
Մանվել Գրիգորյան. «Դե լավ էլի, հացի խնդիր ոչ մեկն էլ չունեն, ամոթ է...»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը հավատացած է, որ մարդիկ Հայաստանից արտագաղթում են վստահության պակասի պատճառով: Գեներալը կարծում է, որ վստահության պակասը ոչ թե իշխանությունների, այլ հենց իրենց նկատմամբ է:
Այսօր լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանն ասաց, թե հայի համար ամենամեծ խնդիրը արտագաղթն է: «Այ, գաղթականությունը կա, որը որ շատ վատ բան ա, դրա դեմ ոչ մի ձև չի լինի պայքարել: Որ մարդիկ գնում են՝ գնում են, պետք է նենց անել, որ հետ գան, ոչ թե մոստերը վառելով, դրանց հիասթափեցնելով... Պետք է այնպես անել, որ վերադառնան: Ընդհանրապես մեր ազգը, ժողովուրդ ջան, միշտ էլ, Սովետական Միության ժամանակ էլ, գնացել են դրսերը աշխատելու, գումարներ են բերել: Մեր տարածաշրջանների 90 տոկոսը, էն սարերի-բաների ապրողները, խոպանչի են եղել, էսօր էլ է տենց»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե մարդիկ արտագաղթում են անվերադարձ, Մանվել Գրիգորյանը համաձայնեց. «Այո, նման բան կա, շատ վատ բան է դա, պիտի նենց անենք, որ հետ գան, լավացնենք, որ հետ գան, վստահության խնդիր կա այստեղ, գիտեք...»: Հարցին, թե վստահության ի՞նչ խնդիր է, ո՞ւմ հանդեպ, Մ. Գրիգորյանն արձագանքեց այսպես. «Իրանց հանդեպ»:
Թե արդյոք իշխանությունների հանդեպ վստահության բացակայության պատճառով չէ, որ մարդիկ հեռանում են, գեներալը համաձայն չէ: «Իշխանությունները էսօր կան, վաղը չկան, դուք մտածում եք, որ պապական պիտի մնա՞ն: Ամեն մեկն ամենաշատը 10 տարի չի՞ ղեկավարում. 10 տարի հետո պիտի փոխվեն»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ինքը հիասթափված չէ իշխանություններից: «Դե, նայած մարդ, ես որ ոչ մեկից հիասթափված չեմ, եթե հայ ա, հիասթափված չեմ: Թե դուք ումից եք հիասթափված, ես չեմ իմանում»,- հավելեց գեներալ-պատգամավորը:
«Հետքի» դիտարկմանը, թե շարքային քաղաքացին է հիասթափված, որովհետև սոցիալական խնդիրները ծանրացած են մարդկանց առաջ, հացի խնդիր կա, Մանվել Գրիգորյանը չհամաձայնեց՝ նշելով որ օրինակ էջմիածնեցին, ում ուղեկացությամբ էր ինքը եկել Սարդարապատ, «վաբշե գոհ ա ու լավ ա իրան զգում»:
«Կարող ա դուք ձեզի լավ չեք զգում, ձեր տանը, ձեր փողոցում, բայց էջմիածնեցին լավ ա զգում: Ժողովուրդն իրա քաղաքում անկախ ապրում ա, ոչ թե թուրքի լծի տակ ա, եղա՞վ... Անկախ ժողովուրդ են, ապրում են: Հա, սոցիալական խնդիրները խի՞ չեն ծանրացնում: Բա որ վատ լինի, հեն ա վատ ա: Որ լավ ա լինում, լավ ա լինում, էդքանը հասկանում եք, չէ՞... Դե լավ էլի, հացի խնդիր ոչ մեկն էլ չունեն, ամոթ է, էդքան մի մեր ազգին... Չունեն: Դե հիմի թվերով որ խոսանք, շատ բան կխոսանք»,- նշեց ՀՀԿ պատգամավորը:
Մեկնաբանել