
ԱԳ փոխնախարարը հերքում է, որ Բելառուսն ու Ղազախստանը չեն ցանկանում Հայաստանի անդամակցությունը ՄՄ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում առաջարկով է հանդես եկել, որ Հայաստանը ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը ստորագրի մինչ ընթացիկ տարվա հունիսի 15-ը:
Թե ինչո՞ւ այսօր Հայաստանը չստորագրեց պայմանագիրը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը պատասխանեց, որ Հայաստանն այսօր չէր էլ նախատեսում փաստաթութղ ստորագրել: «Չէր նախատեսվում, որ հենց այսօր պետք է ստորագրվի, այսօր պետք է ճշտվի: Նախագահը կոչ արեց մինչև ամսի 15-ը ստորագրել, սպասում ենք պատասխանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարարը:
Հարցին, թե հաշվի առնելով, որ փաստաթուղթը երկար ժամանակ է՝ չի ստորագրվում, հնարավո՞ր է, որ այն մինչև հունիսի 15-ը չստորագրվի: Փոխնախարարը նշեց. «Չեմ կարող ասել, այսօր պարզ կլինեն զարգացումները: Հանդիպումները, քննարկումները շարունակվում են»: Մանասարյանը շեշտեց նաեւ, որ պայմանագրի ստորագրումը չի հետաձգվում:
Սերգեյ Մանասարյանի խոսքով՝ ճանապարհային քարտեզը պատրաստ է, կան մեկ-երկու չճշտված հարցեր, որոնք կարելի է մեկ-երկու օրում շտկել:
ԱԳ փոխնախարարը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարում, որ Հայաստանի հետ խնդիրներ կան, բայց հավաստիացրեց, թե ընդհանուր տրամադրվածությունը շատ դրական է: Նա հերքեց լուրերը, թե Բելառուսն ու Ղազախստանը չեն ցանկանում, որ Հայաստանն անդամակցի կառույցին:
Լուս.՝ mediamax.am-ից:
Մեկնաբանել