HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Խորհրդարանական բարոյականության էվոլյուցիայի պերճանքն ու թշվառությունը

ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե իշխանության և ընդդիմության միջև թշնամանք չկա, չնայած նրանց միջև ընթացող բանավեճերի լուսաբանումից հասարակությունը նման տպավորություն է ստանում:

Մեծ հաշվով, նախագահն, իհարկե, ասում է ճշմարտությունը. երբ գործ ես ունենում կլիենտների հետ, խոսքը կարող է գնալ ոչ թե թշնամության մասին, այլ ընդամենը մատուցվող ծառայության և այդ ծառայությունից օգտվելու ձևերի: Իշխանությունն ու մյուս ուժերի մեծ մասը, տակտիկական նկատառումներով, պարզապես ընտրել են «կռիվ-կռիվ» խաղալու տարբերակը: Բայց նախագահի հայտարարության մեջ էականը ոչ թե դա էր, այլ այն փաստը, որ հերթական անգամ իրականությունը խեղաթյուրելու մեղքը բարդվում է լուսաբանման, այսինքն լրագրողական աշխատանքի որակի վրա:

Սա նոր թեզ չէ, իհարկե: Դեռ մեկ տարի առաջ հանրապետության նախագահը շատ պարզ հայտարարեց, որ երկրում գաղջ մթնոլորտի առկայության պատճառը հենց իրականության «գաղջային» լուսաբանումն է լրատվամիջոցների կողմից: Ավելին, դեռ այն ժամանակ պարզվեց, որ Հայաստանում անկիրթ, գռեհիկ, ցինիկ պաշտոնյաներ ու պատգամավորներ չկան, որ դրանք ընդամենը ոչ պրոֆեսիոնալ լրագրողների երևակայության արդյունքն են, ովքեր պարզապես չգիտեն ում հետ ինչպես հարաբերվել, ինչպես խոսել:

Եթե մինչև նախագահի այս հայտարարություններն իշխանության օլիգարխիկ ու կիսակրիմինալ շրջանակները գոնե հարկ էին համարում խոսել, դրանից հետո արդեն լրագրողներին անգամ այդ «պատվին» արժանացնել չեն ցանկանում: Դեռ մի քանի մետրից ֆիքսելով նրանց սևեռված հայացքներն ու մոտեցող քայլերը, առանց ձևեր թափելու, հայհոյում են, վիրավորում, նվաստացնում: Իհարկե, բանը դեռ հարվածներին և սպառնալիքները գործնականում իրականացնելուն չի հասել, բայց էվոլյուցիան, ինչպես հայտնի է, անդադար պրոցես է և բացարձկապես չի կարելի բացառել, որ այդ տաբուն ևս առաջիկայում հաջողությամբ կհաղթահարվի: Մանավանդ որ նման վերաբերմունքը թերուսներից  վիրուսի նման արդեն անցել է իրենց շուրջը քիչ թե շատ ինտելեկտուալ, այսպես կոչված մակարդակով պաշտոնատար անձանց իմիջ ստեղծած հատվածներին: Բացարձակապես զարմանալի չէ, որ էթիկայի տարրական կանոնները պահպանելու և տարրական դաստիարակվածություն դրսևորելու առումով «պրոգերսը» իշխանության ներսում հենց այսպիսի դեգրադացիոն ուղղությամբ է ընթանում, որովհետև արդեն երկու տարի է` դա ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրվել ԱԺ էթիկայի հանձնաժողովի տեսքով:

Լրագրողներին վիրավորելու հայտնի դեպքի կապակցությամբ այսօր այդ հանձնաժողովին պետք է բացատրություններ տար ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, նույն ինքը` Շմայսը: Բայց նա հանձնաժողովի նիստին չէր ներկայացել: Նա պարզապես թքած ուներ թե հանձնաժողովի, և թե վերջինիս կողմից կայացվելիք որոշման վրա, եթե իհարկե, նման որոշում լինի առհասարակ: Այս հանձնաժողովը մասնագիտացել է բացառապես մեկ բանում. այս կամ այն պատգամավորի հասցեին հնչած մեղադրանքները և դրանք հիմնավորող փաստերը «ջրելու», այդ պատգամավորներին ներողություն խնդրելու ծանր բեռից ազատելու հարցում: Գրեթե կասկած  չկա, որ նույն պրակտիկան կիրառվելու  է նաև Շմայսին կարգի հրավիրելուն ուղղված` լրագրողների ներկայացրած դիմումի պարագայում:

Որևէ հանձնաժողով ոչ Առաքել Մովսիսյանին, ոչ էլ նրա «կալիբրի» որևէ պատգամավորի կարգի հրավիրել չի կարող սկզբուքնորեն, որովհետև, ինչպես արդեն բոլորն են հասկացել իշխանության գլխի` նախագահի մեկնաբանությունից, նման պատգամավորների, պաշտոնյաների խնդիր չկա. կա ոչ պրոֆեսիոնալ լրագրողների  խնդիր: Հետևաբար բոլորովին տարօրինակ չի լինի, եթե  ասենք,էթիկայի սույն հանձնաժողովը հանկարծ որոշի, որ ոչ թե Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը, Շուշան Պետրոսյանը և այլոք պետք է ներողություն խնդրեն լրագրողներից իրենց վարքուբարքի համար, այլ լրագրողները` նրանցից` ոչ ճիշտ քայլվածքով կամ դեմքի ոչ ճիշտ արտահայտությամբ նրանց մոտենալու, անհանգստացնելու համար:

Նման ընկալումների դաշտից էթիկայի հանձնաժողովը դուրս գալ չի կարող նաև այն պատճառով, որ հայաստանյան պառլամենտարիզմում բարոյաէթիկական նորմերը սկսվում ու ավարտվում են «ախպերականությամբ» և «ախպերաբանությամբ», որոնք որևէ կանոնակարգում, որևէ օրենքում գտնել, բնականաբար, հնարավոր չէ: Եվ ստացվում է, որ հանձնաժողովն իր անգործությամբ, իրողություններն ու փաստերն աղավաղելու հմտությամբ ոչ թե կաշկանդում է պատգամավորներին, այլ ազատում նրանց ձեռքերն ու լեզուն, լեգիտիմացնում նրանց բոլոր գործողությունները, ինչի արդյունքում այդ դրսևորումները նվազելու փոխարեն ավելի հաճախակի ու ավելի ագրեսիվ են դառնում:

Այս հանձնաժողովի հետ կապված միակ անհասկանալին այն է, որ խորհրդարանական մյուս, այսպես կոչված ոչ իշխանական ուժերը, բացառությամբ ՀԱԿ-ի, շարունակում են իրենց մասնակցությունը բերել այդ խեղկատակությանը: Գուցե դրանով նրանք էլ իրե՞նց համար են ապագայի լկտիության «ֆորա»  ապահովում: Մեծ աշխարհ է, մի օր կարող է պետք գալ...

Մեկնաբանություններ (4)

Ռուզան
Ովքեր են էթիկայի հանձնաժողովում, կամ գոնե նախագահի անունը կարելի էր գրել:Գիտեք, մի տեսակ Սերժի խոսքից դուրս գալու անկարողությունը նրանց համար արդարացման նման ընկալվեց:
Գեւորգ
Իհարկե, մեղավորները հենց լրագրողներն են որ հայհոյվում են! Նրանք չարամտորեն փորձում են խոսեցնել ԽՈՍԵԼ ՉԻՄԱՑՈՂ մարդկանց: Է՜, խոսեն (որ) ինչ ասեն? Դրա համար էլ ճանապարհ են դնում ոչ կանոնակարգված լեզվով՝ տարատեսակ վերլուծություններից խուսափելու համար! Մի խոսքով, խիղճ ունեցեք! Պատկերացրեք նրանց վիճակը!
hasmik
շատ մեղք է, բան չասեք, թողեք ում ուզում է վիրավորի, լկտի պահի, հարբած գա խորհրդարան..., բան չասեք, թե չէ հանկարծ վատ կզգա
hakob
Azniv asac, es el em karcum vor hodvac@ lav@ chi, im xorin hamozmamb cayrastichan vatn e. Inch verabervum e patgavornerin, hamozvac em vor et HHK-akaner@ henc Shmaysi u mnacacneri glxavorutyamb shat shutov mer Xarabaxn el ktan adrbejanin. De verevic hramayum en koxm sexmel, mejner@ mi hat txamard chka vor chentarkvi

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter