
45 մլն դրամի հողի օտարում` առանց աճուրդի
Վերին Պտղնի գյուղում 2013թ. համայնքային սեփականության հողերի օտարումից համայնքի ֆոնդային բյուջեում գոյացել է մոտ 45 մլն դրամ, բայց ոչ մի աճուրդ տեղի չի ունեցել:
Համայնքապետ Գևորգ Պողոսյանն ասաց, որ այդ օտարված հողերը նախկինում վարձակալված են եղել, հետո վարձակալողները սեփականաշնորհման համար կատարել են վճարումներ, որոնցից էլ գոյացել է այդ 45 միլիոն դրամը: Նա օրինակ բերեց «Հայռուսգազարդ» ընկերությունը, որը գյուղում վարձակալած հողեր է ունեցել, ապա սեփականշնորհել:
Համայնքի ավագանու 2013թ. որոշումների ուսումնասիրությունից պարզվեց, որ հողի օտարումից գոյացած մոտ 45 մլն դրամը, իրականում, համայնքի բյուջե է մուտքագրվել մեկ գործարքից: Համայնքապետը 45 մլն դրամով 1 հա հողատարածք է վաճառել ուղղակի վաճառքով: «Դա հասարակակական նշանակության հողատարածք է: 1 քմ-ը 4524 դրամ է հաշվարկվել` կադաստրային արժեքով: Հողն ուղղակի վաճառքով վաճառվել է հարակից հողամասի սեփականատիրոջը: Ձեռք բերվող հողամասը, եթե չի գերազանցում իր հողամասի չափը, իրավունք ունենք օտարել ուղղակի վաճառքով»,- ասաց Գևորգ Պողոսյանը:
Կառավարության 2001թ. որոշումներից մեկը թույլատրում է հողի օտարում ուղղակի վաճառքով: Սակայն միայն այն դեպքում, եթե հողամասը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկությունների (աճուրդ) միջոցով:
Վերին Պտղնի համայնքի ավագանին 10 հազար քմ տարածքն ուղղակի վաճառքով օտարելու որոշման մեջ նշել է, թե այդ հողատարածքը Սամվել Եփրեմյանին սեփականության իրավունքով պատկանող 1,53 հա հողատարածքին կից է, և «որպես առանձին միավոր հնարավոր չէ մոտեցման ճանապարհի բացակայության պատճառով օտարել»: Այս բացատրությամբ համայնքային սեփականությունն ուղղակի վաճառքով օտարելու իր իրավունքը համայնքապետը կիրառել է բավական մեծ, 45 մլն դրամ արժողություն ունեցող 10 հազար քմ տարածքի վրա` այն չդիտարկելով «որպես առանձին միավոր»:
Մեր այցելության օրը համայնքապետարանում պետք է տեղի ունենար երեք հողամասի աճուրդ-վաճառք: Հողամասերից մեկի համար հայտեր չկային, իսկ մյուս երկուսի համար ներկայացվել էր երկուական հայտ: Երբ համայքնապետն աճուրդը հայտարարեց բացված, երկու մասնակիցներից մեկը հողի գինը միանգամից բարձրացրեց 50 հազար դրամով: Մի քանի քայլ սակարկությունից հետո լոտերից մեկի գինը 100 հազար դրամից բարձրացավ մինչև 210 հազար դրամ:
Սակարկության ընթացքից ակնհայտ էր, որ Վերին Պտղնի համայնքի հողերը պահանջարկ ունեն: Գյուղը գտնվում է Երևանից 5 կմ հեռավորության վրա: Ամեն քայլափոխի առանձնատներ են, իսկ կլիման բարենպաստ է հողագործության համար: Ակտիվ սակարկությունը հուշում էր, որ մասնակիցների թիվը կարող էր երկուսից ավելի լինել, սակայն աճուրդի դրված լոտի մասին տեղեկանալու միակ հնարավորությունը «Հայաստանի Հանրապետություն» թերթն է, որտեղ մեկ ամիս առաջ հրապարակվում է հայտարարությունը:
«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով` նախատեսված է նաև, որ աճուրդի կազմակերպիչը աճուրդի կայացման վայրում ցուցատախտակի վրա զետեղի աճուրդի մասին հրապարակային ծանուցումը` աճուրդի կայացման օրվանից առնվազն մեկ օր առաջ: Սակայն համայնքապետարանի միակ ցուցատախտակը աճուրդի կայացման օրն այս տեսքն ուներ: Համայնքապետը վստահեցնում էր, որ հայտարարությունը փակցված է եղել, հետո հանել են:
2013թ. համայնքի սեփական եկամուտները կազմել են մոտ 148 մլն դրամ: Հողի օտարման վերոնշյալ գործարքից գոյացած 45 մլն դրամը մուտքագրվել է ֆոնդային բյուջե: «Ես չեմ կարող ասել, թե աճուրդների գումարը կոնկրետ ինչի վրա է ծախսվում, գրեք` ասֆալտի վրա: Եթե հաշվենք նախագծի գումարը, մնացած ծախսերը և այլն, մոտ 70 մլն-ի չափով ասֆալտ ենք արել: Ու էդ ասֆալտը երեւում է, ամբողջությամբ նոր ասֆալտ է»,- ասաց համայնքապետարանի հաշվապահ Ջեմմա Աբգարյանը:
Մեկնաբանել