HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու Ադրբեջանը ԵԱՀԿ-ի շրջանակներում չի արծարծում բնապահպանական հարցեր

Շվեյցարիայի Մոնտրո քաղաքում մայիսի 19-22-ը տեղի ունեցած ԵԱՀԿ 22-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումին ընդառաջ երկրորդ նախապատրաստական հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության ԵԱՀԿ և սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ Վահե Գևորգյանը: Բնական աղետների դեմ պայքարը ԵԱՀԿ տարածաշրջանում համագործակցության և անվտանգության ամրապնդման նպատակներով թեմայի շրջանակներում ԵԱՀԿ անդամ-երկրների ներկայացուցիչները հավաքվել էին՝ քննարկելու բնական աղետների, դրանց կառավարման և կանխարգելման խնդիրները: Թեմայի շրջանակներում «Հետքի» հարցերին պատասխանել է Վահե Գևորգյանը:

-Հայաստանը ի՞նչ կարող է սովորել Շվեյցարիայից:

-Հայաստանը, այս միջոցառումներին մասնակցելով, ուսումնասիրում է ԵԱՀԿ երկրների փորձը: Բացի այդ, այս միջոցառումներն այլ նպատակ էլ ունեն՝ փորձի փոխանակում և ընդհանուր մոտեցումների ստեղծում այդ թեմայի վերաբերյալ, որոնք հետագայում կարող են ընդունվել որպես հանձնառություններ նախարարական խորհրդի ընթացքում: Կարծում եմ, որ Շվեյցարիան, լինելով փոքր, լեռնային երկիր, որը չունի ելք դեպի ծով և անդրսահմանային համագործակցության մեջ է իր հարևանների հետ, կարող է լավ փորձառություն տրամադրել Հայաստանին, որոնց ինչ-որ մասը հնարավոր կլինի իրականացնել Հայաստանում: Իրենց փորձն էլ իրենք անընդհատ վերաիմաստավորում են: Եղել են մոտեցումներ, որոնք թվացել են, թե այն ժամանակ կարող էին կանխել բոլոր աղետները, ու դրա համար խիստ ծախսատար աշխատանքներ են կատարվել: Միևնույն ժամանակ եկել է մի շրջան, որ հասկացել են, որ արդյունավետության խնդիր կա, որ բնությունը 100 տոկոսով վերահսկել և կանխել բոլոր բնական աղետները հնարավոր չէ, և դրա համար պետք է հաստատել առաջնահերթություններ: Մեծ աղետները, որոնք հնարավոր է կանխել, պետք է կանխել, իսկ նրանք, որոնք մեծ վտանգ չեն ներկայացնում, արդեն որոշակի ռիսկերի հնարավորություններ ընդունվում են և աշխատանքներ են տարվում, որ եթե աղետ լինի, ինչպես հետևանքները մեղմացնել: Կարծում եմ, որ Շվեյցարիայի հետ համագործակցությունն արդյունավետ է, քանի որ նաև Շեյցարիան է շահագրգռված բնական աղետների թեմայով միջազգային համագործակցությամբ: Ինձ թվում է՝ ամենակարևոր տարրերը, որոնք Հայաստանի համար կարող են օգտակար լինել, բնապահպանական լավ կառավարումն է, արտակարգի իրավիճակների պատասխանը թե́ կոնցեպտների, թե́ քաղաքականության և թե́ կոնկրետ տեխնիկական միջոցների ուսումնասիրման միջոցով:

-Կոնֆերանսի ընթացքում աղետների դեմ պայքարում մշտապես շեշտվում էր կանխարգելումը: Բայց որոշ երկրներ, այդ թվում և Հայաստանը, սահմանափակ ռեսուրսներ ունեն: Նյութական աջակցության տեսակետից ԵԱՀԿ-ն ի՞նչ մեխանիզմներ է առաջարկում:

-ԵԱՀԿ-ն խիստ սահմանափակ բյուջե ունեցող կազմակերպություն է, զարգացման գործակալություն չէ, որ միջոցներ տրամադրի բնական աղետներից պաշտպանվելու համալիր ծրագիր իրականացնելու համար: ԵԱՀԿ-ն ավելի շատ հանդես է գալիս լավ փորձառությունների, միջազգային այլ կազմակերպությունների և հյուրընկալ երկրի կառավարության գերատեսչությունների համակարգման ծրագրերով: Այսինքն՝ ԵԱՀԿ-ն ինքը մեծ միջոցներ չի կարող տրամադրել բնական աղետներից պաշտպանվելու և բնական աղետները կանխարգելելու համար, բայց կարող է փորձի փոխանակում տալ, ծրագրեր իրականացնել, որոնք կունենան համակարգող նշանակություն, կարող է պատրաստել ծրագրեր, գտնել գործընկերներ, կարող է հանդես գալ համակարգողի, միջնորդի դերում, քան թե միջոցներ տրամադրել:

ԵԱՀԿ-ն այնպիսի կազմակերպություն է, որն ունի հստակ անվտանգության և համագործակցության բաղադրիչ, կարող է ստեղծել պայմաններ, որպեսզի մասնակից երկրների միջև համագործակցության միջոցով երեք հարթություններում (ռազմաքաղաքական, տնտեսա-բնապահպանական և մարդու իրավունքների) որոշ խնդիրներ լուծվեն: Յուրաքանչյուր տարի նախագահությունն ընտրում է որոշ առաջնահերթություններ, այս տարի շվեյցարական նախագահությունն ընդունել է բնական աղետների դեմ պայքարը:

-Ինչո՞վ էր դա պայմանավորված:

-Կարծում եմ՝ մի քանի հանգամանքներով: Առաջին հերթին Շվեյցարիան բնական աղետների մեծ փորձառություն ունի և բնական աղետների դեմ պայքարը հետապնդում է ոչ միայն իր երկրի ներսում: Այդ խնդիրը նա կարևորում է նաև միջազգային համագործակցության մեջ` այլ կառույցների և երկկողմ հարաբերություններում: Օրինակ՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ իրենք արդեն որոշ ծրագրեր իրականացրել են՝ ազգային պլատֆորմի ստեղծում և այլն: Երկրորդ՝ ընդհանրապես բնապահպանական և տնտեսական հարթության կարևոր առաքելություններից մեկը համագործակցություն ծավալելն է երկրների միջեւ: Բնական աղետների թեմատիկան ապաքաղաքականացված է, բացի այդ` բնական աղետների թեմատիկան ընդհանուր առմամբ կարող է ձևավորել համագործակցության դրական օրակարգ, նույնիսկ այն պայմաններում, երբ ԵԱՀԿ-ի հիմնական դերակատարների միջև այլ հարցերում գոյություն ունեն հակասություններ: Կարծում եմ, որ երկրորդ պատճառը, որ շվեյցարական նախագահությունն այս խնդիրն է առաջ մղում, հենց դա է, որ թեման ապաքաղաքականացված և համագործակցության ավելի լայն հարթակ տրամադրող է:

-Այս համատեքստում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում որևէ փոփոխություն եղե՞լ է վերջին տարիների ընթացքում:

-Ադրբեջանը ընդհանրապես հրաժարվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ ԵԱՀԿ-ի որևէ հարթությունում համագործակցելուց: Ադրբեջանը միակ երկիրն է ԵԱՀԿ-ում, որը հանդես է գալիս ոչ քաղաքական հարթակներում համագործակցության դեմ: 2011թ. լիտվական նախագահությունն առաջարկեց տնտեսական և բնապահպանական հարթությունում վստահության կառուցման միջոցառումների վերաբերյալ որոշման նախագիծ, որի ընդունման պարագայում կազմակերպությունը հնարավորություն կունենար հակամարտող գոտիներում և հակամարտող կողմերի միջև իրականացնել համագործակցություն տնտեսական կամ բնապահպանական ուղղվածությամբ, սակայն Ադրբեջանը միակ երկիրն էր, որ ընդդիմացավ: Քանի որ ԵԱՀԿ-ն կոնսենսուս սկզբունքով է աշխատում, Ադրբեջանի դիրքորոշման պատճառով հնարավոր չեղավ այդ որոշումը կայացնել: Ներկայումս նույնպես, թեև Ադրբեջանը փորձում է հնարավորինս իր ժխտողական դիրքորոշումը չբացահայտել, բայց նույն հանդիպումների ընթացքում, երբ տնտեսական և բնապահպանական հարթությունում նորից առաջ է գալիս վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու հարցը ընդհանուր կազմակերպությունում: Ադրբեջանը մշտապես քաղաքականացնում է թեման: Այդ նպատակով, որպեսզի այս հարթության հնարավորությունները չօգտագործվեն, Ադրբեջանը հենց սկզբից տնտեսական և բնապահպանական մեջ բերում է թեմաներ, որոնք ԵԱՀԿ-ի իրավասությունից դուրս են և փորձում է դրանով հնարավորինս խոչընդոտել կազմակերպությունում դրական օրակարգի հաստատմանը: Օրինակ՝ բերում է միջուկային էներգետիկայի խնդիրները, որոնք ԵԱՀԿ-ի օրակարգում երբևէ չեն եղել: Ադրբեջանը հենց սկզբից ԵԱՀԿ երկրորդ հարթությունում հանդես է գալիս վստահության ամրապնդման որևիցե միջոցառման իրականացման դեմ: Պետք է ասել, որ ԵԱՀԿ-ի գրեթե բոլոր մասնակից երկրները հանդես են գալիս նման հարթակ ձևավորելու նախաձեռնությամբ, հատկապես Եվրոպական միությունը, և Հայաստանն աջակցում է ԵՄ-ի կամ այլ դերակատարների առաջարկներին այս ուղղությամբ: Կոնկրետ ծրագրերի մասին չէ խոսքը, նախ կազմակերպությունը պետք է ընդունի ընդհանուր հանձնառություններ, և եթե մենք ընդունում ենք այդ հանձնառությունը, դա վերաբերում է 57 երկրի: Բայց գործընթացը Ադրբեջանի կողմից խոչընդոտվում է հենց սկզբից՝ թեմատիկ մակարդակում: Փաստորեն, Ադրբեջանը իր դիրքորոշման պատճառով թույլ չի տալիս, որ կազմակերպությունը ընդհանուր թեմատիկ որոշումներ ընդունի այս ուղղությամբ: Այսինքն՝ Ադրբեջանը կարող է թույլ տալ, որ կազմակերպությունը որոշակի գործիքներ ստեղծի, հանձնառություններ ստանձնի և հետո կոնկրետ քայլեր ձեռնարկի ԼՂ-ի և Ադրբեջանի կամ Հայաստանի և Ադրբեջանի ծրագրի իրականացման դեմ, բայց Ադրբեջանը հենց սկզբից դեմ է թեմատիկ զարգացմանը:

-Ըստ Ձեզ, ինչո՞ւ է Ադրբեջանը դրան դեմ:

-Ադրբեջանը բոլոր հարթակներում փորձում է ցույց տալ, որ իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում չի փոխվել, որ Ադրբեջանը սեփական սցենարից դուրս որևիցե այլ միջոցառման իրականացում չի ընդունում: ԵԱՀԿ-ում Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է դեմ դուրս գալ իր ազգային սեփական ընկալումներից դուրս գտնվող ծրագրին, բանաձևին կամ որոշմանը:  

-Բայց հակահրդեհային ծրագիր է իրականացվել Արցախի անտառներում:

-2006թ. Ադրբեջանը մեծ աղմուկ բարձրացրեց՝ իբրև թե Լեռնային Ղարաբաղից այրվում են դաշտեր, և կրակը գնում է դեպի Ադրբեջան: Արդյունքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց համապատասխան որոշում: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կառուցողականություն ցուցաբերեցին և ասացին՝ խնդրեմ, համեցեք, տեսեք, որ եթե նույնիսկ կրակներ բռնկվում են, ապա դրանք մարդածին չեն: ԵԱՀԿ-ի տնտեսական և բնապահպանական հարցերի համակարգող գրասենյակը ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ կազմակերպեցին փաստահավաք խումբ, որն այցելեց ԼՂ և վերջում հանդես եկավ զեկուցմամբ, որտեղ հստակ մատնանշեց, որ այդ հրդեհները մարդածին չեն և պայմանավորված են բնական ցիկլով: Առաջարկներ արվեց, թե ինչպես կարող են կողմերը պայքարել դրա դեմ և տվեց համագործակցության կոնկրետ միջոցառումների ցանկ. նախ պետք էր ստեղծել տեղական համայնքների մակարդակով կարողություններ, որոնք կկանխարգելեն հրդեհների առաջացումը, իսկ առաջացման դեպքում՝ կմեղմացնեն հետևանքները: Ադրբեջանը չընդունեց այդ առաջարկները և ընդհանրապես հրդեհների թեման ԵԱՀԿ-ում մոռացավ: Բոլոր քննարկումների ժամանակ մենք հանդես ենք գալիս բոլոր միջոցառումների իրականացման օգտին: Ադրբեջանը փորձում է հնարավորինս չնկատել այդ առաջարկները, իսկ երբ ստիպված է դիրքորոշում հայտնել, ապա խնդրի ոչ քաղաքական կոնտեքստից դուրս է գալիս և սկսում է տալ ԼՂ խնդրի լուծման իր քաղաքական տեսակետը, որը չի վերաբերում այս խնդրին և զուտ Ադրբեջանի ցանկություն է`չիրականացված 25 տարվա ընթացքում: Արդյունքում ԵԱՀԿ-ն ստիպված էր այդ առաջարկներն իրականացնել առանձին-առանձին Հայաստանում և Ադրբեջանում համատեղ գործիքի՝ «Շրջակա միջավայր և անվտանգություն» նախաձեռնության (ENVSEC) միջոցով: ԼՂ-ում փաստահավաք խմբի առաքելությունը ԵԱՀԿ-ում նշվում է որպես լավագույն փորձ: Փաստահավաք առաքելությունը հնարավորություն տվեց, որպեսզի կողմերը ոչ թե մեղադրեն միմյանց, այլ չեզոք ձեւով գան և տեսնեն` որոնք են իրական բնապահպանական խնդիրները և ինչպես կարելի է լուծել դրանք: Եթե այդ առաջարկներն իրականացվեին, ապա դրանք խիստ ապաքաղաքական էին, չէին հանգեցնելու բանակցային գործընթացին որևէ միջամտության: Բայց քանի որ Ադրբեջանի համար այդ խնդիրը հետաքրքիր էր այնքանով, որքանով իրենք կարող էին մեղադրել, իրենց հետաքրքրությունը միանգամից վերացավ: Քանի որ ԵԱՀԿ-ն կարող է բնապահպանական խնդիրներ լուծել առանց բանակցային գործընթացների մեջ մտնելու, ապա Ադրբեջանը ԵԱՀԿ-ի շրջանակներում հնարավորինս չի բարձրացնում բնապահպանական հարցեր, բայց ուրիշ հարթակներում բարձրացնում է: Օրինակ՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ անհիմն մեղադրանքները բարձրացնում է Եվրոպայի խորհրդի շրջանակներում: Մինչդեռ ԵԱՀԿ-ն ունի մեխանիզմներ և փորձառություն` հակամարտության գոտում բնապահպանական խնդիրները լուծելու, և ԵԱՀԿ-ում գոյություն ունի վստահության ամրապնդման միջոցառումների մշակված գործիքներ: Քանի որ ԵԱՀԿ-ում հնարավոր չէ զուտ մեղադրանքների լեզվով խոսել, որովհետև կազմակերպությունն ունի փորձագիտություն, այդ պատճառով Ադրբեջանը խուսափում է նման հարց բարձրացնել:

-ԵԱՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի համար ամենակարևոր ձեռքբերումները որո՞նք են:

Ծավալուն հարց է և միշտ դժվար է առաջնայությունները հաստատել: Ընդհանուր, երբ խոսում ենք կազմակերպության մասին, ամենակարևորն այն է, որ Հայաստանը մի կազմակերպության անդամ է, որը տրամադրում է մշտական երկխոսության պլատֆորմ: Եթե դու այս մեծ տարածաշրջանի մաս ես և երեք հարթություններում ունես ընդհանուր խնդիրներ, ապա ԵԱՀԿ-ն մշտական երկխոսության հնարավորություն է տալիս: Ամեն շաբաթ գումարվում է ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստ, որի ընթացքում կարծիքներ են փոխանակվում ԵԱՀԿ տարածաշրջանի կարևոր քաղաքական, ռազմական, մարդու իրավունքների խնդիրների շուրջ: Այսինքն՝ լինել ԵԱՀԿ-ում և մասնակցել այդ երկխոսությանը, ինքնին խիստ կարևոր է և երկրի դիրքորոշումները ներկայացնելու լավագույն հարթակն է: Մնացած միջազգային կազմակերպություններում երկխոսությունն ընթանում է հստակ օրակարգային թեմատիկ խնդիրների շուրջ: ԵԱՀԿ-ն այդ տեսակետից եզակի տարածաշրջանային կազմակերպությունն է, որտեղ օրակարգը կարող են կազմել հենց մասնակից երկրները: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ԵԱՀԿ-ն ունի ինստիտուտներ՝ ԺՀՄԻԳ-ը, ԵԱՀԿ-ի ազատ մամուլի հարցերով ներկայացուցիչը և ազգային փոքրամասնությունների հարցերով բարձրագույն հանձնակատարը: Հայաստանը հատկապես ակտիվ համագործակցում է ԺՀՄԻԳ-ի և մամուլի խնդիներով ԵԱՀԿ հանձնակատարի հետ:

-ԺՀՄԻԳ-ի`վերջին նախագահական ընտրությունների փորձառությունն այնքան էլ միանշանակ չգնահատվեց հանրության կողմից: 

-Պետք չէ ԺՀՄԻԳ-ին վերաբերել որպես դատարան, որը կողմ կամ դեմ որոշումներ է կայացնում: Ընտրությունները ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցության մի երկար շղթա են, և այդ գործընթացը շարունակական է: Պետք չէ անհարկի քաղաքականացնել ԺՀՄԻԳ-ի գործոնը և բերել մեկ բաղադրիչի և այդ բաղադրիչի մեջ էլ փորձել տեսնել միայն բացասական շեշտադրումներ: Գոյություն ունեն չափորոշիչներ, որոնց շրջանակներում ընտրությունները դիտարկվում են: Ընդհանուր առմամբ, ԺՀՄԻԳ-ը բազմաթիվ ուղղություններ ունի, և Հայաստանը ԺՀՄԻԳ-ի հետ ակտիվ համագործակցող  երկրներից է: Իհարկե, ԺՀՄԻԳ-ի գործունեության վերաբերյալ տարբեր կարծիքներ կան հենց ԵԱՀԿ երկրների շրջանակներում: Եվ որոշակի բանավեճ կա՝ ԺՀՄԻԳ-ը պետք է լինի ավելի շատ միջկառավարակա՞ն, թե՞ վերազգային կառույց: Ամեն պարագայում, Հայաստանը սերտորեն համագործակցում է ԺՀՄԻԳ-ի հետ, և դա, կարծում եմ, օգնում է Հայաստանին թե́ մարդու իրավունքների, թե́ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման առումով: Երկրորդ ինստիտուտը մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչն է: Կարող եմ ասել, որ թե́ Հայաստանի կառավարությունը, թե́ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը սերտորեն համագործակցում են այդ գրասենյակի հետ, և այդ համագործակցության հաջողությունները խիստ տեսանելի են թե՛ սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ, թե՛ դատարանների կողմից այդ որոշման կիրառության հարցում: Եթե նայեք զեկույցները, Հայաստանը մեծ առաջընթաց է ապրել կոնկրետ ազատ մամուլի հարցում՝ ըստ ազատ մամուլի ներկայացուցչի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter