
Մասիս Մայիլյան. «Մոտակա ամիսներին ղարաբաղյան հակամարտության հարցը երկրորդ պլան կմղվի»
Աղդամի շրջանում արդբեջանցիների կողմից պատի կառուցումը, ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի խոսքով, նախատեսված է խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար:
«Եթե Ադրբեջանն, իրոք, ուզում է պաշտպանել թե սահմանամերձ գյուղերում ապրող խաղաղ բնակչությանը, թե առաջին գծում ծառայող զինվորականներին, ամենաճիշտն ու ամենաէժանը ադրբեջանական կողմից դիպուկահարների' պատերազմից հրաժարվելն է և 1994թ. մայիսին ստորագրված զինադադարի մասին համաձայնագրին հետևելը: Պատի շինությունը խոսում է նաև այն մասին, որ Արդբեջանը չի պատրաստվում հրաժարվել «ռազմական դիվանագիտությունից» և երևի կշարունակի խախտել հրադադարի ռեժիմը: Իսկ հասկանալով, որ ԼՂՀ ՊԲ-ն համապատասխան հակահարված կտա, դրանով փորձում են պաշտպանել մարդկանց անվտանգությունը»,-համոզված է Մ.Մայիլյանը:
Խոսելով վերջերս Ալի Հասանովի հնչեցրած հայտարարության մասին՝ Մ.Մայիլյանն ասաց, որ լրատվական դաշտում և միջազգային հանրությունում ստեղծվել է մի կարծիք, որ իբր ստատուս-քվոն ձեռնտու է հայկական կողմին:
«Իրականում ստատուս-քվոն ձեռնտու չէ հենց Արցախին, որովհետև այս իրավիճակը խոչընդոտում է Արցախի արագ զարգանալուն: Ստատուս-քվոյի փոփոխման մեջ ավելի շատ շահագրգռված են Արցախի հանրապետությունը և Արցախի ժողովուրդը»,- ասում է Մ.Մայիլյանը՝ հավելելով, որ հարց է, թե ինչպես պետք է փոփոխվի ստատուս-քվոն:
Բանն այն է, որ Ադրբեջանն այդ հաշվով ունի իր պատկերացումները, Արցախը՝ իր:
«Ստատուս-քվոյի փոփոխման մի տարբերակ էլ միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչումն է: Եթե Ալի Հասանովը դա նկատի ուներ, ապա ողջունելի է: Իսկ եթե ստատուս-քվոն պետք է փոխվի բացասական ուղղությամբ, որը կուղեկցվի ուժի կիրառմամբ, այդ դեպքում նախընտրելի է պահպանել այն, ինչ կա»,- ասում է Մ.Մայիլյանը:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցի լուծման մոտակա տեսլականին, ապա, Մ.Մայիլյանի կարծիքով, տարածաշրջանը կամաց-կամաց մտնում է նախընտրական շրջան:
«Երեք հակամարտող երկրների (Հայաստան, Արցախ և Ադրբեջան) և համանախագահող երեք պետությունների (ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիա) 6 խաղացողներից 5-ի տարածքում մոտ ամսիներին լինելու են նախընտրական կամ ընտրական գործընթացներ: Ելնելով իրավիճակից՝ ինձ թվում է, որ մոտակա ամսիներին ղարաբաղյան հակամարտության հարցը երկրորդ պլան կմղվի»,- ասաց Մ.Մայիլյանը:
Մեկնաբանել