HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայդանի հերթական հաղթանակը

Էդգար Վարդանյան

Ուկրաինայում կայացան արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք ըստ միջազգային դիտորդների եղել են ազատ, արդար եւ թափանցիկ։ Ըստ նախնական արդյունքների հենց առաջին փուլով նախագահ է ընտրվել «Մայդանի» ներկայացուցիչներից մեկը, միլիարդատեր, ազատական հայացքներ ունեցող, փորձառու քաղաքական գործիչ Պյոտր Պորոշենկոն։ Երկրորդ տեղում է  «նարնջագույն հեղափոխության» խորհրդանիշներից մեկը, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, երրորդում նույնպես «մայդանցի» է՝ էպատաժային Օլեգ Լյաշկոն։  

Այսինքն «Մայդանը», այն է՝ դեմոկրատական փոփոխությունների, եվրոպական ուղու համար պայքարող հանրությունը մեծ առավելությամբ եւս մեկ անգամ հաղթեց Ուկրաինայում։ Հարկ է նշել, որ ուկրաինական քաղաքական ճգնաժամի ողջ ընթացքում «Մայդանի» քննադատները մշտապես նշում էին, որ հրապարակ դուրս եկած թեկուզ եւ մի քանի տասնյակ հազար մարդիկ ուկրաինական ժողովուրդը չեն, հայտարարվում էր, որ մայդանցիները ընդամենը մի խումբ ֆաշիստներ են, որոնք պետական հեղաշրջում իրականացրեցին։

Արտահերթ նախագահական ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ ուկրաինացիների մեծամասնությունը կիսում էր եւ կիսում է Մայդանի գաղափարները։ Դրա մասին են վկայում՝ մասնակցության բավականին բարձր ցուցանիշը( մոտ 60 %), այն, որ ընտրողների մոտ 85 տոկոսը քվեարկել է Մայդանի գաղափարները պաշտպանող թեկնածուների օգտին եւ հատկապես այն հանգամանքը, որ, ի տարբերություն նախկին ընտրությունների, ուկրաինացի ժողովուրդը միասնական է եղել իր դեմոկրատական ապագայի ընտրության մեջ՝ քվեարկության արդյունքները ըստ տարբեր շրջանների էապես չեն տարբերվում, բոլորում, թեեւ արեւելյաններում ավելի քիչ տոկոսներով, առաջին տեղում է Պյոտր Պորոշենկոն։

Իսկ Մայդանի գաղափարները որեւէ աղերս չունեն ֆաշիզմի հետ։ Դա ակնհայտ էր երեկ եւ պարզ երեւում է այսօր՝ նախագահ դարձած Պորոշենկոյի նախընտրական ծրագիրը, ինչպես եւ ծանրակշիռ ձայներ ստացած մյուս թեկնածուների քաղաքական մոտեցումները միտված են դեմոկրատական, իրավական, ազատական պետության կայացմանը։

Ռուսական պրոպագանդայի «հերոս», «Պրավիյ սեկտորի» առաջնորդ, ազգայնական Դմիտրի Յարոշը, որի գաղափարները մոտ են, օրինակ, ֆրանսիական Ազգային ճակատի առաջնորդ, Պուտինին սատարող, ուլտրաաջ Մարին Լե Պենի հայացքներին, մեկ տոկոս էլ չի կարողացել ստանալ, մինչդեռ ռուսական քարոչամեքենան մշտապես նշում էր, որ հենց Յարոշն է այսօր Ուկրաինայի տեր-տիրականը։ Ընտրությունները ցույց տվեցին, որ ոչ միայն ֆաշիզմը, այլեւ ռադիկալ ազգայնականությունը մերժելի է ուկրաինացի ժողովորդի բացարձակ մեծամասնության համար։ Ի դեպ, նույն Ռուսաստանում, օրինակ, ծայրահեղ աջ գաղափարների տեր Վլադիմիր Ժիրինովսկու կուսակցությունը 56 պատգամավորներով ներկայացված է երկրի օրենսդիր մարմնում՝ Դումայում։

Հարկ է նշել, որ Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրություններն առանձնանում են նաեւ նրանով, որ հաղթողի մրցակիցները, այդ թվում Մայդանի հակառակորդ, դեռ վերջերս Յանուկովիչի կողմից ղեկավարվող Ռեգիոնների կուսակցության թեկնածու Ա. Դոբկինը, որն, ի դեպ, ստանում է ձայների ընդամենը մոտ 3 %, ընդունել են ընտրությունների արդյունքները։

Այսինքն, ընտրությունները ցույց տվեցին, որ Ուկրաինան հանձնեց ժողովրդավարական պետություն դառնալու հերթական քննությունը՝ բոլորը ընդնունում են, որ ընտրությունները եղել են արդար, ազատ եւ թափանցիկ, այսինքն, ժողովուրդը ազատ իրացրել է իր իշխանությունը, իր կամքը։

Արտահերթ նախագահական ընտրությունները գրեթե տեղի չունեցան Ուկրաինայի այն տարածքներում, որոնք մեծամասամբ գտնվում են պրոռուսական սեպարատիստների վերահսկողության տակ, դրանք են՝ Լուգանսկի եւ Դոնեցկի շրջանները։ Այն հանգամանքը, որ այլ, մեծամասամբ ռուսալեզու բնակչություն ունեցող շրջաններում, որոնք, սակայն, չեն վերահսկվում պրոռուսական ուժերի կողմից, ընտրությունների արդյունքում առաջին տեղում է Պյոտր Պորոշենկոն, թույլ է տալիս առնվազն չբացառել այն, որ եթե այս շրջաններում նույնպես ընտրությունները տեղի ունենային, ապա այստեղ եւս կարող էր գրանցվել նույն արդյունքը։

Հարկ է նշել, որ Կրեմլը արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է ընտրությունների հաղթող Պորոշենկոյի հետ երկխոսության։ Փաստորեն «Մայդանի» հաղթանակը դեռեւս որոշակի զգուշությամբ դե ֆակտո ճանաչվել է պաշտոնական Մոսկվայի կողմից։ Կարծես թե, ամեն ինչ գնում է նրան, որ Ուկրաինան, առնվազն ժամանակաորապես որոշակի տարածք կորցնելով եւ որոշ շրջանների ինքնավարություն տալով, դառնա Կրեմլից անկախ եւ դեպի Արեւմուտք կողմնորոշված դեմոկրատական պետություն։

Հ.Գ. Շատերը նշում են, որ Մայդանը հանգեցրեց նրան, որ Ուկրաինան տարածքներ կորցրեց։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ մինչեւ Մայդանի հաղթանակը Կիեւը կախված էր Մոսկվայից, իսկ ժողովուրդն էլ փաստացի զրկվել էր իր իշխանությունից, ապա ճիշտ կլինի ասել, որ Մայդանի հաղթանակը ուկրաինացի ժողովրդին վերադարձրեց իր իշխանությունը, պետությունը դարձավ սուվերեն, սակայն ժողովուրդը չկարողացավ ազատագրել ողջ երկիրը, բայց ազատագրեց նրա մեծ մասը։ 

Մեկնաբանություններ (1)

Վ. Ա.
Ընտրությունները ցույց տվեցին, որ ՈՒկրաինան շատ շուտով մաս է կազմելու փլուզված Խորհրդային պետության փոխարեն ,,Մեծ Բաբելոնի,, կրկնորինակը դաառնալուն ձգտող, արտաքնապես դեմոկրատական համարվող, սակայն իրականում որոշակի ուժերի հսկողության տակ գտնվող գերպետության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter