HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղացած կարկուտն իսկական աղետ է եղել դսեղցիների համար

Էմմա Պետրոսյան

«Տձեւ, միջուկ ունեցող կարծրատիպ էր ու վրից շաղկապված, սխտորի նման վրեն մի քանի հատ փաթաթված: Լրիվ անկյունագծերով, բանով, վերջը՝ կարկուտին ոչ հատուկ տեսակ, էլի: Իրար հավաքված սառցե գնդիկներ էին»,- մայիսի 24-ին տեղացած կարկուտի արտաքին  տեսքն է նկարագրում դսեղեցի Շուրիկ Ղուլինյանը: Նա իր կյանքում առաջին անգամ է նման կարկտահարության ականատես եղել: Այգում աշխատում էր, երբ հանկարծակի կարկուտն սկսեց տեղալ, հազիվ է հասցրել պատսպարվել տանիքի տակ:

Շուրիկ Ղուլինյանի պես կարկուտից անակնկալի են եկել նաեւ նրա համագյուղացիները եւ ասում են, որ իրենց գիտակցական կյանքում նման բան չեն հիշում: Ժամը 16:30-ի սահմաններում սկսված ու մոտ կես ժամ տեւած խոշոր չափերի հասնող կարկուտն ավերել է ամեն ինչ, հողին հավասարեցրել տնամերձ այգիները: Օրեր առաջ տնկված սածիլներից հետք չի մնացել, միրգ ունենալու մասին  գյուղացիներն արդեն անգամ չեն էլ երազում: Կարկուտից անմիջապես հետո, մոտ 2 ժամ հորդառատ անձրեւ է տեղացել: Կարկտահարությունն ու անձրեւը վնասել են գյուղի բոլոր տները:

Դսեղի համայնքապետի տեղակալ Սամվել Անտոնյանին «ուրախացրել» է այն հանգամանքը, որ գյուղի վարելահողերի մեծ մասն անմշակ են: «Ընդհանուր գյուղի տարածքում ունեն խնձորի, տանձի, գիլասի, դամբուլի ծառեր, լրիվ շարքից հանել է: Պոպոքն էլ, էս վերջի տարիներին բավականին շատ էին տնկել գյուղացիք: Էս տարի մարդը չի կարա ոչ մի բանից օգտվի, էն հասարակ սոխը, որ ցանել էին, որ արդեն պտի օգտագործեին, հիմնովին կտրել է»,- ասում է համայնքապետի տեղակալը:

Դսեղեցիների հոգսը, սակայն, միայն տնամերձ այգիները չեն: Նրանց համար այդ մի քանի ժամն իսկական աղետ է եղել: Գյուղում կարկտահարությունից վնասվել են նաեւ մեծ թվով ավտոմեքենաներ, չկա մի տուն, որ զերծ մնացած լինի կարկտահարությունից: Վնասվել են հատկապես կղմինդրե տանիքներով շինությունները: Դսեղի բնակիչ Շուրիկ Ղուլինյանին, օրինակ, մոտ 50 կտոր ազբոթիթեղ է անհրաժեշտ կարկուտից վնասված տանիքի գոնե մի հատվածը փոխելու համար:

 «Նման աղետ երեւի առաջին անգամ եմ տեսնում: Կարկուտն ամենքը մի ձվից ավելի մեծ եւ ահավոր տեսքի, ոնց որ սովորական կարկուտ չլիներ»,- պատմում է Սիրուշ Ավագյանը եւ ավելացնում, որ իր կյանքի 75 տարիների ընթացքում նման մեծության կարկուտ չէր տեսել: Սիրուշ Ավագյանի ասելով իր տան ու անասնագոմի տանիքը վրեանորոգելու համար մոտ 1000 դոլար կպահանջվի:

Տանիքը՝ տանիք, բայց տների ներսում էլ վնասները մեծ են: Կարկուտին հաջորդած հորդառատ անձրեւը ժամեր շարունակ լցվել է տները: Համայնքապետարանում նույնպես հաշվարկում են պատճառված վնասը: Պետությունից փոխհատուցում ստանալու հույս չունեն: «Մարդկանց ունեցվածքը լրիվ ջրի մեջ կորավ: Համայնքապետարանը ոչ մի բան չունի, մեծ ծախսի հետ ա կապված, էսօրվա դրությամբ ուղղակի մեր ժողովուրդը մեկս մեկին հասնելով օգնում ենք, անում: Ուրիշ ելք չենք տեսնում»,- ասում է Դսեղի համայնքապետի տեղակալը:

Գյուղատնտեսության նախարարությունն այս տարի 80 հակակարկտային կայան է տեղադրել, որից 5-ը՝ Լոռու մարզում: Դրանք տեղադրվել են այն համայնքներում, որտեղ հողերի մշակման տոկոսային հարաբերակցությունը բարձր է: Հետեւաբար՝ Դսեղում հակակարկտային կայան լինել չէր կարող, այստեղ 780 հա հողատարածքից մշակվում է միայն 50 հեկտարը: Դսեղեցիները վստահ են, որ պետությունից աջակցություն չեն ստանա: Գյուղացիներից ոմանք ասում են, որ վարկ կվերցնեն ու կնորոգեն տանիքները, ոմանք էլ մտադիր են ապառիկով ազբոթիթեղ վերցնել այս կամ այն խանութից, ինչի համար կկարողանան գոնե մաս-մաս վճարել:

Դսեղը կարկուտից տուժած միակ համայնքը չէ: Ուժեղ կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Լոռու մարզի Ստեփանավան, Թումանյանի եւ Տաշիրի տարածաշրջանի համայնքներին: Բացի Դսեղից, հատկապես տուժել են նաեւ Մեծավան, Ամրակից, Ագարակ, Լեջան, Բովաձոր եւ Ծաթեր գյուղերը: Վնասի չափը հայտնի չէ, բայց անժխտելի է, որ բերքատու ծառերը վնասվել են:

Մեկնաբանություններ (1)

«հառաչենք!»
Մեր ապրուստն ինչ է՜ մի կտոր չոր հաց էն էլ հրեն հա՜ երկնքից կախված! (Մեծ Դսեղեցի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter