HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրքերն օգնել են ինձ բանտում չխելագարվել

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից

Խցում նստած` գրքեր եմ նվեր ստանում Ողջերի աշխարհից: Շաբաթներ առաջ ստացա բանաստեղծուհի Գոհար Գալստյանի բանաստեղծական ժողովածուն, որտեղ զորացնող տողեր գտա: Մինչ այդ թարգմանչուհի Կարինե Չոբանյանն ինձ էր նվիրել իսպանալեզու ժամանակակից արձակի ընտրանի՝ իր թարգմանությամբ: Շնորհակալ եմ, որ միտքս արթուն եք պահում:

Գրքերն են, որ օգնել են ինձ չխելագարվել չորս պատերի մեջ: Կարդում էի նաև մահապատժի առաջին տարիներին, երբ չկար զբոսանք, չկար արևի լույս, ճաղապատ պատուհանները փակ էին 24 ժամ շարունակ:

Իսպանական մի գողտրիկ պատմություն աչքիցս չվրիպեց նաև այն պատճառով, որ վերնագրում սեր բառը կար: Մեկ-երկու տող կարդալով՝ հասկացա, որ պատմությունը բանտի ու բանտված սիրո մասին է, թե ինչպես են իսպանական բանտում հանդիպում սիրելիները: 1936թ. ծնված իրավաբան, փիլիսոփա, գրող Մանուիլ Վիսենտը նկարագրել է մի ժամանակաշրջան, երբ իսպանական բռնապետությունից անցում էր տեղի ունենում ժողովրդավարության: «Մի սիրո պատմություն» պատմվածքը տիպիկ նկարագրում է այդ անցումը: Կարաբանչելի բանտում պատիժը կրող հերոսը՝ Չիչոն, ի վերջո, սիրած աղջկա հետ 1 ժամանոց տեսակցության թույլտվություն է ստանում բանտապետից: Իսկ նման բանը չլսված-չտեսնված բան էր բռնապետության տարիներին: Տասնյակ տարիներ անց միայն, կրեայի քայլերով բարեփոխվում է համակարգը, դառնում մարդակենտրոն:

Իսպանական ժամանակակից բանտում երկարատև ազատազրկման դատապարտվածները (ծանրագույն հանցանքների համար) հարազատների հետ կարող են տեսակցել ամեն շաբաթ (մեզ մոտ տարեկան 1 անգամ 3-օրյա և 3 անգամ 1-ժամյա տեսակցություն է տրամադրվում), հնարավոր է զանգահարել ընտանիքի անդամներին ամեն օր (մեզ մոտ թույլատրվում է զանգել ամսական 2 անգամ 15 րոպեով): Իսպանական բանտում կան համակարգչային դասարաններ, կա աշխատանք փոքր աշխատավարձով, կա սպորտով զբաղվելու հնարավորություն, կան ռեստորանային քարտեր, որոնցով դատապարտյալները կարող են սնունդ պատվիրել: Իրավապաշտպաններն այսօրվա իսպանական բանտը համարում են իդեալականին մոտ, որտեղ կրկնահանցագործությունների տոկոսը շատ ցածր է, քանի որ համակարգը վերափոխված մարդ է վերադարձնում հասարակությանը:

«Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում»

Վերջերս լույս տեսավ իմ լավ ընկեր, հայագետ, կինոգետ Արծվի Բախչինյանի պատմությունների ժողովածուն, որը նա անվանել էր «Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում»: Երբ նվեր ստացա Արծվիի մակագրած գիրքը, որոշեցի հենց սկզբից կարդալ մեջտեղում նույն վերնագրով պատմությունը: Առաջին հայացքից սովորական, ոչ մի թաքուն իմաստ չպարունակող պատմություն այն մասին, թե ինչպես ձմռան վերջին օրերին ֆուտբոլի թիմի մերսողը պարապմունքից առաջ դուրս է եկել դաշտ և զարմացել`տեսնելով այն ձնծաղիկներով ծածկված: Մերսողը հիացել է տեսարանով, շնչել մաքուր օդը, ժպտացել կանաչին, ծաղիկներին, լռությանն ու աշխարհին: Ցանկացել է մի փունջ ձնծաղիկ հավաքել իր սիրելիի համար, սակայն վախեցել է, որ ֆուտբոլիստները, մարզիչները կծաղրեն: Երբ պարապմունքը սկսվել է, ռոմանտիկ մերսողի աչքի առաջ ձնծաղիկները մի քանի րոպեում ցեխ են դարձել: Պատմությունն ավարտվում է այսպես. «Երկու ժամ անց շոգեբաղնիքում մասաժիստը եռանդով մերսում էր ֆուտբոլիստների ոտքերը»:      

Այս ամենի մեջ մեծ նմանություն տեսա իշխանություն-ժողովուրդ փոխհարաբերության առումով: Հաճախ քաղաքացին չի պաշտպանում իր իսկ իրավունքները՝ վախենալով, ինչպես պատմվածքի հերոսը, որ կծաղրեն, կնվաստացնեն, ասենք, երթուղայինի անօրեն թանկացած ուղեվարձը չվճարելու կամ քրտինքով վաստակած աշխատավարձից կենսաթոշակային ֆոնդին պարտադիր մուծելիք գումարը չվճարելու համար…

Մի առակ հիշեցի վագրի ու վագր-ոչխարի մասին

Վագրի ձագն ընկնում է ոչխարների հոտի մեջ, նրանց հետ մեծանում և սկսում բառաչել`չգիտակցելով, որ ինքը վագր է: Օրերից մի օր անտառից եկած վագրը հարձակվում է հոտի վրա: Ոչխարների հետ մեծացած, բառաչել սովորած վագր-ոչխարն էլ է փախչում: Անտառից եկած վագրը զարմանում ու զայրանում է. բռնում է սրա վզից, տանում գետի մոտ, որ վագր-ոչխարն իր արտացոլանքը տեսնի: Վերջապես սա տեսնում է ու հասկանում, որ վագր է, այլ ոչ թե ոչխար և առաջին անգամ կյանքում ահռելի մռնչյուն է արձակում…              

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter