
25-ամյա երիտասարդը կասկածվում է 83-ամյա կնոջ բռնաբարության մեջ
Հոկտեմբերի 17-ին բերման է ենթարկվել է Ստեփանավանի Լեջան գյուղի 25-ամյա մի բնակիչ, ով կասկածվում է Նոյեմբերյանի քաղաքին հարակից Կողբ գյուղի 83-ամյա բնակչուհու բռնաբարության մեջ: Այդ երիտասարդի մայրը երկրորդ ամուսնությամբ հարս է եկել Նոյեմբերյան քաղաք: Մի քանի տարի առաջ երիտասարդը, բնակվելով հարազատ մոր եւ վերջինիս ամուսնու հետ, Նոյեմբերյան քաղաքում փորձել էր սեռական բնույթի ոտնձգություն կատարել հարեւանուհու` ամուսնացած երիտասարդ կնոջ նկատմամբ: Նա այդ հանցագործության համար դապատապարտվել է ազատազրկման:
Մեր տվյալներով` նա գիշերը ներխուժել է կողբեցի ծեր կնոջ տուն, ծեծել նրան եւ բռնաբարել: Հոկտեմբերի 17-ին` ժամը 17-ի սահմաններում, ոստիկանները ծեծի հետեւանքով աչքի տակը սեւացած ծեր կնոջը` վերջինիս թոռան ուղեկցությամբ, տարել են Նոյեմբերյանի հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունք, ուր դատական բժիշկը նրան հետազոտել է:
Ներկայումս դեպքի կապակցությամբ հարուցված է քրեական գործ: Գործի քննությունը կատարող Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժանմունքի քննիչ Աշոտ Ղուշչյանը, վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը, հրաժարվեց դեպքի վերաբերյալ մանրամասներ հաղորդել:
Մեկնաբանել