HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Տերյանի եղբոր երկերի ժողովածուն պատրաստ է տպագրության համար

Պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանի իրականացրած երկարատև պրպտողական աշխատանքներից հետո պատրաստ է տպագրության հայ անվանի գյուղագիր, մտավորական, ուսուցիչ, քահանա Ղազարոս Տեր-Գրիգորյանի (առավել հայտնի է Ջավախեցի անվամբ) երկերի ստվարածավալ ժողովածուն:

«Ջավախեցին հայ մեծատաղանդ բանաստեղծ Վահան Տերյանի ավագ եղբայրն է: Գիրքը նվիրված է Ջավախեցու (1874-1937) ծննդյան 140 ամյակին և ներկայացնում է նրա կողմից տարբեր տարիներին տպագրված հոդվածները, գիրք-գրքույկները, նամակները, հեռագրերն ու թղթակցությունները, առանձին բաժնով զետեղված են նրա կողմից կատարված թարգմանությունները:

Նյութերը հիմնականում առնչվում են 19-րդ դարավերջի և 20-րդ դ. սկզբներին հայ գյուղացիությանը (Ջավախքի գյուղացիության օրինակով), եկեղեցական-քահանայական խնդիրներին, կրթական, լուսավորչական, ուսուցչական ոլորտի հարցերին, տիրող ցարական կարգերին: Գրքում ներկայացված են հեղինակի՝ Ջավախքի Գանձա գյուղում անցկացրած մանկության քաղցր օրերի, ներսիսյանական տարիների, Ջավախքում ուսուցչության տարիների, Ռուսաստանի Կուրսկի նահանգի աքսորավայրի Ջավախեցու հուշերը (նաև Վահան Տերյանին առնչվող), հյուսիսկովկասյան Մոզդոկ քաղաքի, Ուզբեկստանի հայ համայնքի խնդիրներին (այս վայրերում Ջավախեցին զբաղվել է ուսուցչությամբ) առնչվող նյութերը, Թիֆլիսում և Ուզբեկստանում ՀՅԴ կառույցների գործունեությունը լուսաբանող որոշ դրվագներ (Ջավախեցին հայացքներով հարել է նշյալ քաղաքական ուժին): Գրքում մեծ արժեք են ներկայացնում հատկապես Ջավախեցու և Հ. Թումանյանի հարաբերությունները ներկայացնող նյութերը, ամենայն հայոց բանաստեղծի հետ Ջավախեցու առաջին ծանոթությունից մինչև 1901 թ. օգոստոսին Հ. Թումանյանին դեպի Գանձա և Փարվանա ուղեկցելը (ավելորդ չենք համարում նշելու, որ «Փարվանա» բալլադի նախերգանքը Հ. Թումանյանը գրել է հենց այդ օրը՝ Փարվանայի ափից վերադառնալուց հետո և արտասանել սեղանի շուրջ բոլորած գանձացիների առջև):

Երկարատև պրպտումների արդյունքում գրքում զետեղել ենք Ջավախեցու գրեթե ողջ գրական, հրապարակախոսական և թարգմանական ժառանգությունը. անգամ փոքրիկ ակնարկը, հեռագիրը կամ հատվածը, որտեղ ներկայացված է Ջավախեցին, աշխատել ենք բաց չթողնել: Այդ նպատակով ուսումնասիրել ենք ժամանակի շուրջ մի քանի տասնյակ անուն թերթեր ու հանդեսներ, թերթել յուրաքանչյուր անուն մամուլի բավականին ընդարձակ ժամանակահատվածներ: Գրադարանների անձեռնմխելի ֆոնդերից և Գրականության և արվեստի թանգարանից (ԳԱԹ) հայտնաբերել ենք Ջավախեցու բոլոր գիրք-գրքույկները, որոնք բոլորը, իրենց վերահրատարակությունների, խմբագրված տարբերակներով հանդերձ, ներառվել են գրքում, որը կազմելիս խորհրդակցել ենք նաև ոլորտի մասնագետ-բանասերների հետ: Հետևաբար՝ գիրքը Ջավախեցու երկերի առաջին ամբողջական ժողովածուն է: Բավականին ընդարձակ առաջաբանում մենք ներկայացրել ենք Ջավախեցու կյանքը և ստեղծագործական գործունեությունը:

Արժեքավոր այս գիրքը օգտակար կարող է լինել հայ գյուղագրությամբ հետաքրքրվողների, տերյանագիտությամբ զբաղվողների, Ջավախքի անցյալի խնդիրներով շահագրգիռ շրջանակների, սփյուռքի գաղթօջախների հանդեպ ուշադրություն դրսևորողների, ինչպես նաև ընթերցասեր հասարակության համար: Գրքի բնագրերի համակարգչային մուտքագրման, բնագրերի հետ համեմատական աշխատանքների, սրբագրման և այլ ծախսերը, որոնք կազմում են շուրջ 1 մլն դրամ, ժամանակի ընթացքում հատկացվել են: Ներկայումս պահանջվում են զուտ տպագրման ծախսերը, որոնց վերաբերյալ նախահաշիվը կցվում է ներքևում: Բարերարների անունները, ի նշան երախտիքի, կարտացոլվեն գրքում: Կանխավ շնորհակալ ենք՝ այս հայտարարությունը տարածելու և սույն գրքի հրատարակմանն աջակցելու մասին մեր առաջարկին արձագանելու համար»,- գրում է Վահե Սարգսյանը:

Տպագրմանն աջակցել ցանկացողները կարող են գրել մեր այս էլ. հասցեին կամ զանգահարել մեզ՝ + 374 98 23 03 76 հեռախոսահամարով:

Վահե Սարգսյան

պ.գ.թ., «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter