, որպես համագործակցության լավ օրինակ, ինչը կարող է նպաստել որակյալ մասնագիտական խորհրդատվությանը և փորձի փոխանակմանը:
Մարզերի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում միավորվեցին Ալավերդու հիվանդանոցը, Ալավերդու ծննդատունը և Ալավերդու պոլիկլինիկան` ստեղծելով «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ներկայումս ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում գործում է 60 մահճակալ հզորությամբ բազմապրոֆիլային բժշկական կենտրոն` թերապևտիկ, ներառյալ մանկաբուժական, վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական և տարափոխիկ բաժանմունքներով:
Ալավերդու բժշկական կենտրոնի արդիականացումը տեղի է ունեցել երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով, հիմնանորոգվել է հիվանդանոցային մասնաշենքը, որտեղ տեղակայվել են թերապևտիկ, վիրաբուժական բաժանմունքները, ախտորոշիչ և պոլիկլինիկական ծառայությունների մի մասը: Շինարարական աշխատանքների համար իրականացվել է 195,720,921 ՀՀ դրամի ներդրում: Մասնաշենքի հագեցումը բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով իրականացվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակներում` 188,311,481 ՀՀ դրամ դրամի չափով: Այնուհետև որոշվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Հայաստանի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակներում` տնտեսված միջոցների հաշվին ընդգրկել Ալավերդու բժշկական կենտրոնի եռահարկ հիմնական մասնաշենքի պոլիկլինիկական հատվածի հիմնանորոգումը: Ծրագրի շրջանակներում Ալավերդու բժշկական կենտրոնը հագեցվել է հավելյալ ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնցից մի մասը առաջինն են ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում: Հիվանդանոցին տրամադրվել են նաև բժշկական կահույք ու պարագաներ:
Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի պոլիկլինիկական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ իրականացվել է 652,563,7 հազ.դրամի (շուրջ1,589.4հազ. ԱՄՆդոլար) ներդրում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել